×


Լարա Ֆաբիան

Լարա Ֆաբիան

Երգչուհին հուզեց հայ հանդիսատեսի սրտերը Մարդկանցով լի դահլիճ, կարելի է ասել, ոչ մի ազատ նստելատեղ, բոլորը ոգեւորված սպասում են: Անցնում են րոպեներ, արդեն 19:30 է, հանդիսատեսը սկսում է ծափահարել, եւ բեմ է դուրս գալիս մի նրբաճաշակ եւ նազելի կին` հանրահայտ բելգիացի երգչուհի Լարա Ֆաբիանը: Lara Fabian Նա նախ անգլերեն լեզվով ողջունում է հանդիսատեսին եւ Մարզահամերգային համալիրի դահլիճը վերածում մի աննկարագրելի ռոմանտիկ վայրի, որտեղ 2 ժամ շարունակ կհնչի բարձրաճաշակ դասական շանսոն ոճի երաժշտություն` ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն եւ անգլերեն լեզուներով: Լարա Կրոկետի (սա Լարա Ֆաբիանի իրական անունն է) լիրիկական սոպրանոն արդեն ավելի քան տասը տարի գերում է հազարավոր մարդկանց սրտերն ողջ աշխարհում: Իր ամենահայտնի եւ ամենաերկար կյանք ունեցող երգերն են "The Dream Within", “Immortelle”, “Do you know” “Je t'aime”, “Yeliel (my angel)”, “J'y crois encore”, “Je suis malade“ եւ այլն: Mark Herskovic and Lara Fabian Իրականում կարելի է բավականին երկար թվարկել Լարա Ֆաբիանի բոլոր հայտնի երգերը: Սակայն այսօր առաջին անգամ Հայաստանում հայ հանդիսատեսը կարողացավ վայելել այս երգերը կենդանի կատարմամբ: Եվ այս ամենը՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Ողջ համերգի ընթացքում Լարային նվագակցում էր բարձրակարգ դաշնակահար Մարկ Հերսկովիցը: Լարան բազմիցս հարցազրույցների ընթացքում եւ համերգի ժամանակ նշել է, որ առանց նման երաժիշտների նա երբեք չէր ստանա իր երգերի նմանօրինակ որակը: Իսկապես, դաշնակահարը ու կիթառահարն այնքան զգացմունքային էին մոտենում յուրաքանչյուր ակորդին, որ անգամ հանդիսատեսն էր զգում այդ նուրբ, բայց, միեւնույն ժամանակ, հզոր երաժշտության յուրահատկությունը: Համերգի ընթացքում Լարան ներկայացրեց ավելի քան 15 երգ իր տարբեր ձայնասկավառակներից` «Toutes les femmes en mou», «En toute intime», «Nue» եւ այլն: Lara Fabian Յուրաքանչյուր երգից առաջ այդ կատարման վերաբերյալ նա իր զգացմունքներով էր կիսվում: Կարելի է ասել, նրա բոլոր երգերը սիրո մասին են, իսկ նրա խոսքերով` “Սերն է կյանքի շարժիչ ուժը, յուրաքանչյուր օր մենք պետք է շնորհակալ լինենք, որ ապրում ենք այն եւ տեսնում մեր սիրած մարդկանց, կատարում մեր սիրած աշխատանքը: Մարդը պետք է շնորհակալ լինի իր ամեն ապրած օրվա համար եւ գնահատի յուրաքանչյուր լավ վայրկյանը”: Չնայած Լարա Ֆաբիանը համաշխարհային ճանաչում ունի եւ արդեն 12 ձայնասկավառակ է թողարկել, միեւնույն է` իրեն հռչակավոր երգչուհի չի համարում, ուղղակի ասում է, որ նա “երգահան է, ով նաեւ երգել է կարողանում”: Lara Fabian Իսկ երգչուհու այս հարուստ երաժշտական ճանապարհը մեկնարկել է այսպես` նա ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան:  Արդեն 14 տարեկանում մասնակցել է տարբեր համերգների իր հոր` կիթառահարի հետ: Իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Կանադա ու Մոնրեալում  ձայնագրման ընկերություն հիմնել: 1991 թվականին լույս է տեսնում իր առաջին “Lara Fabian” կոչվող ալբոմը: Այպդես էլ սկսվում է բազմաթիվ ալբոմների, համերգների, մրցույթների հետաքրքիր եւ բարդ ճանապարհը: Լարա Ֆաբիանը իր կարեւորագույն ձեռքբերումն է համարում իր երրորդ՝ "Pure" ձայնասկավառակը, որն էլ իրեն միջազգային աստղ է դարձրել: Ողջ աշխարհում վաճառվել է Լարա Ֆաբիանի ձայնասկավառակների ավելի քան 10 միլիոն օրինակ: Lara Fabian Նշենք նաեւ, որ Ֆաբիանի ելույթները բազմազան համաշխարհային փոփ-աստղերի ելույթներից տարբերվում են պարողների, դեկորացիաների եւ մոդայիկ հանդերձանքների բացակայությամբ: Այս անգամ եւս նա կրում էր խիստ դասական սեւ զգեստ եւ կարճ մորթյա բաճկոն (իսկ բաճկոնը երգչուհուն ոչ միայն գեղեցկացնում էր, այլեւ տաքացնում, քանի որ, չգիտես ինչու, համերգասրահում բավականին ցուրտ էր :): Հիշեցնենք, որ Լարա Ֆաբիանի համերգը կազմակերպվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, կազմակերպիչներն են` “E-productions” և “Bal” ընկերություններ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ Արտաքին կապերի նախարարության և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես մարտի 17-ին կայացած ասուլիսին, այնպես էլ համերգին Լարա Ֆաբիանը նշեց. “Ես անպայման կվերադառնամ քեզ մոտ` Երեւան”: Մեզ մնում է սպասել Լարա Ֆաբիանի նոր համերգին եւ, ինչպես նա է ասում, “գնահատել այն, ինչ այսօրվա օրը տվեց մեզ”: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները՝ Yerevan Productions-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին