×


“Ռադիո Վան”

“Ռադիո Վան”

Ռադիոկայանը նշեց 12-ամյակը:) ““Վան”-ը աննորմալ, լավ հիվանդություն է, որով ապրում ու վարակում ենք ուրիշներին”,- նշում է Ժակը: Դեկտեմբերի 8-ին հաղորդավարի պես “Վան” վարակի տարածմանը նպաստող շատ այլ անձինք “Giza” ակումբում նշեցին ռադիոկայանի տարեդարձը: “Ռադիո Վան”-ը մեկ ամբողջ ցիկլ է ավարտել. 12 տարեկան է:): Ani Julhakyan & Astghik Safaryan “Վանը մեր կարոտն է, մեր տարածքն է, մեր հույսն է, մեր ջուրն է, մեր ալիքն է”, -“FM 103”-ով հպարտանում է Շուշանիկ Արեւշատյանը: “Ռադիո Վան”-ի հիմնադիր տնօրենը “մութ” տարիներին որոշել էր. “Մարդկանց լավ լիցքեր, բարի աուրա, լավ տրամադրություն հաղորդող մի աղբյուր պետք է լինի, որ մենք կարողանանք ամբողջ օրը, ամիսը, այս դժվար կյանքը ինչքան հնարավոր է ավելի թեթեւ անցկացնել եւ չձանձրանալ”: Shushanik Arevshatyan “Ռադիո Վանը” այսօրվանից նոր շրջափուլի մեջ է մտել: Շուշանիկ Արեւշատյանի խոսքերով` ռադիոյի նոր գաղափար են ներկայացնելու. “Մենք նոր դաշտ ենք ստեղծում համացանցում, ավելին դեռ չեմ ասի: Իսկ 12-րդ տարեդարձը նշելը բոլորի համար զարմանալի է. այն կլոր տարեթիվ չէ, բայց մեզ համար շատ կարեւոր: Ցիկլն ավարտեցինք ու այսօր շնորհակալություն  ենք հայտնում մեր ապրած օրերին, մարդկանց, ովքեր մեզ հետ են: 73 միջազգային մրցանակ ունենք, առաջինն ենք, որ հայկական պատմությունը, մշակույթը ռուսերեն լեզվով ներկայացրինք ռադիոաշխարհին: Ներկայում մեր ծրագրերը հնչում են 135 երկրում”: Nick Egibyan & Aleksaner Dubass “Ռադիո Վան”-ի աշխատակիցներին տնօրենը պարբերաբար փոխելու սովորություն չունի. “Տասներկու տարի է` բոլորս իրար հետ ենք: Մոխրագույն մարդիկ մեզ հետաքրքիր չեն, այլ վառ գույներով, յուրովի մտածելակերպով ու բարձր ինտելեկտով անձինք”: Տոնական երեկոյի ընթացքում ռադիոկայանի 12 աշխատակից էստրադային երգիչ, երգչուհիների հետ դուետով հանդես եկան, հնչեցին 12 տարվա ընթացքում “Ռադիո Վան”-ի եթերում պտտված ամենահիթային ստեղծագործությունները: Hasmik Karapetyan Առաջին երգը, որ 1988 թվականին հնչել է ռադիոկայանի եթերում, “No Doubt” խմբի “Don’t speak” ստեղծագործությունն է: Այն կատարեցին Անի Ջուլհակյանն ու Աստղիկ Սաֆարյանը: “Անի Ջուլհակյանը “Ռադիո Վան”-ի նվիրյալ երկրպագուից նվիրյալ անդամի կարգավիճակում հայտնվել է 2004 թվականին, տարածքում երեւում է օրվա երկրորդ կեսին, նրա պայուսակում միշտ շոկոլադ կգտնվի, բլոգոսֆերայի մարտիկ է”,- իր կոլեգային ներկայացրեց Ժակը: Անտիգլամուրային “Ռադիո Վան” :) Նանան եւ Ջուսը Զեմֆիրայի գործերից կատարեցին, Նիկ Էգիբյանը Ալեքսանդր Դուբասեսի հետ հանդես եկավ, “The Beautified Project”-ի  վոկալիստ Անդրե Սիմոնյանը` Հայկ Մարտիրոսյանի հետ, Եգոր Գլումովին ձայնակցում էին “Jazzel”-ի աղջիկները: “Եգոր Գլումովը “Ռադիո Վան”-ում համարվում է լավագույն մտքերի գեներատորը, անտիգլամուրային երեւույթ է, երբեմն լինում է անտանելի, բայց առանց նրա հնարավոր չէ”,- հաղորդավարին այսպես ներկայացրին Լուլուն եւ Ժակը: Egor Glumov Ժակի եթերային փորձությունները :) “2001 թվականը շատ կարեւոր էր “Ռադիո Վան”-ի կյանքում, որովհետեւ այնտեղ հայտնվեց նա, Մայքլ Ջեքսոնը, օհ, ներողություն, Ժակը: Մասնակցում է կանանց բոլոր խոսակցություններին, միշտ խոսում է եթերային ձայնով, անգամ տանը. տուն մտնելով` ասում է` բարի երեկո, տանեցիներ, ինչպե՞ս է տրամադրությունը:): Ամենաբարի մարդը, խելացի, նրբանկատ…”:  Եթե Լուլուին թույլ տային, ժամերով կնկարագրեր Ժակին, բայց կանգ առավ. “Շատ  է սիրում կնոջը, դստերը եւ “Ռադիո Վան”-ը”: Ժակը դուետով հանդես եկավ Աննա Խաչատրյանի հետ: Jak & Anna Khachatryan Bravo.am-ին Ժակը պատմեց` ինչպես են իրեն վերաբերվել “Վան”-ում, երբ դեռ ռադիոկայանում նորեկ էր:): “Ուղիղ եթերում, երբ լուրեր էի կարդում, կրիա են իջեցրել մեջքիս, լույսերն են անջատել… Ինչպես որ բանակում, նոր եկած հաղորդավարների գլխին տարբեր փորձություններ էին ստեղծում, եթերից դուրս էլ շատ տարօրինակ բաներ էին լինում, մեր պատմությունները շատ-շատ են:)”,- ասաց հաղորդավարը եւ էլի հիշողությունների գիրկն ընկավ. “Այս ռադիոյում հայտնվելու բախտ ունեցա 2001 թվականին: Մինչեւ այսօր հիշում եմ երկու հարյուր հոգանոց հերթը քասթինգի ժամանակ. հերթս պահել էին, գնացել եմ տուն, վերադարձել ու կոնֆետ հյուրասիրել: Ներքին համոզվածություն կար, որ քասթինգն անցնելու եմ: Մի դուռը Գլումովն էր բացում, մյուսը` Չախոյանը` հայերեն եւ ռուսերեն… Այդ պահին համարձակվում էի երկու դուռն էլ բացել, չնայած` ամեն դեպքում բախտս բերեց, որ Չախոյանի մոտ գնացի:): Այդ օրվանից ռադիոն դարձավ  հարազատ, կյանք, տուն, ընտանիք”: Nana & Juce Լուլուն նպատակ էր դրել :) Լուսինե Բադալյանը` Լուլուն “Ռադիո Վան”-ի կազմում սիրելի ռադիոկայանի  իններորդ տարեդարձն էր նշում. “Ինձ թվում է` այս տարվանը ամենալավն ու  ամենաօրիգինալն է: “Վան”-ը կյանքս է մտել 2002 թվականի ամռանը` Ժակի միջնորդությամբ: Ես արդեն հեռուստատեսությամբ բավական հայտնի անձնավորություն էի, ասաց` կգա՞ս մեզ մոտ աշխատելու, ասացի` կգամ, գնացի, ռադիոն դարձավ ապրելակերպ, հիմա` օդ, ջուր, հաց` ամեն ինչ:):  Այս ոլորտում աշխատում եմ 1998 թվականից, բայց երազում էի այդ մասին 15 տարեկանից, անգամ գիտեի` կոնկրետ որ ռադիոկայանում եմ աշխատելու: Փոքր ժամանակ զանգահարել, հարցրել եմ` ի՞նչ է պետք այս ռադիոյում աշխատանքի ընդունվելու համար, ասացին` բարձրագույն կրթություն: Ես  ընդունվեցի պետական համալսարան…”: Roland Gasparyan Լուլուի ցանկացած եթերի ժամանակ, իր խոսքերով, ինչ-որ յուրահատուկ բան կատարվում է. “Կիկսեր շատ են լինում, անզուսպ ծիծաղ: Օրինակ, մի տարի առաջ շատ լուրջ հյուրեր ունեի` կազմակերպությունների նախագահներ էին, ու այնքան լարված էի, որ այդ լուրջ մարդկանց հետ պետք է լուրջ հարցազրույց անցկացնեմ: Եթեր մտնելուց նրանց ասացի` բարեւ ձեզ, սիրելի հաղորդավարներ:): Կոստյումներով ու փողկապներով մարդիկ զարմացած նայում էին վրաս:): Նման բազմաթիվ դեպքեր են եղել, որ կարելի է հիշել”: Ռադիոհաղորդավարների հետ ելույթ ունեցավ նաեւ Հասմիկ Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Էրիկը: Հասմիկ Կարապետյանի համար ռադիոն խորհրդավոր աշխարհ է. “Երբ քեզ չեն տեսնում, բայց ձայնդ լսում են, շատ յուրահատուկ է: Առաջին անգամ ձայնս ռադիոյով հնչել է շատ վաղուց, երգը չեք հիշի, ես նոր-նոր էի սկսել ստեղծագործել. “Գարուն” էր կոչվում”: “Ռեինկարնացիա” խումբը հնչեցրեց “Ռադիո Վան”-ի հիմնը: Տարեդարձի  համերգային հատվածը փակեց  “Դորիանս” ռոք-խումբը: Հետո՞: Հետո դիսկոտեկ, խաղեր, մրցանակներ, շամպայն, թխվածքներ ու շնորհավորանքներ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին