08 Հուլիս 10
Կոշիկի հետքերով…
 
 
0
«Հնագետը պետք է հնություն սիրի»

6000 տարի առաջ Արփայի (ներկայիս Արենի) տարածքում բնակվել են ցեղախմբեր, որոնց ինքնությունը այժմ փորձում են պարզել Կալիֆոռնիայի հնագիտության համալսարանի եւ Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետները: Բայց ովքեր էլ որ նրանք լինեն, հաստատ չեն էլ կասկածել, որ 6000 տարի անց Հայաստանի քաղաքացի, 1982 թվականին ծնված գեղեցկադեմ շիկահեր Դիանա Զարդարյանը կգտներ իրենցից մեկին պատկանող կոշիկը:

Արենի 1 քարայրը
«Արենի 1» քարայրը


Չնայած այն փաստի, որ այս հաջողակ աղջիկը առաջին մասնագիտությամբ լեզվաբան է եւ բացի ռուսերենից եւ անգլերենից տիրապետում է եբրայերենի եւ հունարենի, մի գեղեցիկ օր նա որոշում է իրականացնել իր մանկության երազանքը եւ սկսում է ուսումնասիրել հնագիտություն: Ներկայումս նա Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ է, զբաղվում է Հայաստանի պղնձեքարեդարյան խեցեղենի ուսումնասիրությամբ, աշխատում է Հնագիտության ինստիտուտում 2007 թվականից, պեղումների մասնակցում է 2005-ից: «Մանկուց երազել եմ հնագետ դառնալ: Բացի հնագիտությունից միշտ հետաքրքրվել եմ լեզուների ուսումնասիրությամբ, ինքնուրույն սկսել էի սովորել եբրայերեն ու հունարեն եւ հետագայում ավելի խորացված եմ ուսումնասիրել այդ լեզուները: Զբաղվել եմ ուրարտական եւ աքադական սեպագրերի ուսումնասիրությամբ: Կյանքում հնագիտական երկու մեծ երազանք եմ ունեցել` միշտ ցանկացել եմ հին կոշիկ գտնել, եւ երազանքս իրականացավ: Իսկ երկրորդը` գտնել կավե սալիկ սեպագրերով եւ ինքնուրույն այն վերծանել: Այս տարի էլ նպատակ ունեմ ատենախոսությունս պաշտպանել»:

Diana Zardaryan
Հնեաբան, պատմական կոշիկը գտած Դիանա Զարդարյանը


Բացի այդ, Դիանան հավաքում է բրածո խխունջներ, քարերի եւ ապառների մեծ հավաքածու ունի: Լսում է 60-ականների ռոք-երաժշտություն: Ինչպես նա է ասում. «Հնագետը պետք է հնություն սիրի»:

Այժմյան փուլում պեղված Արենիի քարայրը բաղկացած է ժամանակավոր բնակատեղիից եւ պահոցից: Պահոցային մասում գտնվել է գինեգործության համալիր, որտեղ, շնորհիվ քարայրի ներքին անփոփոխ ջերմաստիճանի, մինչ այժմ էլ պահպանվել են խաղողի մնացորդները: Համալիրը իրենից ներկայացնում է թրծված եւ ոչ թրծված տառապաններ, կավե տակառներ եւ գինու պահպանման համար նախատեսված կարասներ, գունազարդ գործվածքներ, թոնիրներ: Քիմիական հետազոտությունների հաստատման դեպքում կապացուցվի, որ մեր տարածքում գտնված համալիրը գինեգործության ամենահին աղբյուրներից մեկն է, եթե ոչ ամենահինը:

Մասնագետները չափագրում են յուրաքանչյուր շերտը
Մասնագետները չափագրում են յուրաքանչյուր շերտը


Մեզ շատ հետաքրքրեց ու նույնիսկ զվարճացրեց այն փաստը, որ անգամ 6000 տարի առաջ մարդիկ հյութ կամ գինի խմելիս օգտագործել են ձողիկներ, սակայն, ի տարբերություն այժմյան ձեւավոր տարբերակների, նրանք եղեգից են պատրաստված եղել: Տեսնես եղեգը լեզուն խմելուց չի՞ ծակծկել:):

Քարայրի պահոցային մասում տակառներից մի քանիսում, բացի հացահատիկեղենից եւ պտուղներից, գտնվել են 7-14 տարեկան աղջիկների գանգեր, որոնցից մեկում անգամ պահպանվել է գլխուղեղը: Հետազոտության համաձայն, բոլորն էլ մահացել են հարվածից: Այս ամենը մասնագետներին տեղիք է տալիս ենթադրել, որ վերը նշվածը որեւէ ծիսակատարության խորհուրդ է կրել: Տեսնես 6000 տարի առաջ է՞լ էր հնարավոր ծանոթով զոհաբերությունից ազատվել :):

Ինչպես մենք նկատեցինք, արշավախմբի առօրյան բավականին ուրախ է անցնում: «Արենի-1»-ում աշխատող խումբը բաղկացած է տարբեր ազգերի ներկայացուցիչներից` հայեր, ամերիկացիներ, իռլանդացիներ, հրեաներ եւ այլն: Պեղումներին մասնակցում են հնագետներ, մարդաբաններ, երկրաբաններ, ճարտարապետներ, հնէակենդաբաններ, հնէաբուսաբաններ... Խումն ունի կոնկրետ այդ մասնագիտությանը հատուկ քարայրային հումորներ, ինչի ականատեսը մենք էլ դարձանք: Տերմիններով հագեցած մի հումոր հնչեց, որը մենք չհասկացանք եւ ի զորու չենք փոխանցել:):

Պեղված գինու պահպանման համար նախատեսված կարաս
Գինու պահպանման համար նախատեսված կարասը


Արդեն մոտենում էր ընդմիջման ժամը, երբ Դիանան մեզ «и смех, и грех» բան պատմեց: Պեղումների ընթացքում մկան բուն է հայտնաբերվել, որի մեջ, ամենայն հավանականությամբ, միտումնավոր մի պապիրուսե ձեռագրի կտոր է դրված եղել, որի վրա երկու լեզվով` հայերեն եւ պարսկերեն, գրված է` «Քրիստոսի զորութեամբ»: Այն հիմա ցուցադրված է Մատենադարանում: Դե ասեք` այսքանից հետո ո՞վ է մարդու լավագույն ընկերը` շո՞ւնը, թե՞ մուկը:

Այստեղից բացվում է երրորդ նոր մուտքը, որը դեռեւս պեղումների ընթացքում է
Այստեղից բացվում է նոր` երրորդ մուտքը, որը դեռեւս պետք է ուսումնասիրվի


Քարայրում հանդիպեցինք նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի հնագիտության պրոֆեսոր, Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչ ու համատեղ ծրագրի ամերիկյան կողմի տնoրեն Գրիգոր Արեշյանին, որը Bravo.am-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանում սա մեր երկրորդ ծրագիրն է, որը մենք իրագործում ենք 10 տարվա ընթացքում: Այս պեղումներին մասնակցում են նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի հնագիտության ասպիրանտները եւ ուսանողները: Այսօրվա դրությամբ մենք ունենք 48 նախագիծ 22 երկրներում` Եգիպտոսում, Իսրայելում, Սիրիայում, Թուրքիայում եւ այլն, բայց Կովկասի տարածքում միայն Հայաստանն է: Երկու պատճառով ենք այստեղ գտնվում. առաջինը` սերտ հարաբերություններն են Հայաստանի հնագետների հետ, երկրորդն էլ` ունենք երկու հեռանկարային նախագիծ` 90-ականների վերջում ընդհատված Հայաստանի նախկին մայրաքաղաք Դվինի պեղումների վերսկսումը եւ Արենիի քարայրի պեղումները, որը աշխարհի մասշտաբով եզակի հուշարձան է»:

Հիշո՞ւմ եք, որ սկզբում խոսեցինք Դիանայի երազանքների մասին. հավատացեք, երազանքները մի օր իրականանում են, ապացույցն է 2008 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ Դիանան իր երազում տեսավ, որ պետք է շատ կարեւոր բան գտնի, եւ այդպես էլ եղավ` այդ օրը նա հայտնաբերեց տարածաշրջանի ամենահին կաշվե կոշիկը: Այն հավասարազոր է ներկայիս 37 համարի կոշիկին, սակայն պարզ չէ` այն կանացի է, թե տղամարդու: Դիանան հերթական կավակերտ տակառներ ու հորերն էր ուսումնասիրում, երբ եղեգների տակ թաղված երկու խաչված պոզերի տակ գտավ իր երազը:

Diana Zardaryan
Հնեաբան, լեզվաբան եւ պարզապես գեղեցկուհի Դիանա Զարդարյանը


«Եթե նույնիսկ հեռանամ Հայաստանից, միեւնույն է, կաշխատեմ «Արենի-1» քարայրում: Շատ մասնագետներ ունենք, ովքեր ապրում են, ասենք, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլն, այնտեղի հնագիտության ինստիտուտներում են աշխատում, բայց պեղումների ժամանակ գալիս են Հայաստան, շարունակում են զբաղվել իրենց աշխատանքով: Ես ուզում եմ ուսումնասիրել կոնկրետ Հայաստանի պղնձեքարեդարը, քանի որ այն ուսումնասիրված չէ: Կցանկանայի մեր նյութը համեմատել հարակից երկրների պղնձեքարեդարի նյութի հետ: Դա ինձ կօգնի ավելի լավ հասկանալ Հայաստանի պղնձեքարե դարը»:

Մեր արկածային այցը Արենի քարայր ավարտվեց, սակայն այդպես էլ չհանդիպեցինք եւ ոչ մի նախամարդու, փոխարենը այդքան հետաքրքիր տպավորություններով հեղեղված 21-րդ դարի ներկայացուցիչներ Աննա Զիլֆուղարյանը, Լենա Գեւորգյանն ու Կարեն Անտոնյանը բարեհաջող տուն վերադարձան :):

P.S. Հատուկ շնորհակալություն ենք հայտնում այն հյուրասեր կնոջը, ով մեզ ճաշի հրավիրեց :):

Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի եւ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Անտոնյանի /Bravo.am/




 
 
Գինի պահելու համար նախատեսված հնամյա կարասը

Գինի պահելու համար նախատեսված հնամյա կարասը

Պեզված տառապաններից մեկը

Պեզված տառապաններից մեկը

Յուրաքանչյուր շերտի հողը լցվում է հատուկ պարկերի մեջ

Յուրաքանչյուր շերտի հողը լցվում է հատուկ պարկերի մեջ

Հնեաբան Քրիստինեն

Հնեաբան Քրիստինեն

Հնեաբան Քրիստինեն`պեղումների համար նախատեսված հատուկ համազգեստով

Հնեաբան Քրիստինեն`պեղումների համար նախատեսված հատուկ համազգեստով

Քարայրում հայտնաբերվել է եզակի ժայռապատկեր

Քարայրում հայտնաբերվել է եզակի ժայռապատկեր

«Արենի 1» քարայրում հայտնաբերվել է եզակի ժայռապատկեր

«Արենի 1» քարայրում հայտնաբերվել է եզակի ժայռապատկեր

Քարայրում պեղումները ակտիվ ընթացքի մեջ են

Քարայրում պեղումները ակտիվ ընթացքի մեջ են

Մասնագետները չափագրում են յուրաքանչյուր շերտը

Մասնագետները չափագրում են յուրաքանչյուր շերտը

Պեղված պահոցում ընթանում են հետազոտական աշխատանքներ

Պեղված պահոցում ընթանում են հետազոտական աշխատանքներ

Արենիի քարայրում պեղված պահոցը

Արենիի քարայրում պեղված պահոցը

Հետազոտական աշխատանքների ընթացքը

Հետազոտական աշխատանքների ընթացքը

Մասնագետը ուսումնասիրում է այն տարածքը, ուր 2008 թ-ին հայտնաբերվել է հայտնի կոշիկը

Մասնագետը ուսումնասիրում է այն տարածքը, ուր 2008 թ-ին հայտնաբերվել է հայտնի կոշիկը

Դիանան պատմում է, թե ինչպես իրականացավ իր երազանքը եւ նա գտավ կոշիկը

Դիանան պատմում է, թե ինչպես իրականացավ իր երազանքը եւ նա գտավ կոշիկը

Դիանան եւ լուսանկարիչ Մարիամը աշխատանքի ընթացքում

Դիանան եւ լուսանկարիչ Մարիամը աշխատանքի ընթացքում

Դիանան ցույց է տալիս տառապաններից մեկում պեղված գանգոսկրերի տեղը

Դիանան ցույց է տալիս տառապաններից մեկում պեղված գանգոսկրերի տեղը

Արենիի քարայրում պեղված ժամանակավոր բնակատեղին

Արենիի քարայրում պեղված ժամանակավոր բնակատեղին

Արենիի քարայրի ժամանակավոր բնակատեղին

Արենիի քարայրի ժամանակավոր բնակատեղին

Դիանա Զարդարյանը պատմում է Աննա Զիլֆուղարյանին եւ Լենա Գեւորգյանին, թե ինչպես են ընթանում պեղումները

Դիանա Զարդարյանը պատմում է Աննա Զիլֆուղարյանին եւ Լենա Գեւորգյանին, թե ինչպես են ընթանում պեղումները

Ահա եւ 37 համարի այն 6000-ամյա անսեռ կոշիկը (Լուսանկարը` Panarmenian Photo)

Ահա եւ 37 համարի այն 6000-ամյա անսեռ կոշիկը (Լուսանկարը` Panarmenian Photo)

«Արենի 1» քարայրի մուտքը

«Արենի 1» քարայրի մուտքը

0
1704 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: