×


Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյան

«Կարգին սերիալ»-ը թարմություն կբերի :) «Կարգին հաղորդման» երկրպագուներին, կարծում եմ, հայտնի է, որ շուտով եթերում կլինի «Կարգին սերիալ»-ը` Հայկոյի ու Մկոյի մասնակցությամբ: Նախքան այդ Bravo.am-ը զրուցեց սերիալի գլխավոր դերակատարներից Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ, ով մեզ պատմեց ծրագրի ու գաղափարի մասին: Mko «Մոտ 8-9 ամիս առաջ ծնվեց այս սերիալի գաղափարը: Այն աշխարհում հայտնի «Sitcom» ֆորմատով է, որը մեզ շատ հետաքրքիր թվաց: Ուզում էինք թարմ բան անել, մի քանի գաղափարների շուրջ էինք մտածում, բայց կանգ առանք սրա վրա, որը զգացինք` կարող ենք անել»: 8-9 ամիս տղաներն աշխատել են այս ուղղությամբ, առաջին սերիան էլ 7-8 անգամ գրել ու ջնջել. «Հետաքրքիր ժանր է, Հայաստանում նման բաներ եղել են, բայց սա էլ իր նրբությունները, գաղտնիքներն ունի. մենք բծախնդրորեն ենք փորձում մոտենալ հարցին: Իմ կարծիքով, ճիշտ ուղու վրա ենք»: Mko Սերիալի սցենարը գրում են տղաների ընկերները`Աշոտ Աբրահամյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանը, որոնց հետ տարբեր նախագծեր են իրականացրել: Այդ ուղղությամբ աշխատում է նաեւ ռեժիսորը` Արման Մարությանը. «Մենք էլ ենք նայում, անհրաժեշտության դեպքում ինչ-որ բաներ փոխում»: Սցենարը գրվում է կենցաղային թեմաների հիման վրա: Գլխավոր դերերում, ինչպես նշեցինք, հանդես են գալիս Հայկոն ու Մկոն, ովքեր մարմնավորում են երկու` իրարից 180° տարբեր եղբայրների: Սերիալում կլինեն այլ հերոսներ եւս. «Չեմ ուզում փակագծերը շատ բացեմ: Շուտով անոնսներից ու սերիալից հեռուստադիտողին ամեն ինչ պարզ կլինի»,- ասում է Մկոն ու հավելում, որ, «Կարգին հաղորդման» նման, սերիալը եւս նախատեսված է տարբեր տարիքային խմբերի լսարանի համար: Մկոն նշում է, որ պատասխանատու է սերիալի անվանումը` «Կարգին». «Նման անվանում ունեցող հաղորդումը պետք է բոլորին դուր գա: «Կարգին հաղորդման» ժամանակ էլ, ճիշտն ասած, վախենում էինք այն «Կարգին» կոչել, բայց մեր ունեցած տարբերակներից լավագույնը դա էր...»: :) Mko Ի դեպ, մենք խոսեցինք նաեւ «Կարգին հաղորդման»  մասին վերջերս պտտվող լուրերից` իբր հաղորդումը փակվել է Լեզվի պետական տեսչության հրամանով, այն սպառել էր իրեն եւ այլն: Իրականում Հայկոն ու Մկոն նոր բան, թարմություն էին ուզում անել. «Հաղորդումը հիմա էլ է եթեր գնում, ուղղակի մեր հին նկարահանած անեկդոտներն են: Եթե Լեզվի տեսչության հրամանով այն փակվեր, հիմա էլ եթերում չէր լինի:): Հնարավոր է, որ հետո մենք վերադառնանք հաղորդմանը... դա կախված է նրանից, թե ինչքան կտեւի մեր նոր նախագիծը: «Կարգին»-ը մեզ շատ հարազատ պրոյեկտ է, կարելի է ասել, որ մեր համար ամենալավն է»: Սերիալը կհեռարձակվի շաբաթական 2 անգամ. «Չնայած նմանատիպ ծավալի համար նախատեսված է 1 օր, բայց մենք, հստակ գիտակցելով, որ կարող ենք ապահովել 2-ը, ընտրեցինք շաբաթական 2 օր` 20-25 րոպե տեւողությամբ»: Առաջին սերիայի ցուցադրությունը նախատեսված է սեպտեմբերի 14-ին: :) Mko «Ուզում եմ, որ ռեալ աշխատեն ու ձգտեն լավին» Խոսելով հումորի ասպարեզում առկա մրցակցության մասին` Մկոն ասաց, որ ցանկացած բնագավառում մրցակցությունը ճիշտ է համարում. այն ստիպում է յուրովի ներկայանալ ու ձգտել ավելի լավին: «Երբ մենք նոր էինք սկսում, մրցակցություն չկար, իսկ այսօր կա: Ճիշտն ասած, մենք մեր գործն ենք անում ու չենք խորանում` ի՞նչ, ե՞րբ...»: Մկոն ասում է, որ մրցակիցներ իրենք էլ ունեն, բայց անուններ չի նշում: Փոխարենը պատմում է, որ երբ ժամանակ է ունենում, դիտում է հումորային բոլոր հաղորդումները. հետաքրքիր է` ինչպես են աշխատում սցենարիստներն ու դերասանները, բայց պրոբլեմներ շատ է տեսնում` հումորի մակարդակը, թերի մոտեցումը, ժամանակի պակասը եւ այլն: Mko «Մտնում են այնպիսի պրոյեկտի տակ, որտեղից չեն կարողանում դուրս գալ: Երբ նայում ես, ծիծաղդ, լացդ է գալիս, թե ինչու են համաձայնել այդ քանակի գործ անել: Դա նրանից է, որ իրենց ուժերը ռեալ չեն գնահատում: Մեզ էլ են շատ առաջարկներ անում՝ անթիվ, անհամար առաջարկներ, որոնք մենք կարող ենք վերցնել ու ասել, թե ձեռի հետ կանենք, բայց մենք չենք ընդունում. դա կազդի մեր հաղորդման վրա: Մենք պիտի անենք մեր գործը, որը խլում է  ժամանակի 90%-ը: Դրանից ավել ինչ-որ բանի մեջ մտնելն աբսուրդ է»: Հումորիստը շատ քիչ է համարում այն, ինչ այսօր տրվում է հեռուստադիտողին. «Ասել, որ «էս ա, ուզում եք` ուզեք, չեք ուզում` ավելի լավ բան չկա» սխալ է: Հաստատ համոզված եմ, երբ մի նոր, ուժեղ բան լինի, բոլորը կսկսեն աշխատել. հենց տեսնեն, որ իրենց հավասար մեկը «պոկվեց» առաջ, այդ ժամանակ սառը ջուր կլցնեն իրենց գլխին ու...»: Mko Մեր զրուցակիցը ցանկանում է, որ ռեալ աշխատեն ու միշտ ձգտեն լավին, իսկ հումորի համար կարեւոր է համարում ակտուալ ու բոլորին հետաքրքիր լինելը: Պետք է հումորը ֆանտաստիկ չլինի, որ հեռուստադիտողը, նայելով այն, իրեն հարազատ, ծանոթ բան տեսնի. «Այդ կերպարների մեջ ամեն մարդ պետք է տեսնի իրեն, իր հարեւանին եւ այլն»: Մկոն համարում է, որ այս բնագավառ մտնելու համար իրենց ամենակարեւոր դպրոցը КВН-ն է եղել. «Մենք շատ բան սովորեցինք, որ մինչեւ հիմա մեզ օգնում է: Բայց КВН-ի խաղն էլ չես կարող ամեն տեղ ցույց տալ. միանգամայն տարբեր մոտեցում է, КВН-ի տարիքն է ուրիշ...»: Հիմա Մկոյին շատ է ուրախացնում, որ կա КВН-ի լիգա. «Ճիշտ է, շատ անկապ բաներ կարող է տեսնենք, լսենք, բայց ուրախ եմ, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավաքվում են ինչ-որ տեղ, ծիծաղալու բաներ են ուզում մտածել եւ հեռու են մնում փողոցում պարապ կանգնելուց, արեւածաղիկ կեղեւակելուց: Իսկ որակի ուղղությամբ պետք է աշխատեն КВН-ով զբաղվողները: Հուսով եմ` լավ կլինի: Կարեւորը, որ կան այդպիսի մարդիկ, իսկ նրանցից մի քանիսը կառանձնանան որպես սցենարիստներ կամ դեմքեր...»: Mko Զրույցի վերջում անդրադարձանք մի հարցի, որը նույնպես, անհիմն շշուկների շնորհիվ, տեղ էր գտել մամուլում. «Մենք կյանքում թամադայություն չենք արել. դա մեր պրինցիպներին դեմ է: Կապ չունի թվի մեծությունը, կապ չունի` ու՞մ համար է կամ ի՞նչ է»: Կարծում եմ, Մկոյի ասածից պարզ է` ինչի մասին է  խոսքը: Պարզվում է` Մկոն թամադայություն չի անում, երբեք էլ չի արել, հետեւաբար` չի զբաղեցնում ամենաթանկ թամադաների վերին հորիզոնականները. «Եթե ինչ-որ մեկը տեսել է ինձ այդ գործն անելուց, թող գա եւ ասի, որ ես թամադայություն եմ արել:)»: Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին