×


Պոնչի` Արմեն Պրոյան

Պոնչի` Արմեն Պրոյան

Նկարչի ցուցահանդեսը “Բյուրոկրատ” գրախանութում Երբեւէ մտածե՞լ եք` ինչու են գրախանութներում ցուցահանդեսներ կազմակերպում: Դեռեւս հնուց գրախանութը բացի իր հիմնական նշանակությունից նաեւ հանդիպման վայր է հանդիսացել: Օրինակ, Փարիզի ամենահին գրախանութներից մեկի վերնահարկում կար սենյակ, որտեղ գրողները, ում աշխատանքները վաճառվում էին տվյալ գրախանութում, կարող էին գիշերել ու նույնիսկ ապրել այնտեղ :): Մեր քաղաքի ամենահարմարավետ ու հաճելի վայրերից մեկում, “Բյուրոկրատ” գրախանութում նույնպես հաճախ կազմակերպվում են հանդիպումներ ու ցուցահանդեսներ: “Բյուրոկրատ”-ում աշխատող կուրատոր Արմինե Շահբազյանը ամեն ամիս  տնօրենությանն է ներկայացնում մի քանի արվեստագետերի աշխատանքներ: Ընտրվում են ամենահետաքրքիրները եւ արդյունքում գրախանութում ցուցահանդես է կազմակերպվում: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները Հունվարի 15-ի համար ընտրվել էին 42-ամյա նկարիչ Պոնչիի` Արմեն Պրոյանի 13 աշխատանքները: Սա նկարչի թվով երկրորդ ցուցահանդեսն է Հայաստանում: Ներկայացված կտավները նկարվել են անցյալ տարվա ընթացքում: Վառ, կենսախինդ գույներ, հետաքրքիր մասնիկներ ու սյուժետային գիծ, ուրախ ու թախծոտ տրամադրություն, թռչուններ, խոզուկներ, հարսանիք չափազանց մեծ ու փոքրիկ կտավների վրա: Պոնչիի աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի հայտնի ցուցասրահներում: Պոնչին սկսել է նկարել 12 տարեկանից: Ավարտելով Երեւանի Գեղեցիկ արվեստի ակադեմիան` Պոնչին գրքեր է ձեւավորել ու աշխատել որպես անիմատոր: Ուղիղ 12 տարի Արմեն Պրոյանը բացակայել է հայրենիքից. 1997 թվականին նա մեկնեց Հունաստան, որտեղ իր աշխատանքները բազմիցս ցուցադրվեցին հայտնի ու ճանաչված ցուցասրահներում: Հենց այնտեղ Արմենը սկսեց դասախոսություններ վարել Հունաստանի միջգրաֆիկական արվեստի քոլեջում: “Բայց ես երեւանցի եմ ու տենց էլ կմնամ: Միշտ էլ ուզում էի վերադառնալ”,- ասում է Պոնչին: Ponchi Նկարչի խոսքերով, իր աշխատանքներում հաճախ հանդիպող շարֆը ոչ մի ալեգորիկ իմաստ չի կրում, այն պարզապես մասնիկ է. “Շարֆը շարֆ ա, ուղղակի ինչ որ կոնկրետ շարժում է ընդգծում:)”,- ասում է Պոնչին: “Ինչ ասես, որ չի կատարվում գրախանութներում: Այն մի մշակութային վայր է, եւ հենց դրա համար հատուկ մի սրահ գրքերով չենք զբաղեցրել, որպեսզի ներկայացնենք նոր նկարիչների աշխատանքները: Այսօր ներկայացրած կտավները տխուր, փակ ու դժբախտ չեն: Ուրախալի է, որ հայը կարող է ներկայացնել եվրոպական արժեքներ, գույներ ու ընդհանրապես վառ աշխարհ”,- ասում է “Բյուրոկրատ” խանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Ու թեեւ նկարիչ Արմեն Պրոյանը դժվարացավ ասել, լինելու են արդյոք արդեն նոր կտավների ցուցադրություններ 2011 թվականի ընթացքում, նկարների պայծառ ու լավատեսություն փոխանցող գույները ստիպում են հուսալ ու հավատալ, որ Bravo.am-ը շուտով անպայման կանդրադառնա Պոնչիի նոր ցուցահանդեսին :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին