×


100 տարի անց ԳՈՀԱՐ-ը ներկայացավ 100 երգով

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ն անմոռանալի էին լիբանանահայության համար․ ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախումբը Լիբանանի “Forum De Beyrouth” սրահում չորս օր շարունակ հնչեցնում էր բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը։

ԳՈՀԱՐ-ի համերգը Լիբանանում


Համերգների շարքը կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եւ կրում էր “100 տարի ցեղասպանությունը վերապրած, 100 երգով վերածնված” նշանաբանը: Հենց այս առիթով էլ ընտրվել էր խորհրդանշական 100 ստեղծագործություն, որ պետք է լիբանանահայությանը մատուցվեր համերգային չորս օրվա ընթացքում։

Ազգայինից մինչեւ հայրենասիրական, ժողովրդականից մինչեւ ռազմաշունչ… Հատուկ եւ շատ մանրամասն ընտրված համերգային ծրագիրը եզակի էր նաեւ տեխնիկական առումով. կենդանի հնչողությամբ համերգների շարքը գերհագեցած էր լուսային ու գունային գեղեցիկ էֆեկտներով, եւ ստեղծագործություններն էլ ուղեկցվում էին համապատասխան LED էկրանների անիմացիաներով:

Մերի Մնջոյանը եւ Արաքսյա Ամիրխանյանը


Նվագախմբի, պարախմբի եւ երգչախմբի 150 մասնակիցները եւ 16 մենակատարները, այդ թվում՝ Արաքսյա Ամիրխանյանը, Արմեն Դավթյանը, Գրիգոր Աբրահամյանը, Գեւորգ Խաչատրյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդգար Դանիելյանը, Էլյա Թաշչյանը, Լիաննա Թեւոսյանը, Հասմիկ Թորոսյանը, Հայկ Տիգրանյանը, Մարգար Եղիազարյանը, Մերի Մնջոյանը, Մոնիկա Մանուչարովան, Սարգիս Աղամալյանը, Սերգեյ Սարգսյանը եւ Վարդան Բադալյանը , ԳՈՀԱՐ-ական մեկնաբանությամբ ներկայացան այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են “Դլե յաման”-ը, “Խիո, խիո”-ն, "Կիլիկիա"-ն, "Զարթիր լաո"-ն, "Հորովել"-ը, "Մոկաց հարսներ"-ը, "Հայրենիք"-ը, “Կռունկ”-ը եւ այլն:

ԳՈՀԱՐ-ի համերգը Լիբանանում


Կատարումներն ու պարային համարները ոգեւորում ու հուզում էին ոչ միայն ներկա լիբանանահայ հանդիսատեսին, այլեւ ետնաբեմում եւ կադրից դուրս աշխատող օտարազգիներին, որոնք հայ աշխատակիցներին հավասար ջանք ու եռանդ չէին խնայում, որ համերգների շարքը լինի աննախադեպ:

Ավանդույթի համաձայն, չորս համերգների ընթացքում էլ “Պապենական Կիլիկիա” երգի ժամանակ Կիլիկայի թագավորության ասպետները հանդիսատեսին բաժանեցին Կիլիկիայի դրոշներ, որոնք ծածանվել են մինչեւ համերգների ավարտը։

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` ԳՈՀԱՐ-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW