×


Րաֆֆի Ադալյան

Րաֆֆի Ադալյան

Խիզախ աբստրակցիոնիստը Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ-աբստրակցիոնիստ Րաֆֆի Ադալյանի 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը: Րաֆֆի Ադալյանն արդեն 18 տարի է ապրում է ԱՄՆ-ում, սակայն պարբերաբար հայրենիք է այցելում անհատական ցուցահանդեսներով: Իր 70-ամյակը ցանկացել է նշել հենց Հայաստանում: Raffi Adalyan «Շատ շնորհակալ եմ թանգարանի տնօրինությանը, բոլորին, ովքեր այսօր այստեղ են, համեցեք, ազատ ման եկեք»,- այսպես ողջունեց Ադալյանն իր ցուցահանդեսի այցելուներին: Րաֆֆի Ադալյանն ԱՄՆ է մեկնել 1992 թ-ին, երբ փլուզվեց Խորհրդային միությունը. «Տիկնոջս ընտանիքն էնտեղ էր, մենք էլ որոշեցինք գնալ: Մինչ մեկնելը նույնպես ունեցել եմ անհատական ցուցահանդեսներ 75-ին,  80-ականներին, 1990 թվին: ԱՄՆ-ում բազմաթիվ անհատական ցուցահադեսներ եմ ունեցել»: Րաֆֆիի քաղաքացիական խիզախությունը Ադալյանի գեղանկարիչ ընկերները բացման խոսք ասացին՝ հիշելով մի քանի դրվագներ իրենց կյանքից՝ կապված Ադալյանի հետ: Նկարիչ Պողոս Հայտայանը հպարտանում է Րաֆֆիի խիզախությամբ. «Րաֆֆին ամբողջ ավանդական նկարչության սահմանն անցավ: Նա սահմանահատ նկարիչ է արդեն 50 տարի: Րաֆֆին այս իրականության մեջ 88-ին թվականին այն նկարիչն էր,  որ կարող էր նկարել ՀՀ եռագույնը որպես աբստրակցիա: Րաֆֆիի այդ գործը 10 մետրանոց է, մինչեւ այսօր զարմացած եմ Րաֆֆի քաղաքացիական խիզախության վրա»: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Նկարիչ Րաֆֆիի վաղեմի ընկեր Ֆերդինանտ Մանուկյանը պատմեց լոսանջելեսյան մի հետաքրքիր դեպք Րաֆֆիի կյանքից. « Ես ցանկանում եմ խոսել Րաֆֆիի մարդկային գծերի մասին: Լոս-Անջելես նոր էր եկել, մի շաբաթ չէր անցել, Ռաֆիկը անհատական ցուցահանդես արեց՝ բացօթյա: Ինչքան հայեր, նկարիչներ կային, հավաքվեցին: Ու ցուցահանդեսի բացման ժամանակ ինքն ակցիա արեց: Վերցրեց դանակը, մոտեցավ ամերիկյան դրոշին եւ դանակով Ամերիկայի դրոշը Ամերիկայի կենտրոնում ճղեց: Ասացի` էս ինչ ա անում էս տղեն: Հետո հանեց Սովետական միության դրոշը. Դա էլ ճղեց: Հետո տակից դուրս եկավ թուրքերի դրոշը, էդ էլ հավեսով պատառոտեց: Ու այդ ժամանակ նոր հասկացա, որ մինչեւ թուրքերին հասնես, պիտի էս երկու հրեշներին կարողանաս քեզնով անել: Ռաֆիկին ասացի՝ գնալու եմ Երեւան, պատմեմ քո արած հերոսության մասին»: Raffi Adalyan & Vahram Tatikyan Րաֆֆին երբեք չի մտածել հաջողությունների մասին Րաֆֆին ասում է, որ երբեք չի մտածել հաջողությունների մասին, այլ ինքնախորանում է ինքն իր մեջ. «Ես ինչ սկսել եմ նկարել՝ արդեն 52 տարի է, խորանում եմ միայն իմ նկարչության մեջ՝ առանց ակնկալելու որեւէ բան: Աբստրակցիոնիզմի մեջ տրամադրությունները, մոտեցումը պետք է լինի ազնիվ եւ անվարան, այլ ոչ թե սարքովի կամ, եթե հիմա աբստրակտ կարելի ա նկարել, նկարում եմ, եթե չի կարելի՝ չեմ նկարում. նման բաներից ես զերծ եմ եղել: 60-ականներին ես բաներ եմ նկարել, որ սոցռեալիզմի տարիներին չէր կարելի. իմ համար տանը նկարում էի»: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Րաֆֆի Ադալյան երաժիշտ Րաֆֆի Ադալյանը նաեւ ջութակահար է: 6 տարի աշխատել է Չուխաջյանի անվան դպրոցում, 15 տարի` Ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, նաեւ դասավանդել է: ԱՄՆ-ում էլ է ջութակի դասեր տալիս: Րաֆֆի Ադալյանի անհատական ցուցահանդեսին ներկայացված են 1963 թվից սկսած մինչ օրս նկարված գործերը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 10-ը: Տեքստը եւ լուսանկարները` Լուսինե Պառավյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին