×


Ֆանի Արդան

Ֆանի Արդան

“Վաղուց երազում էի Երեւան գալ” 8-րդ “Ոսկե ծիրան”-ի շրջանակներում Երեւան է ժամանել Ֆանի Արդանը: Միջազգային կինոփառատոնի շրջանակներում հռչակավոր ֆրանսիացի դերասանուհին ներկայացնում է իր ռեժիսորական աշխատանքները: Այսօր երեկոյան “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանիի հեղինակած` 2009 թվականի արտադրության “Մոխիր եւ արյուն” եւ կարճամետրաժ “Բացակա երազներ” ֆիլմերը: Ֆրանսուհին Երեւանը կվայելի մինչեւ հուլիսի 12-ը, իսկ կինոփառատոնի բացման նախաշեմին հանրահայտ դերասանուհին երեկ հանդիպել է  լրագրողների եւ երկրպագուների հետ: Fanny Ardan Վաղուց երազում  էի Երեւան գալ: Հայաստանն ինձ համար քրիստոնեության օրրան է` հին քաղաքակրթություն ունեցող երկիր: Իմ կարծիքով` այն խորհրդավոր է ու գեղեցիկ: Լսել եմ` երեւանյան գիշերները գեղեցիկ են, բայց դեռ չեմ հասցրել վայելել. գիշերն անկողնում եմ անցկացրել: Չեմ ճանաչում հայ հեղինակների ու դերասանների: Առհասարակ, չեմ կարեւորում ազգությունը: Ռուսաստանից եմ ժամանել Հայաստան: Սանկտ-Պետերբուրգում Ժերար Դեպարդյեի հետ նկարահանվում էի “Ռասպուտին” ֆիլմում: Fanny Ardan Նախ` թողեք մի քիչ քայլեմ Հայաստանով, նոր որոշեմ` ինչ եմ տանելու այստեղից: Չեմ սիրում զբոսաշրջություն, բայց միշտ հավանել եմ այն վայրերը, որտեղ ժամանել եմ` աշխատելու: Չեմ սիրում մրցանակներ հանձնել: Ես երկար ժամանակ կարծում էի, թե Դոն Քիշոտը ֆրանսիացի է: Այն ամենը, ինչ եղել է քո կյանքում, կարեւոր է: Ամեն ինչ կարեւոր է, եւ ոչինչ կարեւոր չէ: Քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, միայն սիրային ծանոթություններ ունեմ: Fanny Ardan Սիրածս դերի մասին ինձ մահվանս մահճում կհարցնեք: Կյանքը շարունակվում է: Միգուցե վաղը նկարահանված ֆիլմի դերը դառնա իմ ամենասիրելին: Կյանքում ամեն ինչ կապակցված է: Ամենից կարեւորը  սերն է: Միշտ սիրով եմ արել իմ գործը: Եթե մի բան չեմ հավանել, չեմ արել: Սիրել եմ ծնողներիս, տղամարդկանց, երեխաներիս: ԷդիթՊիաֆն էր ասում` առանց սիրո մենք ոչինչ ենք: Սիրուն սպասելն էլ սեր է: Երբեք չեմ պայքարել տղամարդկանց եւ կանանց հավասարության համար. պայքարել եմ ազատության համար: Երբեք չեմ ուզել տղամարդու հանդեպ գերակա լինել: Երբ ազատ ես, հասկանում ես, որ ազատ չես: Ազատությունը մտքի վիճակ է: Fanny Ardan Բավական կանոնավոր կերպով խաղում եմ թատրոնում: Ես թատրոնից եմ սկսել: Թատրոնը վայրի է եւ մաքրում է դերասանի միտքը: Ես շատ եմ սիրել Մարիա Կալասին: Նա փնտրում էր բացարձակը: Երբ Կալասի դերն էի խաղում, չէի փորձում նրան վավերականորեն ներկայացնել: Մարմնավորելիս հավատում էի նրան. Կալասը փորձում էր բարելավել մարդկանց վիճակը: Ես գերադասում եմ դերասանուհու կարգավիճակը, քան` ռեժիսորի: Իմ կյանքի շքեղությունն ու ազատությունն այն է, որ արել եմ այն, ինչ ուզել եմ: Եղել է, որ նկարահանվել եմ ֆիլմերում, որոնք մեծ հաջողություն չեն ունեցել, բայց երջանիկ եմ եղել այդ ֆիլմերում նկարահանվելու ժամանակ: Fanny Ardan Ամեն անգամ ֆիլմի աշխատանքներին համընթաց սկսում ես վազել: Եթե չհավատաս, չես կարող վազել: Անհնար է միշտ երջանիկ լինել. երջանկության պահեր կան: Ու եթե այդ պահերը ուժեղ են, դու հետո տխրում ես, որ դրանք այլեւս չկան: Ավելի լավ է բուռն կյանքով ապրել, քան երջանիկ լինել: Հիմա ես երջանիկ չեմ: Սիրում եմ գնալ այնպիսի երկրներ, որտեղ սիրում են կինոն: “Ոսկե ծիրան” փառատոնի շնորհիվ է, որ ժամանել եմ Հայաստան: Այժմ տարբեր ծրագրեր ունեմ: Աշխատում եմ թե որպես ռեժիսոր, թե որպես  դերասանուհի: Fanny Ardan “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ հաջորդ տարի փառատոնի շրջանակներում մտադրված են անցկացնել հռչակավոր դերասանուհի Ֆանի Արդանի ռետրոսպեկտիվը: Տեղի կունենան 15-ից ավելի ֆիլմի դիտումներ, եւ այդ ժամանակ դերասանուհին ավելի շատ ժամանակ կունենա Հայաստանի հետ ծանոթանալու համար: Ֆանիին շնորհվեց "Փարաջանովի Թալեր" մրցանակը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/ Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին