×


«Եվրատեսիլ 2011»

«Եվրատեսիլ 2011»

Հայաստանը կներկայացնի Էմմին : ) «Եվրատեսիլ 2011»-ին Գերմանիայում Հայաստանը կներկայացնի Էմմին: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեցին «Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ 2011»-ին» թեմայի շուրջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, Հանրային հեռուստառադիոընկերության մամուլի քարտուղար Լուսինե Թովմասյանն ու իրադարձության հերոսուհին` Էմմին: Lusine Tovmasyan, Emmy, Aleksan Harutyunyan Ասուլիսի սկզբում Լուսինե Թովմասյանն ասաց, որ «Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնելու է Էմմին, ապա խոսքը փոխանցեց Ալեքսան Հարությունյանին, ով նշեց, որ մի քանի օր առաջ է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը որոշել, որ 2011-ին “Եվրատեսիլի” համար լինելու է ոչ թե երգչի, այլ երգի մրցույթ. «Որոշվել է, որ հաջորդ տարի` 2011-ին, Գերմանիայում Հայաստանը կներկայացնի Էմմին: Կարելի է ասել, որ այսօր արդեն հայտարարում ենք երգի մրցույթ, որը բաց է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան կոմպոզիտորների համար: Գեղարվեստական խորհուրդը կընտրի այն երգերը, որոնք համապատասխանում են մրցույթին, կներկայացնի հեռուստադիտողի դատին, ապա ուղիղ եթերում` քվեարկության միջոցով, հեռուստադիտողը կընտրի այն երգը, որը Էմմին կներկայացնի մրցույթի ժամանակ»: Ալեքսան Հարությունյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Էմմիին. «Ոչ միայն համաձայնելու, այլեւ մարտական տրամադրված լինելու համար»: Բանախոսը նշեց նաեւ. «Առաջին անգամ չէ, որ լինում է ոչ թե երգչի, այլ երգի մրցույթ. այդպես է եղել Անդրեի ժամանակ, Սիրուշոյի ժամանակ...»: Էմմի. «Երբ խոսքը հայրենիքի մասին է, կարծում եմ, բոլորս պետք է մոռանանք այն ամենը, ինչ եղել է...» Լրագրողների այն հարցին, թե ինչպես Էմմին, այդչափ վիրավորված լինելուց հետո, համաձայնեց մասնակցել մրցույթին, երգչուհին պատասխանեց. «Երբ խոսքը հայրենիքի մասին է, կարծում եմ, բոլորս պետք է մոռանանք այն ամենը, ինչ եղել է. այստեղ ես ներկայացնում եմ ոչ թե ինձ, այլ մեր եռագույնը, կանենք ամեն ինչ, որպեսզի մեր եռագույնը բարձր տեղ զբաղեցնի»,- իսկ վիրավորված լինելու մասին երգչուհին ավելացրեց. «Երեւի վիրավորված եմ եղել. այդ մրցութային խառը իրավիճակից հետո շատ հեշտ էր ինձանից լսել նման բաներ, ես հետ չեմ կանգնում իմ ասածներից` ես վիրավորված եմ եղել, բայց եթե այսօր այստեղ եմ, եկել եմ ու ելույթ եմ ունենում, ուրեմն ամեն ինչ մոռացել եմ, պատրաստ եմ մասնակցել մրցույթին»: Երգչուհին ասաց, որ դեռ հորիզոնում որեւէ երգ չի տեսնում, բայց երբ այն արդեն լինի ու զուգերգով հանդես գալու կամ շոուի անհրաժեշտություն լինի, կդիմեն Միհրանին. «Այսօր եմ խոսել Միհրանի հետ, նա շատ զբաղված է, բայց եթե նրա ներկայությունը պետք լինի, կխնդրենք, որ օգնի մեզ»: Lusine Tovmasyan, Emmy Երգչուհին ասաց, որ այս մրցույթում կարեւորը լավ ելույթ ունենալն է, իսկ թե ինչպիսին կլինի նախապատրաստական ընթացքը, հետագայում կներկայացվի նաեւ հեռուստադիտողին: Ի դեպ, պարզվեց, որ 1 եւ 11 թվերը Էմմիի համար սիրելի եւ հաջողակ են. «Ես սնահավատ չեմ, չեմ հավատում նման բաների, բայց չգիտեմ ինչու ինձ այդ թիվը միշտ հետեւում է, ամեն դեպքում ամեն ինչ կանենք, որ 11-ին գումարվի մեր լավ, բուռն աշխատանքն ու ստանանք շատ լավ արդյունք»: Ասուլիսի ժամանակ որոշ լրագրողներ էլ անդրադարձան երգչուհու` երկրից բացակայելու հարցին, խոսեցին, թե ինչ նորություններ ունի, իսկ երգչուհին ներկայացրեց այս ամիսների իր աշխատանքը, որի մասին Bravo.am–ը ձեզ արդեն պատմել է: Էմմին եւ Ալեքսան Հարությունյանը բարիշել են :) Լրագրողները խոսեցին նաեւ այն մասին, որ նախկինում Էմմին վիրավորված էր նաեւ Հանրային հեռուստաընկերությունից ու Ալեքսան Հարությունյանից, երգչուհին էլ ծիծաղելով պատասխանեց. «Մենք բարիշել ենք»: Իսկ Լուսինե Թովմասյանը, հասկանալով, որ լրագրողական “կենացները գնալով քաղցրանում են”, ներկաներին հիշեցրեց, որ եկել են խոսելու ոչ թե անցյալից, այլ ապագայից: Emmy and Aleksan Harutyunyan Ալեքսան Հարությունյան. «Էմմին իմ ցուցակում դեռ 2006-ից կար» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ 2006-ին, երբ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում “Եվրատեսիլ”-ին, մտածում էր, թե մեզ մոտ ինչ երգիչներ կան, որ կարող են այդ մրցույթին մասնակցել. «Մի շարք երգիչներ կային իմ աչքի առաջ, որոնք, վստահ էի, որ գնալու են: Էմմին հենց սկզբում էլ կար այդ ցուցակում, նա կարող էր ավելի շուտ գնալ, բայց, ինչպես ինքն ասաց, 11-ն իր թիվն է. ինքն այդ թվին պետք է մասնակցի»: Eurovision-2011 Ալեքսան Հարությունյանը նշեց, որ այս տարի որեւէ այլ թեկնածություն չեն քննարկել. «Եվ դա որեւէ կապ չունի անցած տարվա հետ: “Եվրատեսիլ”-ի մասնակիցների այն ցուցակը, որ ես ունեի դեռ 2006-ին, կարծես, Էմմիով սպառվեց, դրանից հետո էլ այլ երգիչներ կմասնակցեն տարբեր տարիներին, այնպես որ Էմմին իմ ցուցակում վաղուց կար»: Մեր զրուցակիցն ասաց, որ ակնկալիքներն ամենաբարձրն են. «Եթե մեզ հաջողվի լավ երգ գտնել, լավ շոու կազմակերպել, ինչի համար ամեն ինչ կանենք, վստահ եմ, որ մենք ամենալավ ելույթը կունենանք: :) Նադեժդա Սարգսյան. «Մենք փոքրուց տրամադրված ենք եղել հաղթանակի…» Bravo.am-ի հետ զրույցում Նադեժդա Սարգսյանն ասաց, որ մի քանի օր առաջ են իմացել Էմմիի մասնակցության մասին. «Եվ ուրախալի լուր է, եւ պատասխանատու: Մեծ բարդության առջեւ է կանգնած, քանի որ հունվարի 30-ին եւ 31-ին օպերայում մեծ մենահամերգներ են լինելու, որոնց ծրագիրը շատ բարդ է, բայց, համոզված եմ, կհաղթահարի»: Նադեժդա Սարգսյան. «Մենք փոքրուց տրամադրված ենք եղել հաղթանակի…» Խոսելով եվրատեսիլյան ակնկալիքներից` Նադեժդան նշեց. «Մենք փոքրուց տրամադրված ենք եղել հաղթանակի, բայց հիմա չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել: Ամեն դեպքում մարտական ենք տրամադրված, վոկալը պատրաստ է, հիմա Աստված ենք կանչում, որ մի լավ երգ լինի: Համոզված եղեք, ինքը լավագույնս կներկայացնի, եթե ունենանք լավ երգ:)»: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը Հայաստանու՞մ կկայանա “Եվրատեսիլ” երգի մրցույթից խոսելով` որոշ լրագրողներ էլ անդրադարձան «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի` Հայաստանում կայանալու հարցին, որին ի պատասխան Ալեքսան Հարությունյանն ասաց. «Ի տարբերություն «Եվրատեսիլ»-ի, «Մանկական Եվրատեսիլ»-ը պարտադիր չէ, որ անցնի հաղթող երկրում, մենք դեռ հայտ չենք ներկայացրել, որ այն լինի Հայաստանում, քանի որ դա մեծ ծախսերի հետ է կապված»: Իսկ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը հավելեց. «Բայց այնպես չէ, որ որոշել ենք չներկայացնել...»: ““Եվրատեսիլը” քաղաքականությո՞ւն է” Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսվեց նաեւ “Եվրատեսիլ”-ում քաղաքական գործոնի առկայության մասին: Emmy and Aleksan Harutyunyan «Եվրատեսիլը» քաղաքականությո՞ւն է հարցին Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. ««Եվրատեսիլը» քաղաքականություն է այն իմաստով, որ, օրինակ, նախկին Հարավսլավական երկրները միմյանց օգտին են քվեարկում, եւ մի շարք նման բաներ: Իմ կարծիքով, քաղաքականություն կա, բայց այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ նստում ու որոշում են, թե ով է հաղթելու: Կարծում եմ, այստեղ ընդամենը պետք է լավ երգ, երգիչ ու շոու ունենալ»: Ասուլիսից հետո հյուրասիրության սեղանի շուրջ շնորհավորեցին Էմմիին: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին