×


Մարիանա Սադովսկա

Մարիանա Սադովսկա

Երգչուհու մոնո-ներկայացում համերգը Երեւանում Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին «Ավանգարդ Ֆոլք» ակումբի բեմում դժվար է համերգ անվանել: Մոնո ներկայացում, մեկ դերասանի թատրոն, մի խոսքով` յուրահատուկ ձայնային տվյալներով օժտված երաժիշտ, դերասան, երգիչ եւ երգահան Մարիանա Սադովսկան ներկայացրեց հինավուրց, դրամատիկ ու հումորային տարրերով հագեցած ուկրաինական ժողովրդական երգեր: Mariana Sadovska Մարիանան ծնվել է Ուկրաինայի Լվով քաղաքում,  այժմ բնակվում է Գերմանիայի Քյոլն քաղաքում եւ աշխատում է աշխարհով մեկ: Մարիանան երգում է փախստականների ցավի, ծաղկող գարնան, ավանդական ամուսնական հանդեսների, ժամանակի, սիրո ու կյանքի մասին եւ յուրաքանչյուր երգի նպատակն է պատմել պատմություն: Նրա ելույթները` անցյալն ու ներկան երաժշտության միջոցով միավորելու իր ներքին ցանկության թատերական արտահայտությունն են: Բեմում նրանք երկուսով են` Մարիանա Սադովսկան եւ իր անկրկնելի երաժշտական գործիքը` հնդկական հարմոնիան, որի հնչողությունը հիշեցնում է մարդկային ձայնը, այն նույնպես կարծես շունչ հավաքի ամեն վայրկյան, լացի ու ծիծաղի: Mariana Sadovska “Ես դերասանուհի եմ ու միշտ ձգտում եմ միավորել թատրոնը եւ երաժշտությունը: Ես երգում եմ իմ ազգային երգերը եւ բառ առ բառ հասկանում եմ դրանք: Բայց գիտեմ, որ երբ ելույթ եմ ունենում տարբեր երկրներում, մարդիկ հաճախ չեն հասկանում խոսքերի իմաստը: Ու ես մտածեցի ստեղծել կամուրջ, երկխոսություն իմ եւ հանդիսատեսի միջեւ ու հասցնեմ երգերը մարդկանց սրտերին, որպեսզի բացի էկզոտիկ եւ գեղեցիկ երգեր լսելուց, նրանք նաեւ հուզվեն: Ես երազում եմ, որ յուրաքանչյուր համերգի ընթացքում մարդիկ վերհիշեն իրենց կյանքը, իրենց ավանդույթները եւ խնդիրները, եւ մենք միասին ճանապարհորդենք”,- պատմում է Մարիանա Սադովսկան: Mariana Sadovska Մի քանի օրից Վրաստանում տեղի է ունենալու մշակութային կոնֆերանս` նվիրված պոլիֆոնիկ երաժշտությանը: Մարիանան շատ էր ուզում մասնակցել կոնֆերանսին եւ պատմեց իր ցանկության մասին Քյոլնում “World Music” ընկերության գործակալին, ով հաճախ համագործակցում եւ համերգներ է կազմակերպում “Ավանգարդ Ֆոլք” ակումբում: Գործակալը տեղեկացրեց, որ համերգ է կազմակերպվելու Երեւանում, իսկ այստեղից ավելի հեշտ կլինի երգչուհու համար մեկնել Վրաստան ու մասնակցել կոնֆերանսին: “Վաղուց էի ուզում գալ Հայաստան, բայց ամեն  անգամ հարմար առիթ չէր ընձեռվում: Այս անգամ ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Երեկ գիշերն եմ ժամանել, այսօր մի փոքր զբոսնել եմ փողոցներով: Միշտ հետաքրքրվել եմ հայկական երաժշտությամբ ու արդեն մի փոքր ծանոթ եմ: Հուսով եմ` մի օր կկատարեմ հայկական ֆոլք երգ”,- ասում է Մարիանան: Mariana Sadovska Նա հիմնականում ներկայացնում է ուկրաինական ժողովրդական երգեր: 10 տարիների ընթացքում նա ճանապարհորդել է Ուկրաինայի գյուղերով` ուսումնասիրել ու հավաքել հազարամյա պատմություն ունեցող լեգենդներ, ասքեր ու երգեր, որոնք պահպանվել են միայն բանավոր խոսքի ավանդույթի շնորհիվ, եւ նույն Ուկրաինայում շատերի կողմից հիմնականում մոռացված ու անհայտ են: Մարիանան որպես կոմպոզիտոր ինքն էլ երաժշտություն է գրում, հիմնականում թատրոնի համար, իսկ հիմա ստեղծագործություն է գրում Ամերիկյան լարային քառյակի համար` համադրելով ֆոլք եւ ժամանակակից տարրերը: Mariana Sadovska “Ես երգում եմ ժողովրդական, ավանդական երգեր, բայց յուրաքանչյուրն անց եմ կացնում իմ միջով: Այն ամենը, ինչ ես ներկայացնում եմ, էքսպերիմենտալ երաժշտություն է: Ինձ շատ է հետաքրքրում մարդկային ձայնի կարողությունը տարբեր մշակույթներում: Մարդկային ձայնը կարծես գործիք լինի, որը ներթափանցում է հոգու մեջ եւ հուզում է”,- պատմում է երգչուհին: Այս ամենի հետ մեկտեղ նա վարպետության դասընթացներ է տալիս ողջ աշխարհով մեկ` “The Grotowski Center” (Լեհաստան), “Giving Voice Festival” (ԱՆգլիա), “International Workshop Festival” (Իսրայել), “The Royal Shakespeare Co.“(Լոնդոն), ինչպես նաեւ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում (Harvard, Swarthmore, Buffalo, NYU եւ Santa Barbara): 2005 թ-ի հուլիսից  դասավանդում էր նաեւ Քաբուլի համալսարանում (Աֆղանստան): Մարիանա Սադովսկու համերգի ժամանակ հանդիպեցինք “Բամբիռ” ռոք-խմբի ֆլեյտահար Արիկին, ով Bravo.am-ի հետ կիսվեց իր տպավորություններով: Mariana Sadovska “Շատ հետաքրքիր համերգ էր: Ավելի շատ թատերական ներկայացում էր, նույնիսկ չհասկանալով բառերը, հասկանում էինք էներգիան: Սա է իսկական երաժշտությունը` համարյա ակուստիկ, մենակ, թատրոն, լույս, լավ ձայն ու երաժշտություն: Ի դեպ, պլանավորված էր, որ ես պետք է նվագեմ Մարիանայի հետ, սակայն տեխնիկական ու ժամանակային խնդիրների պատճառով չստացվեց”: Ուրախալի փաստ է, որ նմանատիպ էքսպերիմենտալ երաժշտություն ներկայացնող համերգներ` նախատեսված նեղ շրջանակ կազմող երաժշտասերների համար, կազմակերպվում ու հաջողություն են ունենում  Հայաստանում: Սպասենք նոր անակնկալների ու էքսպերիմենտների: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին