×


Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանի անունը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայսուպերսթար-4» նախագծից, ու թեեւ Գերմանիայից ժամանած մասնակիցը չհաղթեց, բայց տպավորվեց նրա անունն ու կերպարը, ով այժմ իր անհատական կարիերան է սկսում Հայաստանում: Միգուցե Իվետայի մասին իմանայինք դեռ 2007-ին, երբ երեւանյան արձակուրդի ընթացքում ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացել է երգիչ Արամեի հետ ու որոշել են զուգերգ կատարել, բայց… :). «Որպես երգիչ իրեն չէի ճանաչում, սկզբում նույնիսկ բոյի առումով խառնել էի Մկոյի հետ, բայց հետո մտերմացանք, լավ ընկերներ մնացինք, իսկ դուետը չերգեցինք: Հնարավոր է` հետագայում համագործակցենք»:

Իվետան քույրիկի հետ նաեւ շարֆերի հավաքածուներ է ստեղծում


«Հայկական ջերմությունն ինձ շատ էր պակասում Գերմանիայում» Մինչ հայկական երգարվեստի ու իր նպատակների մասին խոսելը, Իվետան պատմեց, թե ինչով էր զբաղվում Գերմանիայում ու ինչու որոշեց վերադառնալ Հայաստան: :) 1992 թվին Իվետայի ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա, որտեղ էլ նա սկսում է դպրոց հաճախել. «Երեւանում մանկապարտեզ եմ գնացել, լավ հիշում եմ այդ տարիները, մեր բակը, երեխաներին ու հարեւաններին: Առաջին դասարանում գերմաներեն ձեռքով-ոտքով էի խոսում, բայց մամայիս շնորհիվ ես ու քույրս լեզուն շուտ սովորեցինք: Ինքը նեղվում էր, որ մեր դասերը չէր կարողանում բացատրել, կես տարվա ընթացքում լավ տիրապետեց լեզվին, հիմա այնտեղի հարգված թարգմանչուհիներից է»: Այս տարիների ընթացքում Իվետան տարվա մեջ մի քանի շաբաթով եկել է Հայաստան, բայց, ինչպես նշում է. «Տուրիստի կարգավիճակում էի, գալիս էի հանգստանալու, վերադառնում էի: Հիմա ամեն ինչ այլ է. Երեւանում ես ապրում եմ, սովորում ու աշխատում»: 

Վարսահարդարման ու դիմահարդարման հեղինակն Իվետան է


Նա Երեւան տեղափոխվեց Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա ընդունվելու նպատակով. «Ծնողներիս խորհրդով 2009-ի գարնանը վերադարձա, մի քանի ամիս այստեղ պատրաստվեցի ընդունելության քննություններին, հասկացա, որ ուզում եմ Հայաստանում ապրել, երաժշտական կրթություն ստանալ (մինչ այդ Գերմանիայում ընդունվել էի դիզայն-ակադեմիա, բայց կիսատ թողեցի): Հետո էլ մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Հայսուպերսթար-4»-ին: Հայկական ջերմությունն Գերմանիայում ինձ շատ էր պակասում, շրջապատումս հայեր չկային, միայն տանը պարտադիր հայերեն էինք խոսում, որ լեզուն չմոռանանք:)»: Իվետան նշում է` բնավորությամբ «բաց գիրք է», ինչի պատճառով Հայաստանում շատ է տուժել. «Ամեն ինչով մարդկանց հետ կիսվում եմ, ամեն ինչ ասում եմ, Հայաստանն այդ առումով ինձ համար կյանքի լավ դաս էր, որ պետք չէ մարդկանց հետ այդքան բաց ու անկեղծ լինել: Ի տարբերություն Գերմանիայի, այստեղ օրենքի փոխարեն ամեն ինչ ծանոթությամբ է լինում, բոլորի համար հավասար ու արդար հնարավորություն չկա, բայց ես եկել եմ լավի համար: Հայաստանում գտա այն ջերմությունը, որ ուրիշ տեղ չեմ տեսել»:

Իվետան բնավորությամբ «բաց գիրք է»


«Ֆոտոնկարահանումների համար խենթանում եմ» :) Ապրելով Հայաստանում` նա աշնանն ու գարնանը պարբերաբար մեկնում է Գերմանիա` մասնակցելու մոդելային ցուցադրությունների ու նորաձեւության շաբաթների: Վաստակած գումարներն էլ ներդնում է երաժշտական գործունեության մեջ.:) «16 տարեկանից սկսեցի մասնակցել մոդելային տարբեր ցուցադրությունների, նաեւ հագուստներ ու աքսեսուարներ եմ պատրաստում: Մոդելի աշխատանքն ինձ համար շատ հաճելի է, իսկ ֆոտոնկարահանումների համար խենթանում եմ»: :) «Համբուրգում քույրիկիս հետ մոդելների խումբ էինք հավաքել, որոնք հիմնականում պարուհիներ էին, յուրահատուկ պարային ցուցադրություններ ու շոուներ էինք բեմադրում: Խմբում ընդգրկել էինք 25 աղջկա, բայց հիմնական կազմում 4 հոգով էինք: Հագուստներն ու ոճը քրոջս` Մարիաննայի հետ էի ընտրում,  որը վարսահարդար-ոճաբան է, հենց նա էլ վարսահարդարումն ու make-up-ն էր անում: Հաճախ մեզ նմանեցնում էին Pussycat Dolls-ին», - նշում է 24-ամյա երգչուհին:  Իվետան քույրիկի հետ նաեւ շարֆերի հավաքածուներ է ստեղծում, ասում է` ձեռքի աշխատանքը Գերմանիայում շատ են գնահատում. «Hand-made հավաքածուն պոպուլյար է, շատ են հետաքրքրվում ու գնում, իսկ Հայաստանի համար այլ բան եմ մտածել::) Երեւի այստեղ ավելի շատ տղամարդկանց հագուստի պակաս կա, քան կանանց: Դեռ երաժշտական գործերով եմ զբաղվում, հետո կանցնեմ դիզայներական գործունեությանս»:

Առաջիկայում երգչուհին պատրաստվում է առաջին տեսահոլովակը նկարահանել


«Ինձ թվում է` ես իմ ոճով ու իմիջով կտարբերվեմ մյուսներից» Հայաստանի փոխարեն Գերմանիայում անհատական կարիերա սկսելն, ըստ նրա, շատ դժվար է. «Այստեղ երգիչներն ու մրցակցությունը քիչ է, իսկ Գերմանիայում քո նման հարյուրավոր երգիչներ կան, քեզանից լավերը կան, մարդիկ նստած չեն սպասում քո ելույթներին: «Հայսուպերսթար»-ի նման բազմաթիվ նախագծեր կան, որոնք վերջանում են, մասնակիցներն էլ կորում ու չեն հիշվում: Շոու-բիզնես մտնելը շատ դժվար է, եթե ճիշտ ժամանակին չես հայտնվում: Հայաստանում հիմք ստեղծելը կօգնի ինձ Եվրոպայում հաջողությունների հասնել: Գերմանիայում հնարավորություն ու կոնտակտներ ունեմ, նորությունների դեպքում գերմանացի ծանոթներս իմ կողքին կլինեն»:

«Հայսուպերսթար-4» նախագծից հայտնի դարձած Իվետա Մուկուչյանը


Թեեւ նա բոլոր երգիչներին անուն-ազգանունով դեռ չի ճանաչում, բայց նկատել է, որ քչերն ունեն իրենց ընդգծված իմիջը, կփորձի իր կերպարով տարբերվել. «Շատ գեղեցիկ արտաքինով, լավ ձայնով երգիչներ կան, բայց երբ սեփական իմիջը չունեն, իրենց սիրունությունը, ճաշակը, տաղանդը չի նկատվում: Ինձ թվում է` ես իմ ոճով ու իմիջով կտարբերվեմ մյուսներից, ինչը շոու-բիզնեսում շատ կարեւոր է»: Իվետան երգելուց բացի նաեւ գերմաներեն ու անգլերեն լեզվով երգեր է գրում, հայ երգիչներից առաջինը Արամեին է նվիրել իր երգը. «Արամեի «Մի քիչ սեր» ալբոմի վերջին երգը` «Խոստանում եմ, որ…», իմ երաժշտությամբ, Վահրամ Պետրոսյանի հայերեն թարգմանած բառերով կա: Հայերեն գրածներս դեռ պատրաստ չեմ ցույց տալ բոլորին, վաղուց գերմանական ստուդիաների հետ համագործակցում եմ, շատ-շատ երգեր ունեմ գրած: Հայ հանդիսատեսին անպայման կներկայացնեմ հեղինակային երգերս, բայց ինձ համար շատ կարեւոր է, որ ինձ տեսնեն որակով երգ երգելիս, քան շատ քանակությամբ կլիպներ ու երգեր ունենամ ու անընդհատ ամեն տեղ երեւամ: Իմ սկզբունքներից է` քիչ երեւալ, բայց որակյալ գործ ներկայացնել ու այդպես տպավորվել»: :)

24-ամյա երգչուհի Իվետա Մուկուչյանը


Ինչու՞ «Iva La Diva» :) Iva La Diva-ի անվան պատմության մասին երգչուհին ասաց, որ գերմանացի ընկերուհիներն իրեն հաճախ անվանել են Իվա-Դիվա. «Երբ «Հայսուպերսթար»-ում պետք է ինձ համար բեմական անուն ընտրեի, Հայկ Պետրոսյանին հարցրեցի` Իվա-Դիվա անունը լա՞վ է հնչում, նա ֆրանսիական շունչ ավելացրեց ու ասաց` Iva La Diva: «Դիվա» անունը պարտավորեցնող, գլամուրային է, դեռ այնքան գործ չեմ արել, որ արժանանամ այդ անվանը: Նպատակս է` իմ գործով եւ ուժերով հասնել այդ «կոչմանը»: Ինքնուրույն եմ առաջ գնում ու իմ աշխատած գումարով էլ լուծում եմ ֆինանսական հարցերը»: Առաջիկայում երգչուհին պատրաստվում է առաջին տեսահոլովակը նկարահանել, հետո նաեւ իր երգերի ձայնասկավառակը թողարկել. «Մտածում էի` առաջին կլիպս Գերմանիայում մեր պարուհիների հետ նկարել, Հայաստանի համար նորություն կլիներ, բայց առաջինի համար դեռ շուտ է, դա կանեմ ավելի ուշ, առաջինն իմ գրած երգերից մեկի վրա այստեղ կնկարահանենք»:

«Ինձ թվում է` ես իմ ոճով ու իմիջով կտարբերվեմ մյուսներից». Իվետա Մուկուչյան


«Հայաստանում հասցրել եմ սիրահարվել ու հիասթափվել…» Ըստ Իվետայի` սիրելը տաղանդ է. “Պետք է ճիշտ սիրել, շատերը սիրում են էգոիստաբար: Եթե մեկին սիրում ես, ուրեմն սիրում` ինչպիսին որ կա, բայց շատ մարդիկ ուզում են սիրած մարդուն հարմարեցնել իրենց սկզբունքներին: Հարգանքը շատ կարեւոր է, մինչեւ կյանքիդ վերջ սերը չի մնում, կողքինիդ առաջին օրվանից պետք է հարգես ու էգոիստ չլինես: Ես դրա միջով անցել եմ, հենց այնպես չեմ ասում: Հայաստանում հասցրել եմ սիրահարվել ու հիասթափվել… Սիրել եմ մի հայ տղայի, որ իր բոլոր հայկական սովորույթներով ինձ սահմանափակել էր, չէր թողնում երգեմ, իմ նախասիրություններն ու ապրելակերպը իրեն չէին հետաքրքրում: Կարեւորություն չեմ տալիս` հայ է, սփյուռքահայ, թե այլազգի, որովհետեւ չգիտեմ` ով կլինի կողքիս: Կողմ եմ, որ հայը հայի հետ ամուսնանա, սերունդը շարունակվի, բայց առաջին հերթին մարդ իրեն պիտի երջանիկ զգա...»::)

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին