×


“Մակբեթթ”

“Մակբեթթ”

Երկու “թ”-ով “գոյական” ներկայացում “Գոյ” փորձարարական թատրոնում այս ամիս տեղի է ունեցել նոր ներկայացման պրեմիերա: Ռեժիսոր Արկա Մանուկյանը բեմադրել է “Մակբեթթ” ներկայացումը՝  Էժեն Իոնեսկոյի պիեսի հիման վրա: Այս բեմադրությունն իր մատուցմամբ տարբերվում է հայկական թատրոնների մյուս ներկայացումներից: Այն շեքսպիրյան “Մակբեթ” չէ, այլ` դասականի վերափոխված տարբերակը: Makbet Ռեժիսորի հավաստմամբ՝  աբսուրդի թատրոնը մտածելու, խորհելու առիթ է տալիս. “Երկար տարիներ թատրոնով չեմ զբաղվում, տարված եմ եղել կինոյի աշխարհով: Արմեն Մազմանյանի առաջարկով որոշեցի սկսել բեմադրության աշխատանքները: Նախ՝ չգիտեի, որ Իոնեսկոն “Մակբեթ” է գրել, բայց կարդալուց հետո հավանեցի: Իրոք, մյուսներից տարբերվում է, այդ մասին է խոսում անգամ երկու “թ” տառի առկայությունը”: Բեմում դեկորներ չկան, միայն հինգ սեղան, փոխարենը Արկա Մանուկյանն իր կինոռեժիսորական “աչքն” է բեմ տեղափոխել.  առցանց տեսախցիկի ու էկրանի միջոցով գործողությունների մի մասը կատարվում է միջանցքում: Հանդիսատեսն այս դեպքում լիովին չէր լսում միջանցքի գործողություններն ու կտրվում էր ներկայացումից. պատճառը տեխնիկական էր: Makbet Բեմի մտահղացման հեղինակ Արկա Մանուկյանը, ով իր ձայնով դահլիճից մասնակցում էր ներկայացմանը, նշել է, որ հետագայում շտկելու են այդ թերությունը. “Ունեինք տեխնիկական խնդիր, որը Հայաստանում մշտապես կա: Եթե դրսում բեմադրվեր, իդեալական հնչունային, բեմական աշխատանք կլիներ: Դժվարությունները շատ են, բայց պետք է հաղթահարենք: Թատրոնը կենդանի օրգանիզմ է, աստիճանաբար մեծանում է, մենք էլ շտկում ենք թերությունները”: Հանդիսականներից մեկի արձագանքին, թե տեքստում օգտագործված “ապեր” բառը պետք է հանել, ռեժիսորը պատասխանել է. “Հետաքրքիր է՝ “ապերները” մեր ամենօրյա սերիալներում են, բայց բեմից հակառակ ազդեցությունն ունեցավ: Փաստորեն, մարդիկ ուզում են կտրվել վատ առօրյայից”: Arka Manukyan Ներկայացման մեջ խաղում են երիտասարդ դերասաններ Արսեն Չաչոյանը, Սամվել Թոփալյանը, Դավիթ Աֆրիկյանը, Գայանե Բալյանը, Աննա Հարությունյանը, Անուշ Գեւորգյանն ու այլ դերասաններ: Զգեստների հեղինակը Հեղինե Տիտանյանն է, ռեժիսորի օգնականը՝ Սարգիս Արզումանյանը, իսկ լուսային ձեւավորումը կատարել է Տիգրան Մուսախանյանը: “Գոյ” թատրոնի դերասաններից Սամվել Թոփալյանն առաջին անգամ է աշխատել Արկա Մանուկյանի հետ: Նա նշել է, որ մյուս “Մակբեթ”-ներից դիտել է Վահան Բադալյանի բեմադրությունը, որը հավանել է, իսկ “Գոյ”-ի ներկայացումը ձեռագրով բոլորովին ուրիշ է. “Ներկայացման մեջ խնդիրներն ուրիշ հարթության վրա են, բայց դրանք կոնկրետ առնչվում են մարդկանց հետ. սովորական կենցաղային հարաբերություններ են, օրինակ՝ Դունկանն ասում է, որ սպանել է, թալանել է մարդկանց, բայց Մակբեթին մի բանում հաղթել է. Մակբեթը չի կարողացել իր կնոջը տիրանալ: Մեր կյանքն է ներկայացված, այս ամենի մեջ վեհ գաղափարներ չեմ տեսնում: Հանդիսատեսը եթե ոչ գիտակցաբար, գոնե ենթագիտակցորեն կհասկանա”: Samvel Topalyan Հինգ վհուկից մեկը նույն թատրոնի դերասանուհի Գայանե Բալյանն է, ում խոսքով՝ փորձերի ժամանակ իրենց էներգիայով ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ կարողանան բոլոր շարժումները բեմադրել. “Դերասաններից մի քանիսը սա խաղացել են ավարտական քննությանը, մենք ներմուծվեցինք, շատ բաներ փոխվեցին: Արկան ընդունել է մեր առաջարկները, որոնք համապատասխանել են այս ֆորմատին”: “Մակբեթթ”  ներկայացումը փորձարարական թատրոնի խաղացանկում է: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին