09 Սեպտեմբեր 10
Բա իմացա՞ր
 
 
0
Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը

Ի՞նչ են խոսում. Անդրեն նշանվել է:

Իրականում. տեւական ժամանակ է` Անդրեի երկրպագուները խնդրում էին պարզել` արդյոք ճի՞շտ են Անդրեի նշանադրության մասին լուրերը: Այդ խոսակցությունները վերստին ակտիվացան, երբ սիրված երգչին նրա երկրպագուները «բռնացրին» գեղեցկատես մի օրիորդի ուղեկցությամբ: Անդրեի խենթ երկրպագուները, որ երգչին բազմաթիվ անգամ ամուսնացրել էին էլ երկրպագուներից մեկի, էլ ոմն հարուստ ժառանգորդուհու հետ, այս անգամ չէին սխալվում: «Ընկերուհիս է` Անին, թե ապագայում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա: Մենք դեռեւս վայելում ենք մեր սիրո գարունը»,- ասաց Անդրեն: Ինչ վերաբերում է Անիի մատանուն, որն, ըստ խոսակցությունների, Անդրեն է նվիրել, երգիչը շեշտեց. «Չեմ պատրաստվում անձնական կյանքս դարձնել բիզնես-նախագիծ: Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում իմ` նշանված լինելու մասին խոսակցությունները»: Իմիջիայլոց նկատենք, լուսանկարներում Անիի մատանին աջ ձեռքի միջնամատին է, ինչն էլ թերեւս ապացուցում է, որ երգիչը դեռեւս նշանված չէ:

Andre & Ani
Երգիչ Անդրեն ընկերուհու` Անիի հետ


Տեղեկացնենք, որ զույգը ծանոթացել է Հոլանդիայում` աղջկա բարեկամներից մեկի կազմակերպած մի միջոցառման ժամանակ: Անին ծնվել է Գերմանիայում, որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան. այստեղ Անին անգամ դպրոց է հաճախել, ապա մեկնել են Հոլանդիա եւ մինչեւ այժմ էլ բնակվում են այնտեղ: Անդրեի եւ մասնագիտությամբ մանկավարժ Անիի սիրո պատմությունը 1,5 ամսական է, սակայն նրանք հանդիպման ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում: «Այժմ մեծ հաճույքով եմ ընդունում համերգային առաջարկությունները, որ ստանում եմ Հոլանդիայից կամ էլ մոտակա եվրոպական ցանկացած երկրից: Ահա Անին էլ եկավ Երեւան` քրոջս` Անուշի հարսանիքին»,- նկատեց նա` ավելացնելով, որ Անին գիտեր իր մասին եւ 2007-ին իր համերգին ներկա է գտվել, թեեւ իր երկրպագուհին չէ եւ Անդրեի ռոմանտիկ երգերն է միայն հավանում:

Ի դեպ, Անդրեի պրոդյուսեր-քույրը շատ է հավանել եղբոր ընկերուհուն: Ինչպես նկատեց երգիչը. «Քրոջս հետ այնքան մտերիմ ենք` ասես երկվորյակներ լինենք: Շատ կապված ենք բոլոր հարցերում, եւ դա երբեմն նույնիսկ խանգարում էր մեր անձնական կյանքը դասավորելուն: Անին այն եզակի աղջիկներից էր, որ քրոջս հավանությանն արժանացավ»:

Andre & Ani
Անդրեն ու Անին


Տեղյակ էինք նաեւ, որ Անդրեն վերջերս առողջական խնդիրներ է ունեցել: Երգիչը հաստատեց նաեւ այս լուրը` հայտնելով, որ Ատլանտյան օվկիանոսի ափին հանգստանալիս մրսել էր եւ 26 օր թոքաբորբով պառկել. հիվանդության պատճառով երգիչը կորցրել է 2-3կգ քաշ: Սակայն վստահեցրեց, որ թոքաբորբը ձայնալարերի վրա չի ազդել:

Անձնական կյանքի փոփոխություններից զատ, Անդրեն բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում. թողարկման է պատրաստում իր հերթական ձայնասկավառակը, որ կոչվելու է «Անդրենալին»: Բացի այդ, շուտով եթերում կլինեն մի քանի նոր տեահոլովակներ, տեղի կունենա երեւանյան խոստացած մենահամերգը, ինչպես նաեւ համերգային շրջագայություններ ԱՄՆ-ում եւ Իսրայելում:


Ի՞նչ են խոսում. երիտասարդ երգչուհիներ Մարին եւ Մարթան հաջողությամբ հանձնել են քննություններն ու ընդունվել իրենց նախընտրած բուհերը:


Mari
Երգչուհի Մարին


Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը: Այս տարի դպրոցն ավարտելուց հետո աղջիկները պատրաստվում էին ընդունվել համալսարան` օտար լեզուների մասնագիտությամբ: Քննությունների ավարտից հետո պարզ դարձավ, որ նրանք երկուսն էլ հաջողությամբ են հանձնել քննությունները եւ ընդունվել դիմում-հայտով նշած բուհերը: Մարին ընդունվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերեն բանասիրության բաժինը, իսկ Մարթան` ԵՊՀ ռոմանագերմանական ‎ֆակուլտետի նույն բաժինը: Երկուսն էլ նշեցին, որ չափազանց շատ են վախեցել քննությունների ընթացքում: «Երբեք չէի պատկերացնի, որ այդքան ծանր կտանեմ քննաշրջանը, վախից եւ փորս էր ցավում, եւ գլուխս, չգիտեի` ինչ էր կատարվում»- պատմեց Մարին:

Marta
Երգչուհի Մարթան


Մարթան եւս շատ է վախեցել քննություններից, ավելի շատ նրան շփոթության է մատնել հայոց լեզվի քննության թեստը, որը, ըստ նրա, խայտառակություն էր: «Այդ քննությունից հետո մյուս քննություններին անվստահ էի գնում, սակայն բոլորն էլ հաջողությամբ հանձնեցի»,- նկատեց Մարթան: Նրանց խոսքերով` քննություններին քննական հանձնաժողովի անդամները ճանաչել են իրենց, իսկ Մարթային տեսնելով քննասենյակում, հսկիչներից մեկը զարմացել է` հարցնելով, թե ինչու կոնսերվատորիա չի դիմել: Նշենք, որ երգչուհիները գոհ չէին իրենց քննությունների արդյունքներից եւ ասում են, որ կարող էին ավելի բարձր միավորներ հավաքել: Մարին, սակայն, խուսափեց հրապարակել ընդհանուր միավորների գումարը` միայն ասաց, որ ոչ բարձր եւ ոչ էլ շատ ցածր միավորներ է հավաքել, իսկ Մարթայի միավորների ընդհանուր գումարը 44. 25 է: Մարին մինչ դասի գնալը հանգստանալու մեկնեց Մոսկվա, որտեղից վերադարձավ ուսանողուհուն անհրաժեշտ բոլոր պարագաներով, իսկ Մարթան դեռ չի պատկերացնում, որ սեպտեմբերից ոչ թե դպրոց, այլ համալսարան է գնալու:

Ի՞նչ են խոսում. երգչուհի Շպռօտը ‎ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում ավարտել ԱՄՆ-ում նկարահանվող տեսահոլովակն ու վերադառնալ Հայաստան:

Shprot
Երգչուհի Շպռօտը


Իրականում. լուրը կարծես թե չի համապատասխանում իրականությանը, քանի որ երգչուհին տեղեկացրեց, որ ‎ֆինանսական առումով ամեն բան «ok» է եւ իրեն բոլոր հարցերով աջակցում է իր` ԱՄՆ-ի նոր ընկեր-բարեկամը: Նա ասաց, որ շարունակում է նոր երգեր ձայնագրել: Հիշեցնենք, որ Շպռօտը Հայաստան պետք է վերադառնար դեռեւս օգոստոսին, սակայն, ինչպես ինքն ասաց, ԱՄՆ դեսպանատանը օրենքի` ժամկետի խախտման հետ կապված խնդիրներ չունի. երգչուհին օրինական կերպով երկարացրել է ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը: «Ուզում եմ այստեղի շուկայի համար աշխատել, բայց չեմ ուզում անել այն, ինչ այստեղ են անում կամ այն, ինչ արել եմ Հայաստանում: Արամ Ավագյանի ու երաժշտական պրոդյուսեր Արմեն Մխիթարյանի հետ մի նոր բան ենք մտածում»,- տեղեկացրեց Շպռօտը` նշելով, որ հատուկ ԱՄՆ-ի շոու-բիզնես մուտք գործելու համար նոր ‎ֆոտոսեսիաներ է արել, որի մասին չցանկացավ ավելի հանգամանալից խոսել: Բացի բազում ձայնագրություններն ու ֆոտոսեսիաները, երգչուհին ԱՄՆ-ում նկարահանվել է USArmenia ալիքի «Լոս» սերիալում, որտեղ հերոսուհու անունը հենց Անի է, իսկ մարմնավորած կերպարի մասին նախընտրեց լռել, քանի որ սերիալը դեռ եթերում չէ:

Ինչ վերաբերում է անձնականին, երգչուհին վստահեցրեց, որ ոչ մի փոփոխություն չկա, պարզապես հավելեց, որ ինքն ու Էռնեստը ջերմ հարաբերություններ ունեն, շփվում են ինտերնետով եւ որ ինքը Էռնեստին շատ է սիրում:

Ի՞նչ են խոսում. Անդրեի քույր ու պրոդյուսեր Անուշ Հովնանյանն ամուսնացել է:

Anush & Ashot
Աշոտ Մանգասարյանն ու Անուշ Հովնանյանը


Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը: Վերջերս Երեւանի բուսաբանական այգում տեղի ունեցավ Անուշ Հովնանյանի եւ Աշոտ Մանգասարյանի պսակադրության արարողությունը: 2005թ.-ի ամռանը Անուշենք որոշում են ընկերներով խենթություն անել` ամռան շոգին խաշ ուտել: Ամառային այս խենթությունն էլ ճակատագրական եղավ Անուշի եւ Աշոտի համար` նրանք առաջին անգամ հանդիպեցին: Սակայն դրանից մի քանի տարի անց` 2009թ. օգոստոսին մոսկվաբնակ 25-ամյա բիզնեսմեն Աշոտի (ըստ Անուշի` նա Մոսկվայում մեծ ընկերության տնօրեն է) եւ պրոդյուսեր Անուշի հարաբերությունները կարծես նոր փուլ թեւակոխեցին, առավել մտերմիկ դարձան: Եվ ահա 2009-ի օգոստոսի 5-ին էլ զույգը որոշեց նշանադրվել, իսկ ընկերությունից ուղիղ 1 տարի անց նույն օրը` այս օգոստոսի 5-ին, կազմակերպել պսակադրությունը: Անուշի եւ Աշոտի հարսանեկան արարողությունն անցել է շատ մտերմիկ շրջանակում, որոնց թվում էին նաեւ հայտնիներից մի քանիսը: Իսկ ահա ռեստորանային համալիրում զույգին իրենց երգերը նվիրեցին հարսի եղբայրը` Անդրեն, Եվա Ռիվասը, Ֆլորա Մարտիրոսյանը: Սեփական հարսանիքին երգեց նաեւ Անուշը: Այժմ նորապսակներն իրենց մեղրամիսն են վայելում Իտալիայում` Հռոմում, որտեղից կմեկնեն Մոսկվա` ամուսնու ծնողների մոտ: Անուշը մեզ տեղեկացրեց նաեւ, որ ամուսնու հետ բնակվելու են Մոսկվայում, սակայն դա ամենեւին էլ չի խանգարի, որ նա զբաղվի Անդրեի պրոդյուսերությամբ:
Ի՞նչ են խոսում. դերասանուհի-հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը բալիկ է ունեցել:

Narine Sultanyan
Նարինե Սուլթանյանը


Իրականում. այս ուրախալի լուրը համապատասխանում է իրականությանը: Նարինե Սուլթանյանը օգոստոսի 5-ին աղջիկ է ունեցել: Հաղորդավարուհին բալիկի ծննդյան կապակցությամբ որեւէ մանրամասն հաղորդել չի ցանկանում: Պատճառը Հայաստանից չափազանց հեռու գտնվելն է: «Երբ սեպտեմբերի վերջին վերադառնամ Հայաստան, այդ ժամանակ էլ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծեց Նարինեն, ումից կարողացանք միայն կորզել, որ փոքրիկն իրեն լավ է զգում եւ ամեն ինչ շատ լավ է:

Ինչեւէ, հարգելով Նարինեի ցանկությունը եւ շնորհավորելով առաջնեկի ծննդյան կապակցությամբ, միայն տեղեկացնենք, որ հաղորդավարուհին բալիկն ունեցել է ԱՄՆ-ում` ինչպես մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ: Չենք կարող վստահաբար ասել, թե Նարինե Սուլթանյանը գերադասել է ծննդաբերել ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում, քանի որ չի վստահում մեր գինեկոլոգներին, թե այլ հիմավոր պատճառներ կային, այնուամենայիվ, փաստ է, որ նա եւս հետ չմնաց վերջերս ձեւավորված միտումից:

Նյութը` «Ե՞ս Yes» ամսագրի
Լուսանկարները` Bravo.am-ի
 
 
Երգչուհի Շպռօտը

Երգչուհի Շպռօտը

Անդրեն ու Անին

Անդրեն ու Անին

Աշոտ Մանգասարյանն ու Անուշ Հովնանյանը

Աշոտ Մանգասարյանն ու Անուշ Հովնանյանը

Երգչուհի Մարին

Երգչուհի Մարին

Երգչուհի Մարթան

Երգչուհի Մարթան

Նարինե Սուլթանյանը

Նարինե Սուլթանյանը

Երգիչ Անդրեն ընկերուհու` Անիի հետ

Երգիչ Անդրեն ընկերուհու` Անիի հետ

0
6504 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: