×


Վարդան Զիլֆուղարյան

Վարդան Զիլֆուղարյան

“Ուզում եմ գեղարվեստական ֆիլմ նկարահանել” Ժամանակին հեռուստատեսային լուրերի ընթացքում հաճախ էր հնչում օպերատոր Վարդան Զիլֆուղարյանի անունը: Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ասում է. ֆիլմ նկարահանելու միակ միջոցն է սկսել նկարահանել այն: Պարզվում է, Վարդանը հենց այդպես էլ արել է եւ աշխատանքի բերումով հայտնվել է Մոսկվայում, որտեղ հեռուստաֆիլմեր է նկարահանում “Մոսֆիլմ” կինոկոնցեռնի տարբեր կինոստուդիաների համար: Այժմ նա գտնվում է Երեւանում եւ կիսվել է իր տպավորություններով: Vardan Zilfugharyan - Արդեն որքա՞ն ժամանակ է աշխատում ես Մոսկվայում: - Մոսկվայում արդեն 4 տարի է, ինչ ֆիլմեր եմ նկարահանում: Սկսեցի աշխատել “Մոսֆիլմ”-ում գործող “Эллегия” կինոստուդիայում: Մի քանի ֆիլմեր եմ նկարահանել «Մոսֆիլմ»-ի համար, որոնց թվում՝ “Пилот международных авиалиний”, «Вы заказывали убийство?», «Любовь», «Катя», «Дорога» եւ վերջին աշխատաքնս՝ “Зверобой 3” բազմասերիանոց հեռուստաֆիլմի վրա, որտեղ նկարահանվել են հայտնի ռուս դերասաններ Ալեքսանդր Դոմոգառովը, Դմիտրիյ Նագիեւը, Ինգեբորգա Դոպկունայտեն եւ այլոք: Բոլոր ֆիլմերը ցուցադրվել են տարբեր ռուսական հեռուստաալիքներով: Արդեն 7-րդ ֆիլմն եմ նկարահանել: - Եվ ինչպե՞ս էր համագործակցությունը նման հանրահայտ անունների հետ: - Որքան ավելի հայտնի ու ճանաչված է դերասանը, այնքան ավելի պրոֆեսիոնալ է, եւ, բնականաբար, ավելի հեշտ է համագործակցությունը: Նրանք հիմնականում շատ համեստ ու օգնող մարդիկ են: Vardan Zilfusharyan - Իսկ ամենից հետաքրքիրն ու՞մ հետ էր աշխատել: - Դե, օրինակ, Նագիեւը շատ թեթեւ, ազատ ոճի անձնավորություն է, նրա հետ շատ զվարճալի էր աշխատել: Դոմոգառովը ավելի հին դպրոցի ներկայացուցիչ է: Նրանք այն կարգի դերասաններ են, որ, երբ հեռուստադիտողը տեսնում է նրանց դեմքը, ինքնըստինքյան դիտում է ֆիլմը: Բայց այսքան տարիներ աշխատելու ընթացքում ես սովորել եմ չկարեւորել դա: - Բայց նկարահանման առաջարկները ինչպե՞ս ես ստանում: - 1998 թվականից աշխատում եմ հեռուստատեսությունում: Սկսեցի “Հայլուր”-ից, հետո “Լրաբեր”-ում էի աշխատում: Հիմնականում լուսաբանում էի նախագահական այցերը տարբեր երկրներում: Աշխատանքի բերումով մոտ 40 երկրներում եմ եղել :): Բայց 8 տարի հեռուստատեսությունում աշխատելուց հետո հիշեցի, որ ավարտել եմ մանկավարժական ինստիտուտի կինոօպերատորական բաժինը :): Ու որոշեցի կինոյի աշխարհ անցնել: Ինձ հնարավորություն ընձեռնվեց մեկնել Մոսկվա ու ամառային արձակուրդների ընթացքում հետեւել նկարահանման գործընթացին: Հենց այդպես էլ առաջացան ծանոթությունները, ու շղթայական ռեակցիա տեղի ունեցավ… Vardan Zilfusharyan - Դժվա՞ր է ռուսական կինոյի աշխարհում: Ազգայնական հողի վրա խնդիրներ չե՞ն ծագում: - Ինձ համար ոչ մի տեղ դժվար չէ: Ես բնավորությամբ ինձ ինտերնացիոնալ եմ համարում ու նման խնդիրներ չունեմ:  Այն միջավայրում, որում ես աշխատում եմ, ազգությանը չեն նայում: Կարծիք ձեւավորելուց առաջ նրանք կարեւորում են մասնագիտական հմտություններն ու մարդկային հատկանիշները: - Իսկ առօրյայու՞մ: - Ռուսները հարգանքով են վերաբերվում հայերին, դե, բացի սքինհեդներից: Գիտես, կինոյում աշխատանքը թույլ չի տալիս քեզ սովորական քաղաքացի լինել: Դու 12 եւ ավելի ժամ գտնվում ես նկարահանման հրապարակում, ու հենց դա է դառնում քո առօրյան: - Հանգստի ժամանակ մնո՞ւմ է: - Մոսկվայում տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչ շատ ընկերներ ունեմ: Այնտեղ հատուկ վայրեր կան, որտեղ հավաքվում են արվեստի մարդիկ: Հաճախ ցուցահանդեսներ, կինոպրեմիերաներ եմ այցելում: Vardan Zilfusharyan - Նկարահանման ընթացքում ի՞նչն ես առավել կարեւորում: - Ինձ համար կարեւոր է կինոյի սկիզբն ու վերջը: Երբ սկսում եմ նկարահանումը, արդեն ինքս իմ մեջ պատկերացնում եմ սցենարը, ինչ եմ անելու, ասենք, չորս ամսվա ընթացքում: - Մոսկվայում աշխատելուց հետո երևի թե չես ուզում վերադառնալ այստեղ: - Ես աշխատանքը հետեւյալ կերպ եմ ընկալում. կարեւոր չէ` ես որտեղ եմ եւ ում հետ եմ աշխատում: Այսինքն, եթե ես մի բան եմ նկարահանում, ուրեմն դա ինձ հետաքրքիր է: - Բայց տեխնիկապես չե՞նք զիջում: - Օպերատորի գործը լավ կամ վատ տեսախցիկի մեջ չէ: Դա պատկերը մատուցելու ունակությունն է: Օպերատորը պետք է կարողանա ճիշտ ձեւով մատուցել հեռուստադիտողին պատկերը ու պետք է հասկանա, թե որն է խնդիրը: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մասնագիտական չափանիշը Հայաստանում մի քիչ ավելի ցածր է, քան մեգապոլիսների ավելի զարգացած կինոընկերություններում: Vardan Zilfusharyan - Իսկ հայկական ու ռուսական ֆիլմերը կարո՞ղ ենք համեմատել: - Ուղղակի մի քիչ անարդար կլինի համեմատելը: Հսկայական ֆինանսական տարբերություն կա: Իսկ հիմա կինոյում հիմնականում ամեն ինչ հենց ֆինանսից է կախված: Տաղանդավոր մարդիկ, չհաշված բացառությունները, դժվար թե համաձայնվեն աշխատել քիչ փողով: Հայաստանը փոքր է, ֆինանսական շուկան ձեւավորված չէ: Երկու կինոթատրոն ունենք, մեկ կինոփառատոն: Բայց, կարծում եմ, ըստ հնարավորության, նորմալ մակարդակի վրա է հայկական կինոն, եթե հաշվի առնենք՝ ինչ ունենք եւ ինչ ենք տալիս: Նույնիսկ մի բան էլ ավել ենք տալիս:  Կարծում եմ, սովետական ժամանակ շատ լավ ֆիլմեր ենք ունեցել, եթե ֆինանսական վիճակը բարելավվի, էլի կունենանք: - Հայկական կինոյի մյուս խնդիրները որո՞նք են: - Հիմնական խնդիրն այն է, որ աշխատավարձները ցածր են, ու մարդիկ, ովքեր կարողանում են դրսում աշխատել, ավելի շատ են վարձատրվում, միայն դրա համար չեն վերադառնում: Մասնագիտական խնդիրներ էլ ունենք; Ինստիտուտները, բացի  հիմքից, ոչ մի այլ գիտելիք չեն տալիս: Խոսքս օպերատորական դպրոցի մասին է, ցածր է մակարդակը, անհնար է միջազգային ստանդարտներին համապատասխանող մասնագետ պատրաստել: Ես ինքս իմ սխալների վրա եմ սովորել, ինքս ինձ վրա եմ աշխատել, բայց էլի սովորելու բան ունեմ: Vardan Zilfusharyan - Դու ֆիլմեր որպես օպերատո՞ր ես դիտում, թե՞ որպես հեռուստադիտող: -Մի քանի սիրելի դերասաններ ունեմ, ում ֆիլմերը դիտում եմ թե որպես օպերատոր, եւ թե որպես հեռուստադիտող, քանի որ շատ եմ նրանց համակրում: Նանք են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջեք Նիկոլսոնը, Քլինթ Իսթվուդը, Բրեդ Փիթը: Հայերից չեմ կարող չնշել Մհեր Մկրտչյանին: - Ասացիր, այդքան ճամփորդել ես: Կա՞ երկիր, որտեղ կուզենայիր ապրել ու աշխատել: - Գիտես, կուզենայի հետագայում աշխատանքս հենց Մոսկվայում ծավալել: Կարելի է ասել, որ ես դեռ նոր եմ սկսում աշխատանքս Մոսկվայում: Ուղղին շատ երկար է այնտեղ: Դեռ չեմ նկարահանել գեղարվեստական ֆիլմ, հենց դա եմ ուզում իրագործել: Հարցազրույցը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհանիսյանի /Bravo.am/ եւ Վարդան Զիլֆուղարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին