×


“Հենց ազատես քեզ, կպարես”

“Հենց ազատես քեզ, կպարես”

Արինա Արարատյանն ու իր պարի թատրոնը Գարնան սպասումով ու սիրախաղերով լի “Spring Sensation”-ն ու  “American Suite”-ը այն երկու բեմականացումներն են, որ այսօր Արինա Արարատյանի պարի թատրոնը կներկայացնի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Bravo.am-ը օրերս ներկա է գտնվել թատերականացված պարի պարապմունքներին, լուսանկարել է ու ազատությունից, անսահմանությունից, մեկ էլ, լավ իմաստով, “աննորմալ” երեւույթներից  խոսել:): Arina Araratyan Արինա Արարատյան` պարուհի, պարի թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խորեոգրաֆ Մայրս ինձ տարավ պարարվեստի դպրոց, ու ճակատագիրս որոշվեց: Ես ուզում էի անասնաբույժ դառնալ:): Շատ էի սիրում կենդանիներին: Հիմա միակ թութակս է մնացել. վերջին կատուս կես տարի առաջ սատկեց, բայց մինչ այդ շներ, նույնիսկ օձ եմ պահել, կրիաներ… Հետո սիրեցի մասնագիտությունս, որի հիմքում էլ սերն է: Պետք է քո գործը սիրես, անգամ գործ բառը չի սազում դրան: Արդեն 16 տարի է` պարի մեջ եմ, ավարտել եմ պարարվեստի ուսումնարանը,  “Բարեկամություն” համույթում եմ հանդես եկել, մենակատար էի. հուսով եմ, որ կարող եմ ինձ այդպես ներկայացնել: “Ինչպիսի՛ հաճույք եմ ստանում բեմադրելուց” Սկզբում միայն մի նպատակ ունեի` իրականացնել “Ամերիկյան Սյուիտ”-ը: Ես եւ մի երիտասարդ, ով շատ էր ցանկանում ջազ պարել, դուետ ստեղծեցինք: Անընդհատ մտածում էինք` վայ, գումար չունենք, որ այլ պարողների էլ ներգրավենք, բայց  “վա՛յ, մենք էլ ենք ուզում” ասողներ եղան, եւ խումբը հավաքվեց: Երեք անգամ խաղացի, հետո հասկացա` սխալ է. ռեժիսորը պետք է ետնաբեմում լինի, կողքից նայի, որ ամեն ինչ նկատի: Որպես պարող ուրիշ էներգիա ես տալիս ու շատ բաներ չես նկատում: Բացարձակ դժվար չէր բեմից իջնելը. երբ հասկացա` ինչպիսի հաճույք եմ ստանում բեմադրելուց, պարելու հաճույքն անմիջապես ինձ համար զրոյացավ:): Արինա Արարատյանի պարի թատրոնը պարապմունքների ժամանակ Ավելի ազատ ոճ Նեոկլասիկ ոճում ենք հանդես գալիս, թեեւ ջազ ենք ասում, որովհետեւ նեոկլասիկը շատ երկար է արտասանվում ու անհասկանալի, բայց սա մաքուր ջազ չէ, Բրոդվեյ ջազ չէ, երեւի թե ամբողջ ներկայացման մեջ մի պար կա, որ վերջինի մեջ է արված` շարժումներով, կանոններով, էլեմենտներով: Նեոկլասիկը շատ ազատ ոճ է, կոպիտ ասած` ժամանակակից բալետն է, որ չունի դասական բալետի կանոններն ու ավելի ազատ է: Մոդեռնը լրիվ ուրիշ աշխարհ է, իսկ ժամանակակից բալետում նրբություններ չկան. ազատ ոճ` դասական հիմքի վրա: Պարողներն ու նրանց  ազատ  զգացմունքները:) Պարի թատրոնիս հիմնական խումբը 10 հոգուց է բաղկացած: “Ամերիկյան Սյուիտ”-ի ժամանակ մեզ միանում են եւս 4 հոգի: Պարտադիր է, որ պարողը դասական բազա ունենա, իսկ տարիքային սահմանափակում չկա. խմբի անդամները ինձ հետ կմնան այնքան, ինչքան կցանկանան: Կուբայական կազմվածքով պարողների հետ էլ եմ աշխատում, որովհետեւ խարակտերային են, իսկ գեր մարդիկ ավելի լավ է բեմում չպարեն: Ամենակարեւորը` պարողները  ազատ պետք է լինեն: Եթե ունենան այդ ներքին ազատությունը, ամեն ինչ ինքնաբերաբար ճիշտ կանեն: Պետք չէ շատ մտածել` ինչի մասին է տվյալ պարը. դա ներսից կգա: Համընկնում են իմ ու իրենց զգացողություններն, ու ամեն ինչ ճիշտ է ընթանում: Հենց ազատես քեզ, ճիշտ կպարես, իսկ տեխնիկան աշխատելուց, զարգացնելուց է կախված: Կներեք այս արտահայտությանս համար, մենք տժժում ենք իրար հետ:): Arina Araratyan Մի անվան պատմություն:) Սկզբում խումբս ցանկանում էի կոչել Արինա Արարատյանի անվան կամերային պարի թատրոն-ստուդիա, բայց շատ երկար է ստացվում:):  Իրականում սա թատրոն-ստուդիա է. լաբարատորիա, ուր պարային շարժումներ են փորձարկում:): Միակ ոչ նորմալը:) Մեր գերդաստանում միակն եմ, ով զբաղվում է արվեստով. բոլորը նորմալ մարդիկ են: Ինչպե՟ս կարող է արվեստագետը նորմալ լինել:): Թող չնեղանան արվեստագետները, բայց, կարծում եմ, բոլորն էլ նույնը կասեն: Մեր ասպարեզը շատ անկանխատեսելի է, ու եթե պրագմատիկ մարդ լինես, չես կարողանա գոյատեւել այդ աշխարհում, պետք է կարողանաս իրավիճակին համընթաց փոխվել, իսկ այն մարդիկ, ովքեր գիտեն` ինչ են ուզում կյանքից, հստակ օրակարգով են ապրում, չեն դիմանա: Սիրել, ատել, ու այդ ամենը` բեմում Ատելն էլ է էմոցիա, բայց եթե ամբողջ ներկայացումը ատելու վրա ձեւավորվի, անդուր, ահավոր, զզվելի բան կստացվի: Սեւի կողքին սպիտակն ես դնում, վատի կողքը` լավը: Բացասական էմոցիաներով ներկայացումը արվեստ չի, արվեստի հիմքում սերն է: Մանկական բեմադրություն էլ ունեմ` “Չիպոլինոյի արկածները”: Այն փոքրերն են պարում, բայց մեծերին էլ ներգրավեցի, որ հետաքրքիր լինի, ի վերջո, “Սինյոր Պոմիդոր”-ը պետք է մեծ լինի:): Առհասարակ ուղեղումս այնքան նախագծեր, բեմականացումներ կան` շատ, շատ, բայց բեմադրելը մեծ գումարների հետ է կապված… Հիմա կլացեմ:): Արինա Արարատյանի պարի թատրոն հիմնական խումբը 10 հոգուց է բաղկացած Երազի պես մի բան Փորձասենյակ չունենք. ոչ ոք մեզ դահլիճ չտրամադրեց: Բայց հույս միշտ էլ կա, որ մենք մեր դահլիճը կունենանք ու մշտապես աշխատելու հնարավորություն: Երեխաների դպրոցից ստացված եկամուտները միեւնույնն է չեն բավարարում, որ տասը հասուն մարդու աշխատավարձով ապահովեմ: Պարբերաբար երկընտրանքի մեջ եմ ընկնում` շարունակել, թե` ոչ: Որովհետեւ իրականում շատ դժվար է. մեր թիկունքին ոչ պետությունն է, ոչ էլ որեւէ մասնավոր մեկը: Առանց օգնության ներկայացումներ բեմադրելն ու բեմ բարձրացնելը ամեն անգամ սթրես է ինձ համար: Սովորաբար ներկայացումից երկու շաբաթ առաջ արդեն ոչ ոք ինձ հետ չի խոսում:): Եթե նախնական գումար ունենամ, կկարողանամ շրջանառության մեջ դնել. հովանավոր է պետք գտնել:): Ստեփան Ղամբարյան` պարող դերասանն իր ափսեի մեջ  է:) 27 տարեկան եմ ու կյանքիս 21-րդ տարին է` պարում եմ:): Արինա Արարատյանի պարի թատրոնը իմ կյանքում մեծ դեր խաղաց. որպես պարող եւ դերասան այստեղ շատ բացվեցի եւ իմ ափսեի մեջ ընկա: Բանակից վերադարձա ու 2005 թվականից` պարի թատրոնի հիմնադրման օրվանից, սկսեցի պարել այս խմբում: Եթե դու զբաղվում ես պարի թատրոնով, պետք է լիարժեք տրվես վերջինին: Այն կյանք է, վայր, ուր քեզ գտնում ես, կարողանում բացահայտել: Մենք բեմում ապրում ենք մեկս մյուսով. շատ կարեւոր է դա ներկայացման համար: Որպես կոլեկտիվ կայացել ենք: Կարող է` ինչ -որ բաներ Արինայի սրտով չէ. բնական է` ինքն է բեմադրել, ինքն է ռեժիսորը, իսկ ռեժիսորները ոչնչից գոհ չլինելու հատկություն ունեն: Արինան այդ մարդկանցից մեկն է` շատ պրոֆեսիոնալ, ես իրեն շատ եմ սիրում ու հարգում: Արինա Արարատյանի պարի թատրոնը “American Suite”-ի մաչոն` Ստեփանը Միայն “American Suite”-ում եմ հանդես գալիս: Հաճելի տղամարդու դերում եմ. մաչոյի կերպարում, ով հրապուրում է աղջիկներին, մատների վրա խաղացնում ու ոչ մեկին չի ընտրում: Իրական կյանքում էլ այդ կերպարը իմ հետ կապ ուներ, մինչեւ հասկացա, որ այդպիսին չպետք է լինեմ:): Սիրահարվել եմ, շատ եմ սիրում այն մարդուն, ով հիմա կողքիս է: Իրեն հանդիպելուց հետո հասկացա, որ ինքն ինձ համար ավելի կարեւոր է, քան մաչոյական վիճակները: “Տխրում ենք, ուրախանում” Վարդուհի Ալեքսանյան` 26 տարեկան, սպորտային պարերի սպորտի վարպետ, Հայաստանի 7-ակի եւ Անդրկովկասի 4-ակի չեմպիոն, Արեւելյան Եվրոպայում գրավել է երրորդ տեղը, միջազգային կարգի մրցավար է: Պարում է “American Suite” եւ “Գարնան սպասումով” ներկայացումներում: “Մի օր տանգո էի պարում, Արինան ինձ տեսավ, առաջարկեց համագործակցել: Նույն օրը մասնակցեցի փորձին եւ մեկ շաբաթ անց ներկայացում էի պարում: Պարի թատրոնը ներաշխարհդ ցույց տալու հնարավորություն է տալիս: Սպորտային պարերում մրցում ենք` չկարողանալով էմոցիաները ցույց տալ, իսկ այստեղ տալիս ենք այն ամենը, ինչ ցանկանում ենք:): Ներկայացումների մեջ պարբերաբար կերպարանափոխվում եմ.  լիրիկից ակտիվ, պասիվից ագրեսիվի, տխրում ենք, ուրախանում”: Varduhi Aleksanyan & Iren Ulikhanova Երկու տղամարդ ու Վիվիենը Վիվիեն Բաստաջյան. “Պարի հետ առանձնապես կապ չունեմ, մասնագիտությամբ դերասանուհի եմ ու խաղում եմ Փոքր թատրոնում, վերջերս էլ Սունդուկյանում “Լեդի Մակբեթ” խաղացի: Արինան ինձ մի քանի տարի առաջ պրեմիերայից տասը օր առաջ հրավիրեց  “Summer time” պարելու: Այն հատվածը, որում ես եմ հանդես գալիս, պարը վերջից է սկսում, մուտքն էլ դեպի հետ է, ոնց որ ամբողջ ներկայացման մեջ մի մաս ուղղակի հետ տան: Մի կնոջ պատմություն է, ով կապ ունի երկու տղամարդու հետ: Երեւի բոլոր կանանց հետ դա պատահում է: Ես տարիքով ամենամեծն եմ այս կազմում, ինքս շատ ապրած եմ ու ինձ շատ հեշտ է նման դեր խաղալը: Ինձ միշտ առաջարկում են նման ապրած կանանց դերեր”: Առանց խոսքերի թատրոն Իռեն Ուլիխանովա. “Ամեն անգամ կերպարիս մեջ իմպրովիզ եմ անում, փորձում ինչ-որ շտրիխ ավելացնել, փոխել, որովհետեւ մարդիկ կան` միշտ գալիս են ջազը նայելու: 15 տարեկանից եմ սկսել պարել, որը շատ ուշ է համարվում, բայց այնքան նվիրվել ու սիրել եմ, որ ստացվեց: Շատ շնորհակալ եմ Սոֆի Դեւոյանին, ով ինձ ճիշտ ուսում է տվել: Ամեն օր երեքից չորս ժամ Սոֆի Դեւոյանի թատրոնում եմ փորձերի, նաեւ փոքրիկներին եմ դասավանդում: Երեւանի պետական համալսարանում էլ իմ պարի խումբն ունեմ: Պարն առանց դերասանության չի կարող լինել. թատրոնի տարրեր կան: Պարողը կարող է լավ գիտելիքներ ունենալ, ճիշտ կեցվածք, բայց եթե չի կարողանում հանդիսատեսին իր արտիստիզմով գրավել, դերը կատարել, դա պարող չէ. ցանկացած պարի մեջ պետք է դերասանություն լինի: Պարն առանց խոսքերի թատրոն է”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին