×


Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյան

«Լուսեղեն մի կյանք» Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում դեկտեմբերի 1-ին հավաքվել էին բեմի վարպետի` Ֆրունզիկի ընկերները, մտերիմներն ու երկրպագուները` դիտելու նրա մասին պատմող նոր ֆիլմը: Նրա իսկ հիմնադրած թատրոնում կայացավ «Լուսեղեն մի կյանք» մոտ 40 րոպե տեւողությամբ ֆիլմի երեւանյան պրեմիերան: Mher Mkrtchyan Ինչպես նշեցին ֆիլմի հեղինակներ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը, ֆիլմ նկարելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ սկսել են հավաքել Մհեր Մկրտչյանի հազվագյուտ ձայնագրությունները. «5 ամիս շարունակ ուսումնասիրում էինք Մհեր Մկրտչյանի ամբողջ արխիվը: Կուտակում էինք տարբեր ժամանակներում արված հարցազրույցները, դրանք մեզ տրամադրել է Խաչիկ Շառոյանը, ով պահում է ամբողջ արխիվը: Ֆիլմում երեւում է, որ դերասանը ոչ թե պատասխանում է հարցերի, այլ կարծես ինքն իր հետ է խոսում, իր մտորումներն է բարձրաձայնում: Այդ ամենը երկար ուսումնասիրելուց, սցենարը մի քանի անգամ փոփոխելուց հետո միայն համարձակություն ունեցանք նրա մասին ֆիլմ նկարահանել»,- ասացին նրանք: Ձայնագրություններ է տրամադրել նաեւ Ռոբերտ Մաթոսյանը, ով ժամանակին Մհեր Մկրտչյանի մտերիմներից է եղել: Նրանք միասին շրջել են, հանդիպումներ են ունեցել. «Ամեն առիթով միշտ ձայնագրում էի Մհեր Մկրտչյանին: Մտածում էի` ֆիլմը կկարողանա ճիշտ ու ամբողջական ներկայացնել նրան: Ինձ թվում է` հեղինակներին հաջողվել է»: Albert Mkrtchyan Ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը  Մհեր Մկրտչյանի մասին նաեւ «Ու՞մ համար ես վառվում լույս» շաբաթագիրք եւ «Լույս» խորագրով գիրք են հրատարակել. «Այս գրքերը բովանդակությամբ իրար չեն կրկնում, նրա կյանքի, ասելիքի տարբեր կտորներն են: Օգոստոս ամսին ընթերցողներին ներկայացրինք այդ գրքերը»,- նշեց Շուշանիկ Սահակյանը: Նրա խոսքով` չափազանց մեծ պատասխանատվություն էր ճանաչված դերասանի մասին ֆիլմ նկարահանելը, քանի որ հանդիսատեսը շատ պահանջկոտ էր լինելու. «Ֆիլմում շրջանցել ենք նրա անձնական կյանքի դժբախտությունները, որովհետեւ Ֆրունզիկը չէր սիրում այդ մասին խոսել: Անարդար կլիներ անել մի բան, որն իր սրտով չէր լինի: Մտերիմներն են վկայում, որ նա երբեւէ այդ մասին չէր խոսում»: Շուշանիկ Սահակյանը նշեց, որ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հոկտեմբերի 28-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: «Սա եւս իր խորհուրդն ունի, քանի որ Մհեր Մկրտչյանը սիրում էր, որ իր ֆիլմերը սկզբում ցուցադրվեին այնտեղ»,- հավելեց սցենարի համահեղինակը: «Լուսեղեն մի կյանք» Ինչպես նշեց թատրոնի տնօրեն Ալբերտ Մկրտչյանը, Մհեր Մկրտչյանը եւ այն ամենը, ինչ կապված է նրա հիշատակի հետ, իր համար սրբություն են: «Նման ֆիլմի նկարահանման փաստն էլ ինձ համար հուզումնալից է: Ես արդեն Հովհաննեսին ասել եմ, թե ինչ լավ կարծիքի եմ իրենց գաղափարի ու ֆիլմի մասին, սիրով տրամադրել եմ դահլիճը ցուցադրության համար»,- ասաց նա: «Լուսեղեն մի կյանք» վավերագրական ֆիլմում օգտագործվել էն կադրեր դերասանի խաղացած ֆիլմերից, մասնավորապես` «Մեր մանկության տանգոն», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Եռանկյունի» ֆիլմերից, «Հացթուխի կինը» ներկայացումից, որի ռեժիսորն էր դերասանը: Վերջում ներկայացնենք անձնական ձայնագրություններից մի քանի հատվածներ, որոնք դերասանն ինքն էր պատմում. «Լոս-Անջելեսում մի ներկայացման ժամանակ 3 րոպե լռեցի, նայեցի` հանդիսատեսի աչքերից արցունքը գնաց, բոլորը լացեցին, կամաց-կամաց սկսեցի ժպտալ, բոլորը ժպտացին: Ավարտից հետո ամերիկացի կազմակերպիչներից մեկը եկավ ու ասաց. «Դուք ինչպես կարողացաք լռել 3 րոպե»: Պատասխանեցի, որ լռեցի անգլերեն, նա էլ ասաց, որ հասկացավ հայերեն»: «Լուսեղեն մի կյանք» «Մանուկ հասակում երազում էի հեծանիվ ունենալ, խանութի դիմաց ժամերով կանգնում էի, բայց այն փակ էր. պատերազմական վիճակ էր: Չորս ու կես տարի իմ երազանքը մնաց փակ դռան ետեւում»: «Երանի նրան, ով կհասցնի սովորել, որովհետեւ տաղանդ է պետք սովորելու համար»: «Ճանաչման հասա կինոյով, բայց կինոյի 10 դերը չեմ փոխի թատրոնի հետ: Թատրոնն աղոթքի տեղ է, թեւ ու թռիչք է, Աստծու, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»: «Մարդու մասին է արվեստը, բնությունը: Արվեստը մարդուն կտրում է գետնից: Մեծ նվիրվածություն դեպի արվեստը, գեղեցիկը: Սա եմ ցանկանում բոլորիդ»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport