×


Մնջախաղ

Մնջախաղ

Երբ Ծաղկաձորը վերածվում է թատերական քաղաքի :) Ծաղկաձորը հյուրընկալում է ոչ միայն զբոսաշրջիկներին:). հայաստանյան հանգստավայրում այս օրերին մնջախաղի ներկայացուցիչներն են հյուրընկալվել` միմեր, ծաղրածուներ, ակրոբատներ, արտիստներ ու դերասաններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Չեխիայից ու, իհարկե, Հայաստանից: Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորում անց է կացվում Մնջախաղի թատրոնների երկրորդ փառատոնը, որը նվիրված է կրկեսի, կինոյի արտիստ, ծաղրածու, մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակին: Նշենք, որ փառատոնը հենց նրա անունով էլ կոչվելու է ու 2 տարին մեկ է լինելու: Paraton Փառատոնի մեկնարկը տրվեց Ծաղկաձորի քաղաքային հրապարակում: Բացման արարողության ժամանակ իրենց մանրապատումներով ներկայացան Պետեր Պոպպերը (Լեոնիդ Ենգիբարյանի թոռը), Երեւանի պետական կրկեսից Էմիլ Օհանյանը, ծաղրածու Գագիկ Ավետիսյանը, Մնջախաղի պետական թատրոնը, “Օվասիս” մնջախաղի թատրոնը, “Միմ ստուդիոն”, Հայ շրջիկ թատրոնն ու այլ արտիստներ: Արտերկրյա հյուրերն ու մյուս մասնակիցները 5 օրերի ընթացքում իրենց արվեստը կներկայացնեն ցերեկվա ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում:): Ներկայացումները դիտելու հնարավորություն ունեն ոչ միայն տեղացիներն ու զբոսաշրջիկները, այլեւ մայրաքաղաքի բնակիչները: Տեղափոխումն իրականացնում են հատուկ ավտոբուսները, որոնք Երեւանից նախապես գրանցված հանդիսատեսին ցերեկը կտանեն Ծաղկաձոր եւ երեկոյան կրկին կվերադարձնեն մայրաքաղաք: Ara Harutyunyan Պետեր Պոպպերը հանրահայտ պապու մանրապատումների հերոսն էր:) Փառատոնին մասնակցելու համար Չեխիայից ժամանել է Լեոնիդ Ենգիբարյանի թոռը` Պետեր Պոպպերը: Նրա խոսքերով, ինքը 14 տարեկան էր, երբ մայրն իրեն նվիրել է պապի ճամպրուկը, որի մեջ եղել են թերթեր, Ենգիբարյանի վզկապն ու բաճկոնը, որից էլ սկսվել է իր գործունեությունն այս ասպարեզում:). “Երկու տարի առաջ որոշեցի լրջորեն զբաղվել պապիս մասնագիտությամբ: Այդ ժամանակ արդեն ունեի խեցեգործի մասնագիտությունս, բայց դեռ փոքր տարիքից ուզում էի դերասան դառնալ: Երբ մի քիչ տիրապետեցի այս արվեստին, հասկացա, որ սա իմն է ու շարունակելու եմ ուսումս պրոֆեսիոնալ դառնալու համար”, - ասաց 26-ամյա Պետերը` նշելով, որ շատ է հուզվել մինչ ելույթը: Նա հայ հանդիսատեսի առջեւ  առաջին անգամ ներկայացավ ու ներկայացրեց պապուց ժառանգած 2 մանրապատում` “Ջութակ”-ը եւ փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի օգնությամբ բեմադրած “Հովանոց” էտյուդը: Petter Popper “Հպարտ եմ, որ Պետերն այսքան լավ ելույթ ունեցավ, հանդիսատեսն էլ շատ լավ ընդունեց նրան: Ծանր բեռ է վերցրել իր վրա, որովհետեւ պետք է տակից արժանապատվորեն դուրս գա,     քանզի գիտի` ուր է եկել, ում հագուստն է հագել, ում էտյուդն է ցուցադրում, եւ այդ ամենն անելու համարձակություն ունի: Փորձերի ժամանակ կաշկանդված էր, չէի կարողանում մինչեւ վերջ իրեն բացել, բայց գիտեի, որ հանդիսատեսը կստիպի, որ բեմում լիարժեք խաղա”, - ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը: Jirayr Dadasyan Միջազգային փառատոնի տնօրենը նշեց, որ ցանկություն ուներ մնջախաղային արվեստը հասցնել նաեւ Հայաստանի մյուս քաղաքներին. “Ամեն ինչ ֆինանսներից է կախված: Ծրագրեր կան, բայց միջոցները չեն հերիքում: Ուզում էի Սեւանի ափին անել ցուցադրություններ, հասնեի մինչեւ Դիլիջան: Իսկապես բարդ է փառատոն կազմակերպելը, ուժերի գերլարումով է արվում: Պետական աջակցության շնորհիվ է, որ ծրագիրն այսօր իրականություն է, բայց միայն Մշակույթի նախարարության տված ֆինանսները ծախսերի կեսն են փակում: Հովանավորներ գտնելը շատ բարդ է, բայց կարեւորը փառատոնն իրականություն է արդեն”: Մեծն վարպետ Մարսել Մարսոյի վերջին աշակերտը :) Մնջախաղի  միջազգային փառատոնի հյուրերից է Ֆրանսիան ներկայացնող մնջախաղաց Վահրամ Զարյանը, որը 9 տարի առաջ Հայաստանից տեղափոխվել է Ֆրանսիա ու սովորել մնջախաղի հայտնի միմոս Մարսել Մարսոյի մոտ: Նրան անվանում են մեծն վարպետ Մարսել Մարսոյի վերջին աշակերտը: :) Օգոստոսի 14-ին “Խոստովանություն” բեմադրությամբ նա ելույթ կունենա Ծաղկաձորում. “Շատ էի կարոտել Հայաստանը, օգոստոսը հանգստանալու համար լավ շրջան է, որոշել էի այս տարի անպայման այստեղ անցկացնել արձակուրդս: Բայց, բարեբախտաբար, ոչ միայն հանգստանում եմ, այլ նաեւ սիրով մասնակցում փառատոնին: Առաջին փառատոնին, ցավոք, չկարողացա գալ, որովհետեւ նույն ժամանակահատվածում այլ փառատոնի հրավեր էի ընդունել”: Vahram Zaryan Վահրամ Զարյանը մինչ Ֆրանսիա մեկնելը աշխատել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնում: Ասաց, որ առաջիկա տարիներին ապրելու ու աշխատելու է արտերկրում. “Մոտ 2 տարին պլանավորված է` ինչ եմ անելու, դերերս որոշված են: Գուցե մի օր վերադառնամ:): Փառատոնը լավ առիթ է, որ արտերկրի դերասանները կապը պահպանեն Հայաստանի հետ: Կազմակերպված տոնն ամեն ինչով լավ է, չնայած կարծիքիս մեջ չեմ կարող օբյեկտիվ լինել, որովհետեւ իմ երկրի փառատոնն է ու իմ թատրոնն է կազմակերպում”: 15 ներկայացում` 5 օրում Մնջախաղի պետական թատրոնը բացմանը ներկայացավ “Լվացք” էտյուդով: Մնջախաղային դերասանուհի Իննա Հախնազարյանը նշեց, որ բացօթյա փառատոնի համար համահունչ էր ներկայացնել լվացքի պրոցեսը. “Կարծում եմ` 3 լվացքով ու մեկ փռողով էտյուդն ավելի շատ այսպիսի բեմի համար է, որը կլասիկ մնջախաղի հիմքով ենք պատրաստել: Մյուս օրերին էլ ելույթ ունենք. “Արդաղիոն” ներկայացումն ենք խաղալու: Բացօթյա փառատոնների փորձ ունենք, գիտենք, որ այս բեմն ունի իր օրենքները,  դրսում ամեն ինչ ավելի կենդանի է”,- ասաց մնջախաղացն ու ավելացրեց. “Լեոնիդ Ենգիբարյանի լուման մնջախաղի արվեստում շատ մեծ է: Որպես մնջախաղացներ մենք պարտավոր ենք տիրապետել սկզբնաղբյուրին` այսինքն մեծ վարպետից սովորենք կլասիկ մնջախաղի գոնե կեսը, ինչին նա էր տիրապետում: Հիմքի վրա էլ մեր դպրոցն ենք կառուցում”: Hasmik Poghosyan & Hovik Abrahamyan Մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում պրեմիերաներ էլ կլինեն: “Միհր” պլաստիկ պարային թատրոնը Ծաղկաձորում առաջին անգամ կներկայացնի  “Սեւ ամրոց” պարային բացօթյա բեմադրությունը. “Մեր թատրոնը պարային ժանրում է աշխատում, բայց քանի որ Հայաստանում շարժում-թատրոնները մատների վրա կարելի է հաշվել, հետո էլ սա բացօթյա փառատոն է, որոշեցինք մենք էլ մասնակցել: Առաջին փառատոնին խաղացել ենք “Ակունք” եւ “Գույներ” ներկայացումները: Իսկ  “Սեւ ամրոց”-ը հատուկ բացօթյա բեմադրություն է, խաղալու համար  հատուկ բեմ հարկավոր չէ: Մենք ենք կառուցում բեմը սեւ ամրոցի տեսքով, որը թագի պայքարն է ներկայացնում: Վեց դերասանով բավականին բարդ խորեոգրաֆիայով պարային ներկայացում է, որը բեմադրել եմ 3-4 ամսում”, - պատմեց “Միհր” թատրոնի հիմնադիր-ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը: “Միհր”-ի հիմնադիրը կարծում է, որ բացի Երեւանից եւս մեկ քաղաք դառնում է թատերական. :) “Ի տարբերություն մյուս թատերական փառատոնների, որոնք ստուգատեսի նման են, որովհետեւ կա ժյուրի, մնջախաղի փառատոնը հետաքրքիր է նրանով, որ Ծաղկաձորում ավելի շատ թատերական խմբեր են գալիս, հետագայում էլ հյուրախաղեր կլինեն ու իսկական թատերական քաղաք կդառնա, ամենաշատը հենց դա է ինձ դուր գալիս”: Mim Studio “Միմ ստուդիո” թատերախումբը փառատոնի բացմանը հանդիսատեսին ներկայացրեց 2 համար` “Տոն” եւ “Հոգեբուժարանում”: Գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանը պատմեց, որ 2008 թվի առաջին փառատոնին մասնակցել է “Հայելու մեջ” կոչվող մենաներկայացումով. “Այս տարի մեր ընդլայնված  խաղացանկով ենք ներկայանում: Որպես արտիստ չեմ նկատում էնպիսի բան, որն ինձ անհանգստացնի, բացի ներքին հուզմունքիցս, որ պետք է բեմ բարձրանամ: Կազմակերպչական առումով ամեն ինչ փայլուն է, կան բոլոր պայմանները, որ հանգստանանք, վերականգնենք մեր ուժերն ու նորից ելույթ ունենանք: Իրոք քիչ է լինում, որ մնջախաղը տոնի վերածվի, այսօր այդ հնարավորությունն արդեն ունենք”,- ասաց “Միմ ստուդիո”-ի ղեկավարը: Հավելենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման, Հայաստանի թատերական գործիչների միության եւ Ծաղկաձորի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Առաջին անգամ Մնջախաղի միջազգային փառատոնը կայացել է 2008-ին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին