×


Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյան

Այսօր ուրախ-տխուր մարդը կդառնար 80 տարեկան Այսօր` հուլիսի 4-ին, լրանում է Մհեր Մկրտչյանի 80-ամյակը: Անվանի հայի, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվանից անցել է արդեն 17 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով: Mher Mkrtchyan Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Ծննդավայրում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, 1947 թվականին ընդգրկվել նույն թատրոնի հիմնական խմբում։ Wikipedia-ում նշված է, որ այդ թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին անհամապատասխան վարպետություն։ 1953 թվականին նա տեղափոխվում է Սունդուկյանի անվան մայր թատրոն, սովորում Գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին էլ ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհեր Մկրտչյանը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Mher Mkrtchyan Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։ Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։ Վարդան Աճեմյանը նշել է, որ “Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...”: Անրի Վերնոյն էլ լիովին հավատացած էր, որ Մհերը դերասան է ծնվել: Ե´վ ծիծաղ, ե´ւ արցունք աչքերում, ուրախ ու խոհուն արվեստով, անեզր սիրո սահմաններով, ուրախ ու տխուր մարդ, մեր ժամանակների մեծագույն դերասան, մեր սիրելի Ֆրունզ, շարունակելու ենք սիրել քեզ ու գնահատել քո թողած ժառանգությունը: Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին