×


“Նա/Նե 2010”

“Նա/Նե 2010”

Հաղթողները ստացան մրցանակները:) Երեք տարի առաջ Բրիտանական խորհուրդը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող “Women in Politics” ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ հայտարարեցին “Նա/Նե” մրցույթը: Կազմակերպիչների նպատակն էր տարվա ընթացքում ուսումնասիրել քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ խնդիրներն ու գենդերային բռնության վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերը եւ հաջորդաբար անդրադառնալ այդ թեմաներին: Carel Hovstran & Charlz Lonsdeyl Մրցույթը կայացավ, եւ հունվարի 31-ին Երեւանի պետական դրամատիկական թատրոնում արդեն երրորդ անգամ “Նա/Նե” մրցանակաբաշխությամբ ամփոփվեց լրատվամիջոցների նախորդ տարվա աշխատանքը, գնահատվեց նրանց անդրադարձը հայ կնոջ կերպարին, նրա հաջողություններին ու ձեռքբերումներին տարբեր բնագավառներում: Մինչ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ մամուլի ասուլիս Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրայի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւայի եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ: Ralf Yirikyan & Arevik Saribekyan ''Ես ուրախ եմ, որ երեք տարիների ընթացքում մեր միջոցառումը դարձավ բավականին կայացած ու ինքնուրույն: Ու շատ լավ է, որ ավելացան ինչպես մեր լրագրողների հետաքրքրությունը ծրագրի հանդեպ, այնպես էլ մեր նոր աջակիցները` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը եւ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը: Ի դեպ, վերջինիս օգնությամբ մենք կարողացանք ավելացնել եւս մեկ` “Ուսանողական աշխատանքներ” անվանակարգը”,- նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ պետք է հայ տղամարդը այլեւս հասկանա, որ հայ կինն էլ կարողություն, հնարավորություն ու ներուժ ունի տղամարդուն հավասար դաշտում կանգնելու համար: Այս տարի մրցույթի 7 անվանակարգերում ներկայացվել էր ավելի քան 100 լրագրողական աշխատանք: Ամեն տարի ավանդաբար հայտարարվող վեց անվանակարգերին, այն է` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց եւ բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական եւ առեւտրային գովազդ, ավելացել էր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կողմից հայտարարված “Ուսանողական աշխատանք” անվանակարգը: Davit Alaverdyan & Jina Sargizova “Նա/Նե” լրագրողական մրցույթին իրենց նյութերը ներկայացրել էին հայաստանյան տպագիր, առցանց եւ հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները եւ անկախ լրագրողները: Ժյուրիի անդամներն էին հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառման սկզբում հաղորդավար Ժակը ողջունեց ներկաներին եւ ազդարարեց մրցանակաբաշխության մեկնարկը: “Նա/Նե” մրցանակի հեղինակն է օպերատոր Հովհաննես Հակոբյանը: Այն պատրաստված է արծաթից, խորհրդանշում է կնոջն ու տղամարդուն, կենաց ծառը, որը պատկերված է խոսափողի տեսքով:  “Նա/Նե 2010” Հաղթողներին ժյուրիի անդամների հետ մեկտեղ մրցանակներ հանձնեցին ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Համալսարանական կրթության կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, “Օրրան” բարեգործական միության հիմնադիր նախագահ Արմինե Հովհաննիսյանը, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարության հարցերով ավագ օգնական Ծովինար Հարությունյանը, Հայաստանի PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը, “Բանաձեւ” հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, “Ինտերնյուզ Նեթվորք”-ի “Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը եւ “Մեդիամաքս” լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Այժմ ձեզ ենք ներկայանում տարվա հաղթողներին: “Ուսանողական աշխատանք” անվանակարգում ներկայացված 16 աշխատանքներից ընտրվեցին երեքը` Սեդա Ստեփանյանը` “Չեմ լռի…”, Տարոն Կոխլիկյանը` “Հայկական ֆուտբոլի աղջիկները” եւ Արփինե Այվազյանը` “Ֆեմինիզմ եւ հայեր” նյութերի համար: Armine Hovhannisyan & Ashot Meliqyan “Ռադիոնյութ” անվանակարգում ներկայացված 12 աշխատանքներից հաղթողներ ճանաչվեցին Արմինե Գեւորգյանը “Ռադիո Հայ”-ից, Նանե Սահակյանը "Մաքսլիբերթի”-ից եւ Զարուհի Քոչարյանն ու Արամ Ոսկանյանը “Հանրային ռադիո”-ից: “Տպագիր հոդված” անվանակարգում ներկայացված 15 աշխատանքներից մրցանակները շնորհվեցին Գոհար Հակոբյանին “Առավոտ” օրաթերթից, Տիգրան Մանուչարյանին “Վանաձորյան խճանկար” թերթից եւ Մարիաննա Հակոբյանին “Առավոտ” օրաթերթից: “Առեւտրային գովազդ” անվանակարգում հաղթեցին “Status Holding”, “Prime Commercial” եւ “Deem Communications” ընկերությունները: “Առցանց կամ բլոգի հոդված” անվանակարգում ներկայացվել էր 43 աշխատանք: Սակայն “Նա/Նե”-ի արժանացան միայն երեքը` Աննա Մուրադյանը` www.ankakh.com, Ադրինե Թորոսյանը` www.hetq.am ու Գայանե Աբրահամյանը www.eurasianet.org կայքերից: Նա/Նե 2010” “Հեռուստատեսային նյութ” անվանակարգում ներկայացված 29 աշխատանքներից կրկին ընտրվեցին երեքը, սակայն այս անվանակարգում առաջին մրցանակ չշնորհվեց: Երկրորդ տեղի մրցանակ շնորհվեց Սոնա Աբրահամյանին “Բանաձեւ” ընկերությունից եւ Անի Ստեփանյանին “Արտակարգ ալիքից”: Երրորդ մրցանակ շնորհվեց Լուսինե Ղարիբյանին “Երկիր Մեդիայից”: “Լուսանկարչական աշխատանք” անվանակարգում ներկայացված 7 աշխատանքներից մրցանակ հանձնվեց միայն Իննա Մխիթարյանին` www.medialab.am-ից: “Նա/Նե 2010” մրցանակաբաշխությունն այլեւս պատմություն է: Մրցանակները շնորհված են, իսկ սպասելիքները հաջորդ մրցանակաբաշխությունից` ավելին: Դե ինչ, “Նա/Նե”մրցանակաբաշխության շրջանակներում կհանդիպենք արդեն հաջորդ տարի :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW