×


Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյան

“Ես փառասեր եմ, բայց…” Չեմ սիրում, երբ ինձ Նազելի են ասում: Իմ անունը Նազենի է` ն-ով, ոչ թե Նազելի. 10 տարի է` փորձում եմ եթերով նշել, անձնագրով հաստատել, բայց դեռ որոշ անծանոթ մարդիկ ինձ Նազելի են դիմում: Երբ այլ անունով են դիմում, կոռեկտ ձեւով բացատրում եմ կամ էլ ռեակցիա չեմ տալիս”: Nazeni Hovhannisyan “Հեռուստատեսություն մտա գումար աշխատելու համար” Լինելով շոու-բիզնեսի ասպարեզում` չեմ կարող բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ: Եթե ասեմ` բոլորի հետ ջերմ եմ, կխաբեմ եւ ինձ, եւ ձեզ, եւ ընթերցողներին: Իհարկե, աշխատանքը պահանջում է էթիկական որոշ նորմեր: Կարող է մարդկայնորեն մեկին չսիրեմ ու չընդունեմ, բայց նրա գործունեությունը շատ սիրեմ ու հարգեմ: Կամ հակառակը` շատ երգիչների էլ մարդկայնորեն սիրում եմ, բայց նրանց երգարվեստն ինձ համար զրոյի արժեք էլ չունի: Չեմ բացառում, որ նույն կերպ կարող են ինձ վերաբերվել: Էստրադային համերգի հաղորդավարի խնդիրը երգչի ու հանդիսատեսի միջնորդի դեր կատարելն է: Այդ պահին մտածում եմ երգչին օբյեկտիվորեն ներկայացնելու մասին, որ եթերից չզգացվի, թե ում եմ ավելի կամ պակաս սիրում: Խոսքեր չեմ շռայլում: Nazeni Hovhannisyan Շատերին թվում է, որ հաղորդավարի գործը “հա դե ի՟նչ է որ”: Դու էլ ուզում ես բացատրել, ապացուցել ու համոզել, որ քո արած գործը պակաս կարեւոր չէ, քան երգչինը: Հաղորդավարը բեմում ոչ թե դատարկ կաղապար է, այլ իր միտքն արտահայտող մարդ է, չէ որ ամենաթանկ բանը գաղափարն ու միտքն է: Համերգ կամ կորպորատիվ երեկո վարելիս ինձ համար կարեւոր են մի քանի կետեր. ովքեր են կազմակերպիչները, ում հետ եմ վարելու, ֆինանսական կողմն է շատ կարեւոր եւ  ուզու՟մ եմ ես, թե` ոչ: Իհարկե, ես փառասեր եմ, բայց առ այսօր հայտնի լինելն ինձ համար անհասկանալի է ու ոչ լիարժեք: Երեւանը փոքր քաղաք է, կարելի է հայտնի դառնալ` հաճախ գնալով ցանկացած սրճարան: Միշտ բերում եմ այս օրինակը` տարիներ առաջ ու հիմա ոչինչ չի փոխվել: Հեռուստատեսություն մտա ավելի շատ գումար աշխատելու համար, որն այն ժամանակ անհրաժեշտ էր. բոլորս սոված ուսանողներ էինք: Բացի այդ, ինձ համար շատ հետաքրքիր էր հեռուստատեսային պրոցեսը: Աստիճանաբար սկսում է քեզ կլանել շփման, միստիկ միջավայրի, ոչնչից ամեն ինչ ստեղծելու պրոցեսը: Թատրոնն ու կինոն էլ ունեն այդ “նարկոտիկ” ազդեցությունը, բայց երեւի հեռուստատեսությունն ամենից շատն է կլանում քեզ: Nazeni Hovhannisyan “Մեկ-մեկ ուզում եմ դուրս լինել շոու ասվածից” Դեռ չեմ ուզում ինչ-որ թատրոնում հաստատվել: Ինձ համար չկա կոնկրետ դեր, որի մասին մտածել եմ, ձգտել եմ խաղալ: Ներկայացման հաջողված լինելը կախված է ռեժիսորից, կոնցեպցիայից: Հայ թատրոնում քիչ են էքսպերիմենտալ, երիտասարդական ներկայացումները, որովհետեւ մեր հանդիսատեսը նորամուծությունները դանդաղ է “մարսում”, ճիշտ չի ընկալում: Մեկ-մեկ ուզում եմ դուրս լինել շոու ասվածից ու խաղալ ներկայացումներում: Դերասանների մեծ մասն ի վերջո վերադառնում է թատրոն: Որպես երկրորդ ռեժիսոր մեծ հաճույքով կաշխատեի ֆիլմի կամ ներկայացման վրա: Ինչու՞ երկրորդ: Որովհետեւ կան ռեժիսորական հմտություններ ու նյուանսներ, որոնց պիտի տիրապետես, որ կարողանաս հավաքել դերասաններին: Այդ կաղապարի ներսինը շատ հետաքրքիր է: Ինձ համար գրում եմ սցենարներ, բայց չեմ ուզում դրանք ուրիշներին ներկայացնել ու պարտադրել դերասաններին, որ խաղան: Nazeni Hovhannisyan Վերջին ներկայացումները, որտեղ ես զբաղված եմ եղել, կարճ խաղացվեցին: “Սոնետ թավջութակի համար” ներկայացումը խաղում էինք Փարաջանովի անվան տուն-թանգարանում, ու դժվար էր ամեն անգամ թանգարանում աթոռները դնել ու հավաքել: “Արա Գեղեցիկ եւ Շամիրամ” ներկայացումն էլ երկար չխաղացինք, որովհետեւ շատ ծախսատար էր, մեծ էր դերասանական կազմը, դեկորացիաները Պարոնյան թատրոն բերվում էին դրսից: Արդյունքում ներկայացման ծախսն ավելի շատ էր, քան եկամուտը: Կարծում եմ` մի գեղեցիկ օր ներկայացումը կվերականգնվի: “Բոլորս էլ կախում ունենք հասարակական գնահատականից ու կարծիքից” Քննադատվել, քննադատվել, քննդատվել, “հայտնի լինել”, սիրվել… այս ամենն իմ մասին է, հոգնել եմ անընդհատ քննադատվելուց, ամենալավ բանը դու կարող ես անել, բայց էնքան անհավանական տեղից կարող է քննադատություն հնչի: Դրա համար էլ հարյուր անգամ մտածելու փոխարեն, ես մտածում եմ հազար անգամ, որովհետեւ տասը տարվա աշխատանքը կես քայլ սխալը կարող է “ջուրը գցել”: Ի վերջո, բոլորս էլ կախում ունենք հասարակական գնահատականից ու կարծիքից: “Սպանված աղավնի”-ի Սառայի կերպարի մասին այնքան կարծիքներ ու քննադատություններ եմ լսել, որ անհավանական էր ուղղակի: Դեմ չեմ, որ մարդիկ մասնագիտորեն դիտեն ու քննդատեն, բայց որոշ մարդիկ կատեգորիկ չեն ընդունում, ու վերջ: Գիտեք, այդ ֆիլմից հետո նաեւ հասկացա, որ բացի չարախոս մարդկանցից, կա բարի, հուզական հանդիսատես: Դեպքեր են եղել, որ մինչ ֆիլմն ինձանից զզվել են, բայց Սառայի կերպարիցս հետո իրենց կարծիքը փոխել են: Nazeni Hovhannisyan Եթե անկեղծորեն իրենց կարծիքն են ասում, ես վատ չեմ ընդունում: Օրինակ, մի տարի իմ մտահղացմամբ “Տաշիր” մրցանակաբաշխությանը հագել էի սեւ զգեստ, որը շատերը հավանել էին: Բայց իմ գործընկեր ու դիզայներ Արեւիկ Սիմոնյանն ասաց, որ սեւ շորն ընդհանրապես չի հավանել: Նա անկեղծ էր, ես էլ ընդունեցի, որովհետեւ իրոք ճիշտ էր: “Գրում եմ հաճույքի համար” Գրում եմ բանաստեղծություններ, որոնք իմն են, չեմ համարձակվում հրապարակել: Իմ սիրելի գործընկեր Ավետն էլ իմ գրածները համարում է ոչ պրակտիկ: Ավելի վերացական եմ գրում, բայց Սոֆի Մխեյանի երգի համար բանաստեղծությունը դարձրինք խոսքեր, ուր ասում էի. “Քո երակներով սերն է իմ հոսում”: Երգը կոչվում է “Մշուշոտ սեր”:  Ունենք հրաշալի հեղինակներ, որ երգերի համար խոսքեր են գրում: Ես իմ հաճույքի համար եմ գրում: Մի գրքույկ ունեմ, որ պահում եմ` հայերեն ու ռուսերեն չափածոներս: Վստահ եմ, որ բոլոր պատանի աղջիկները գրում են բանաստեղծություններ, երբ սիրահարված են, երբ խնդիրներ ունեն ծնողների հետ, ուզում են տանից գնալ, բայց չեն գնում, մեծանում ու հասկանում են, որ առանց ընտանիքի չեն կարող… Գրառեց Լիանա Մեյթարջյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին