×


Լեւոն Լաճիկյան

Լեւոն Լաճիկյան

“Գծանկարներով սիրել եմ տալիս Գյումրին” “Նկարիչն այն մարդն է, ով նկարչի հայացք ունի, թեկուզ չի նկարում: Ինձ համար ամենաերեւելի հայ նկարիչը Ակսել Բակունցն է: Հայացքը ցանկացած գործի մեջ իր արտահայտությունը գտնում է”,- ասում է Լեւոն Լաճիկյանը, ով եւս մինչ վերջերս միայն բառերով էր նկարում, իսկ հենց այս պահին Գորիսում քաղաքն է գծանկարում: Levon Lachikyan Նա մասնագիտությամբ գեղագետ է, գրականագետ, լեզվաբան: Նշում է`  խորապես ուսումնասիրել է հայ միջնադարյան գեղագիտությունը, բայց չցանկացավ պատմությունը դարձնել իր հետաքրքրությունների միակ առարկան: “Մենք դժվարին պահեր էինք ապրում, որոշեցի նետվել մշակութային հորձանուտը, անլույս տարիները իմաստավորել` գրելով. 1992-94 թվականներին  “Ազգ” օրաթերթի մշակութային էջի պատասխանատուն էի: 2004 թվականին այդ հոդվածները “Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ” առանձին հատորով լույս տեսան”,- իր երեսնամյա ստեղծագործական կյանքը բոլոր մանրամասներով Bravo.am-ին ներկայացրեց Լեւոն Լաճիկյանը: Մութ ու փայլուն 90-ականները Գեղագետը 90-ականներից միայն մութ ու ցուրտ օրերը չի, որ հիշում է. “Կարող եմ հավաստել, որ հետանկախության շրջանում Հայաստանում այնպիսի՛ ոգեղենություն կար... Ճիշտ է` դահլիճները ցուրտ էին, նույնիսկ ներկայացման կամ համերգի ընթացքում լույսը անջատվում էր, բայց մշակութային կյանքը չէր մահացել: Կարող է քանակապես այսօրվա շոու-բիզնեսի համերգներին զիջում էր, բայց ներքին էությամբ, գեղագիտական, ազնվական ոգու դրսեւորմամբ , ավելի փայլուն շրջան էր, քան` այսօր: Նկարիչների տունը նույնիսկ այդ տարիներին գրեթե մի օր դատարկ չի մնացել”: Exibition Լեւոն Լաճիկյանը նաեւ գրաֆիկ-նկարիչ է: Գծանկարներ է ստեղծում արդեն հինգ տարի. “Հասկացա, որ սա եւս նոր հանգրվան է ինձ համար, նկարում եմ, բայց  հաստատ երգիչ չեմ դառնա: Իմ չերգելով օգուտ կտամ հայ երգարվեստին եւ կոչ եմ անում` շատ երգողներ էլ ինձ պես վարվեն”: “Գյումրիում եւ Գորիսում խեղդվում եմ գեղեցկությունից” Օրերս Նարեկացի արվեստի միությունում կայացավ նրա թվով երկրորդ անհատական ցուցահանդեսը: “Խաչվող ճանապարհներ” շարքում ընդգրկված է մոտ հիսուն գրաֆիկական աշխատանք: Գծանկարված են Վենետիկը, վերջինին, ինչպես նկարիչն է նշում, հաստատ չզիջող Գյումրին եւ Գորիսը, ուր խեղդվում է գեղեցկությունից, արտասվելու չափ սիրուն Արեւմտյան Հայաստանը, Մարսելը, Փարիզը... “Ցանկանում էի ստեղծագործական գործունեությանս 30-ամյակը նշել, բաց ոչ սեղանի շուրջ կենացներ լսելով: Ասացի` ինքս կմատուցեմ այդ նվերը: Օգոստոսին Գորիսում եմ քսան աշխատանք ներկայացրել` միայն Գյումրին ու Գորիսը պատկերող նկարները: Այնքան ոգեւորված եմ Գորիսով, որ վաղը գնալու եմ նորից նկարելու”,- ասաց Լեւոն Լաճիկյանը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից “Մարդը կերտում է շենքը, հետո այդ շենքը կերտում է մարդուն” Գեղագետը քաղաքների մասին իր փիլիսոփայությունը ունի. “Ես սիրում եմ քաղաքային միջավայրը, ինքս ծնունդ եմ տիպիկ հայկական քաղաքային միջավայրի: Միայն շենքեր չեն իմ գծանկարներում, բակեր կան, միջավայր, զգացողություն կա: Մյուս կողմից շենքերը չեմ դիտում միայն որպես պարզ, քարից, անշունչ կառույցներ: Մարդու կողմից արարված են, ձեռակերտ: Դրանցով ներկայացնում եմ նաեւ արվեստագետին, ճարտարապետին, փայտագործին, որմնադրին, չէ որ նրա ոգին է դրված այս ամեն մի քարի մեջ: Մարդը կերտում է շենքը, հետո այդ շենքը կերտում է մարդուն: Դա շատ կարեւոր է”: Լեւոն Լաճիկյանը նախատեսում է իր հաջորդ անհատական ցուցահանդեսը Գյումրիում կազմակերպել. “Որովհետեւ իմ ծննդավայրն է, իմ քաղաքը, ու եթե արվեստի հանդեպ մեջս սերը կա, անպայմանորեն իմ ընտանիքից եւ Գյումրիից  է. այնտեղ չես կարող արվեստագետ չլինել: Ուզում ես գիտնական դարձիր կամ կոշկակար, գեղեցիկի զգացողությունը մեջդ կլինի: Ես տարբեր վայրերում  շրջեցի, վերադարձա, նոր հասկացա թե իմ Գյումրին ի՛նչ սիրուն է: Գնահատելու համար պետք է մի քիչ օտարվես: Հիմա շատ գյումրեցիներ գիտեն` իրենց քաղաքը սովորական է, սրանով ուզում եմ ցույց տալ` հպարտանալու տեղ ունենք: Հավանաբար երկրաշարժի օրվա նախօրեին կբացեմ ցուցահանդեսը”: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից “Երեւանը չկա, ու մեղավորը ես չեմ” Ի դեպ, գրաֆիկ-նկարչի “Հայկական աշխարհ” խորագի ներքո ընդամենը մի նկարում է պատկերված Երեւանը` “հոշոտման եզրին շենքի տեսքով”: “Երեւանը չկա, ու  մեղավորը ես չեմ, այլ այն մարդիկ, ովքեր հնագույն շենքերը ոչնչացրին: Ես ճարտարապետ չեմ, գեղարվեստական լուծում եմ տալիս նկարներին, որ մարդ այսուհետ ավելի գուրգուրանքով մոտենա միջավայրին: Պատմական շերտը քանդելով` քո հոգեբանական շերտն ես քանդում: Դրա համար վաղը, մյուս օր ես չգիտեմ` արդյո՟ք Հյուսիսային պողոտայում արվեստագետներ կծնվեն”,- ասաց Լեւոն Լաճիկյանը: Նա Գյումրին պատկերող գծանկար է նվիրել Դմիտրի Մեդվեդեւին, կարծում է, պետք է արդեն այն փոխանցած լինեն Ռուսաստանի Դաշնության նախագահին, պատրաստվում է նույն կերպ վարվել նաեւ ռոքի լեգենդ Իէն Գիլանի հետ:). “Նա Մեդիամաքսի շնորհիվ Գյումրիի “Օկտետ” երաժշտական դպրոցին է օգնում: Այդպես սիրել ու ճանաչել եմ տալիս իմ քաղաքը”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին