“Հունաստանում ինձ համար այլանդակ լավ էր” :)
Ինչպե՞ս է իր ամառային հանգիստն անցկացնելու Արչին: Դե, ծովի մեծ սիրահար հաղորդավարն օգոստոսին մեկնելու է եվրոպական որեւէ ծովափնյա երկիր: Այո, վայրը հստակ չի որոշել, որովհետեւ ընկերների նախասիրություններն էլ պետք է հաշվի առնի: Բայց արդեն գիտի, որ ամառային ակտիվ հանգիստը կարժենա նվազագույնը 1500 դոլար: :)
Ռադիո “Ավրորա”-ի ու “Դար 21-ի” հաղորդավարը նշում է, որ յուրաքանչյուր ուղեւորությունից առաջ ինտերնետով ուսումնասիրում է տվյալ երկիր այցելած զբոսաշրջիկների կարծիքները. “Կարդում եմ մարդկանց տեսակետները` ուր կարելի է գնալ, որոնք են ամենահետաքրքիր ու անսովոր վայրերը, անպայման գրում եմ իմ օրագրում (այս կյանքում ամեն ինչ գրում եմ, եթե չգրեմ, հաստատ կմոռանամ :)), որ հետո տեղում ինքս այցելեմ”:
Արչին չի սիրում միայնակ մեկնել հանգստանալու. «Ամեն անգամ ընկերներով գնացել ենք այն երկիրը, ուր ծանոթ կամ ընկեր ենք ունեցել: Այս անգամ որոշել ենք մեկնել ծովափնյա մի տեղ, ասենք` Թունիս, որտեղ ծանոթներ չունենք: Միայնակ հանգստանալն ինձ համար հետաքրքիր չէ. կողքիս պետք է լինեն իմ ընկերները կամ ընտանիքիս անդամները”:
“Քանի որ մի քանի հոգով պետք է գնանք, մի քիչ բարդ է. ամեն մեկը մի տեղ է ուզում, մեկը տվյալ երկրում արդեն եղել է, մյուսը չի եղել ու չի էլ ուզում լինել: Դեռ երկիրը վերջնական չենք որոշել:): Սկզբում կլինեմ ընկերներիս հետ, վերջին 5 օրը միայնակ կմեկնեմ Իտալիա` իմ լավ ընկերոջ` դիզայներ Նաիրա Խաչատրյանի մոտ: Հատուկ շոփինգի համար եմ գնալու, նաեւ կհասցնեմ տեսնել Ֆլորենցիան, Հռոմը…”:
“Մի անգամ էլ բանկոմատը քարտս “կուլ տվեց””
“2007 թվի ամռանը ողջ Հունաստանով տուր անցկացրինք: Սկզբում տեսա Աթենքը, հետո գնացի Հունաստանի ու Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ալեքսանդրոպոլ քաղաք, հետո էլ Հունաստանի կղզիներով մի լավ ման եկանք, փարթիներին պարեցինք… ուղղակի այլանդակ լավ էր”: :)
Արչին հետաքրքիր փաստեր ու հուշեր է բերել Հունաստանից. “Երբ այնտեղ պատմամշակութային վայրեր ես այցելում, սովորության համաձայն որպես հիշատակ հետդ քար ես վերցնում: Օրինակ, Ակրոպոլիսի տարածքում հատուկ աշխատողներ կան, որոնք գիշերն ուրիշ տեղերից մանր քարեր են բերում ու շաղ տալիս, որ զբոսաշրջիկները չվնասեն պատերը: Տպավորություն է ստեղծվում, որ հենց հին քար ես վերցրել, բայց իրականում` ոչ :)”:
“Տեսարժան վայրերից բացի, մեզ մի անգամ հրավիրեցին ծովափնյա մի փարթիի, որն ինձ համար շոկ էր: :) Պատկերացրեք, Հունաստանում փարթի է, ուր պարում են միայն ռուսական “Руки Вверх” խմբի 1996 թվի երգերի տակ, հավաքված են սովետական երկրների 90-ականներով ապրող մարդիկ` հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, որոնք այն ժամանակվա հագուստով, երգերով ապրում են հիմա: Իրոք, տարօրինակ ու ծիծաղելի փարթի էր”:
Հունաստանում Արչիի հետ անսպասելի դեպք էլ է պատահել. “Օդակայանում պարզեցի, որ ուղեբեռս տեղ չի հասել, բայց հետո մի սփյուռքահայ օգնեց կարգավորել խնդիրներս, մի անգամ էլ բանկոմատը քարտս “կուլ տվեց” (ստիպված էի մի ամբողջ օր սպասել, որովհետեւ հույները շատ ալարկոտ են ):
“Ծովը թողած հիմնականում սոլյարիում են սեւանում”
Արչին պատմում է, որ աշխատանքային գործուղումներն ու հանգիստը հաճախ համատեղում է. “Երբ մեկնում ես, կարող ես քո գործն անել ու ընթացքում հանգստանալ: Ամբողջ տարին աննորմալ ռիթմով ապրող մարդու համար դժվար է կտրուկ փոխել միջավայրն ու 14 օր “անգյալի” պես հանգստանալ: :) Ինձ համար ամեն ինչ շատ ակտիվ պիտի լինի”:
2008-ի ամռանը հենց այդ տարբերակն էր. “ Յուրմալայում “Նոր ալիք” մրցույթին Մհերը ներկայացնում էր Հայաստանը, ես էլ էի մեկնել որպես լուսաբանող: Յուրմալան հանգիստ, “մեռած” քաղաք է, իսկ մրցույթի օրերին ակտիվանում է, եւ ամբողջ ռուսական շոու-բիզնեսը հավաքվում է այնտեղ: Յուրմալայի գլխավոր փողոցը` Յոմասը, դառնում է մարդաշատ, չնայած միայն հետիոտների համար է: Ամառվա կեսին լողափում բավականին ցուրտ է լինում, ուժեղ քամի է, անձրեւներ, ջուրն էլ սառն է: Հետաքրքիր է, որ ծովը “կողքները” թողած մասնակիցները հիմնականում սոլյարիում են սեւանում”:
Արչիի խոսքերով, Յուրմալան այդ օրերին դառնում է տուրիստական մեծ ճամբար. “Ամեն օր շփվում ես մեգաաստղերի հետ, լինում ես նույն ժամանցի վայրերում, փորձերին, համերգներին, փարթիներին տեսնում ես նրանց, այսինքն` սովորական մարդը եւ հայտնիները կիսում են իրենց կենցաղը, չհաշված քնելը: :) Կազմակերպիչները հատուկ այդ համակարգն են մշակել, որ բոլորը իրար հետ շփվելու հնարավորություն ունենան, ինչը շատ հետաքրքիր է”:
“Յուրմալայից 2-3 օրը մեկ գնում էինք Ռիգա, որն անչափ սիրուն քաղաք է: Այնտեղ հին Ռիգայի շենքերն են լավ պահպանված, որի շուրջն էլ նոր քաղաքն է: Հնի ու նորի համադրությունը շատ ճիշտ են պահպանել, ի տարբերություն Երեւանի: “Հին” Ռիգայի փողոցներում ականատես եղա լատվիացիների հետաքրքիր ավանդույթներից մեկին. հարսանիքից առաջ հարսն իր ընկերուհիների, իսկ փեսան` ընկերների հետ փողոցներում երգում, պարում, գումար են հավաքում, անցորդները նվերներ են տալիս… Ժամանցի այս ուրախ տարբերակը նրանց ավանդույթներից մեկն է”:
“Հայ համայնքը ծննդյանս օրն անակնկալ էր արել” :)
Հաղորդավարն աշխատանքային այցով մի քանի տարի առաջ մոտ մեկ ամիս բնակվել է Իրանում. “Ամենից շատ ինձ դուր եկավ այնտեղի հայ համայնքի համախմբվածությունը: “Բաց նախագիծ” ծրագրի շրջանակներում մեկ շաբաթվա թողարկումներ պետք է նկարեինք: Թեհրանում կա մի մեծ պարսպապատ տարածք, որը կոչվում է “Արարատ մարզավան”, որտեղ կան հայկական դպրոց, եկեղեցի, թենիսի կորտեր, սպորտային դահլիճներ… Այդ տարի ծնունդս նշեցի Պարսկաստանում: Հայ համայնքն ինձ համար անակնկալ էր արել. մի մեծ դահլիճում մոտ 400 հոգով շատ լավ ու անմոռանալի ծնունդ արեցինք”,- հիշում է Արչին:
Հայաստանի տեսարժան վայրերում հաղորդավարը հաճախ իր աշխատանքային կոլեկտիվների հետ է լինում. “Կարծում եմ` Հայաստանում այնքան լավ տեղեր կան գնալու, որ ինչքան էլ գնամ, քիչ է: Չեմ սիրում ամառանոցային պասիվ հանգիստը, երբ խորոված են ուտում ու վերջ::) Կարեւոր է տեսարժան վայրեր տեսնելը, մշակութային արժեքներին ծանոթանալը: Բայց պետք է խոստովանեմ, որ հանգստի ժամանակ չեմ սիրում նկարվել, փոխարենը ֆոտոխցիկով ինքս կադրեր եմ որսում:”
Արչին նշեց, որ որպես զբոսաշրջիկ ուզում է հայտնվել Նյու-Յորքում: Ի դեպ, վերջերս փոխել է իր անձնագիրը եւ դեռ չի հասցրել նոր վիզաներ ունենալ: Այս տարվա ծովափնյա ուղեւորությունով անձնագրում կհաստատվի առաջին կնիքը: Մաղթենք նրան, իր իսկ խոսքերով, “ընտրագույն ու այլանդակ լավ” հանգիստ: :)
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արչիի անձնական արխիվից


×
13,579






