×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

Խաղի տարօրինակ կանոններ Օգոստոսի 12-ին Երեւանում կայանալու է Սերժ Թանգյանի երկար սպասված համերգը: Բնականաբար, համերգին անհամբերությամբ սպասում են ոչ միայն Սերժի երկրպագուները, այլեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, որոնք առաջին անգամ հնարավորություն կունենան երգչի հետ շփվել վերջինիս պատմական հայրենիքում: Սակայն պարզվում է, որ այդ շփումը կարող է չստացվել, քանի որ օգոստոսի 12-ին կայանալիք Սերժ Թանգյանի մամուլի ասուլիսի պայմանները, մեղմ ասած, բավական տարօրինակ են: Մեդիամաքսը եւ Bravo.am-ը համերգի կազմակերպիչ Deem Communications ընկերությունից ստացել են հաղորդագրություն մամուլի ասուլիսի հավատարմագրման կարգի վերաբերյալ: Պարզվում է, հավատարմագրման հայտում պետք է նշել այն հարցերը, որոնք լրատվամիջոցը ցանկանում է ուղղել Սերժ Թանգյանին: Բայց սա դեռ ամենը չէ. Deem Communications-ը նշում է, որ “ժամանակի սղության պատճառով երգիչը կարող է պատասխանել միայն իր կողմից ընտրված սահմանափակ քանակով հարցերի”: Serj Tankyan Այսինքն, նույնիսկ այն դեպքում, եթե նախապես ուղարկենք մեզ հետաքրքրող հարցը, չկա որեւէ երաշխիք, որ այն պատիվ կունենա ընդգրկվել Սերժ Թանգյանի կողմից ընտրված սահմանափակ քանակով հարցերի շարքում: Բնականաբար, ցանկացած երգիչ եւ նրա մենեջմենթը, ինչպես նաեւ համերգի կազմակերպիչներն իրավունք ունեն ինքնուրույն սահմանել խաղի կանոնները: Որքան էլ այս կանոնները տարօրինակ թվան, դրանք վիճարկելն անիմաստ զբաղմունք է: Միայն այսպիսի հարց է առաջանում. իսկ միգուցե պետք չէ՞ անցկացնել Սերժ Թանգյանի մամուլի ասուլիսը: Միգուցե ավելի նպատակահարմար կլինի, որ Սերժը պարզապես գրավոր հաղորդագրություն ուղարկի հայաստանյան լրատվամիջոցներին. այդպես նա կխնայի իր սուղ ժամանակը եւ կանդրադառնա միայն այն հարցերին, որոնց մասին ցանկանում է խոսել: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան եկան ռոքի գերաստղեր Jethro Tull-ը, Uriah Heep-ը, Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Deep Purple-ը: Նրանցից ոչ մեկը նախօրոք չէր պահանջել ներկայացնել հարցերը, եւ բոլորը իրենց ասուլիսներում համբերատար պատասխանում էին բոլոր հարցերին` նույնիսկ այն դեպքում, երբ հարցերը տհաճ էին: Հավատարմագրման կարգը անընդունելի համարելով հանդերձ` մենք նախապես կուղարկենք մեր հարցը Սերժ Թանգյանին: Մենք ունենք շատ կարեւոր մի հարց եւ այդ պատճառով է, որ կենթարկվենք խաղի առաջարկված կանոններին: Սակայն եթե ժամանակի սղության պատճառով երգիչը չկարողանա պատասխանել մեր հարցին, մենք կհրապարակենք այն` հետեւությունները թողնելով մեր ընթերցողներին: Արա Թադեւոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին