Հայաստանի` խանամիրյանական այցեքարտը
Հոկտեմբերի 5-ին` Վանուշ Խանամիրյանի մահվան օրը, “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի համատեղ աշխատանքի` “Ճանապարհին” ֆիլմի պրեմիերան:
Խաղարկային, գեղարվեստական, պարային, երաժշտական ֆիլմի գլխավոր դերերում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը` կերտելով 3 կարեւորագույն կերպար, որոնց շուրջ պտտվում է ֆիլմի սյուժեն: Գլխավոր դերերում են նաեւ Պարի պետական անսամբլի պարուհի Լիլիթ Ասատրյանը, Ֆրանսիայից հրավիրված դերասան Երվանդ Մուրադյանը, Ժենյա Մկրտումյանն ու Լիլիթ Պիպոյանը:
“Ճանապարհին” ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Հարություն Ազարյանն է, բեմադրող նկարիչը Նաիրա Մուրադյանը, իսկ կոմպոզիտորը`Հայկ Գրիգորյանը:
“Ֆիլմը հայ ժողովրդի ներկայի ու անցյալի, հեթանոսական ժամանակների, միջնադարի եւ մեր օրերի մասին է, որն անմիջական կապ ունի պարի հետ: Պարն այստեղ գործող հերոս է”,-ասել է ռեժիսոր Հարություն Ազարյանն ու հավելել, որ ֆիլմում ներկայացրել են Հայաստան աշխարհն իր ինքնատիպությամբ:
Հեթանոս երգչուհուն մարմնավորող Լիլիթ Պիպոյանն էլ բարձր է գնահատել ֆիլմի էսթետիկական լուծումներն ու գաղափարը. “Այն հայ մարդու ազնվության, վեհության մասին է”:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի մարզերում` տեւելով շուրջ երկու տարի: “Եկավ մի պահ, երբ մեր հնարավորությունները թուլ չէին տալիս շարունակել աշխատանքը, բայց մեր նամակին ընդառաջեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` իր աջակցությունը ցուցաբերելով ֆիլմին”,-ասել է Հարություն Ազարյանը, ով ֆիլմում կարեւորում է նաեւ կոստյումների որակն ու շքեղությունը. “Ունենք կոստյումներ, որտեղ օգտագործված են սվարովսկի քարեր”:
“Առաջին անգամ էի ֆիլմում նկարահանվում, այն ինձ շատ դուր եկավ: Պարով ցույց տվեցինք մեր ազգի կերպարը: Հրաշալի օրեր ենք անցկացրել նկարահանումների ընթացքում, հատկապես հաճելի էր Վանուշ Խանամիրյանի հետ շփումը”,- BRAVO.am-ին ասել է հերոսուհուն` պարուհի Աստղիկին մարմնավորած Լիլիթ Ասատրյանը:
“Մեռնելով էլ լինի, պիտի գամ”. Վանուշ Խանամիրյան
Լեփ-լեցուն դահլիճը պրեմիերայից առաջ ու հետո Վանուշ Խանամիրյանին էր փնտրում` “Ճանապարհին” ֆիլմի կարեւոր կերպարներին` դատապաշտպանին, պարուսույցին ու մեղվաբույծին մարմնավորող պարի հայ վարպետին:
Ֆիլմի ավարտին ռեժիսորը լրատվամիջոցներից իմացավ կատարվածի մասին: “Երեկ եմ խոսել հետը, ասաց` “մեռնելով էլ լինի, պիտի գա ”, խնդրել էր` հրավիրատոմսեր փոխանցեմ իրեն, բայց գիտեինք, որ վատառողջ է...”,- BRAVO.am-ին ասել է ռեժիսորն ու պատմել, որ պարի լեգենդը սկզբում երկմտել է իր երկրորդ` դատապաշտպանի դերի հարցում, փորձել հրաժարվել. “Բայց մեզ հաջողվեց համոզել իրեն: Ֆիլմը դիտելուց հետո շատ էր ոգեւորվել` նշելով` “սա Հայաստանի այցեքարտը կլինի զբոսաշրջիկների համար”: Այս ֆիլմը, կարծում եմ, միակ գեղարվեստական ֆիլմն է, որտեղ պարի հայ լեգենդը հանդես է գալիս գլխավոր հերոսի դերում...”:
“Ճանապարհին” ֆիլմը “Կինոաշուն”-ի շրջանակներում կցուցադրվի Հայաստանի մարզերում, հետագայում կմասնակցի նաեւ միջազգային փառատոնների:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


×
22,523






