×


11-րդ “Ոսկե ծիրան”-ի հայտնի հյուրերն ու Կիմ Կի-դուկի կորեական երգը :)

Տասնյակ կինոռեժիսորներ, դերասաններ, թատերական գործիչներ, երաժիշտներ, կինոքննադատներ, նաեւ ՀՀ կառավարության անդամներ երեկ` հուլիսի 13-ին, անցան Ազատության հրապարակում տեղադրված կարմիր գորգով` մասնակցելու 11-րդ “Ոսկե ծիրան”-ի բացման պաշտոնական արարողությանը:

"Ոսկե ծիրան"-ի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը


Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր կինոսերներով. հանդիսականները տեղավորվել էին ոչ միայն նստատեղերին, այլեւ աստիճաններին: Կինոփառատոնի հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը բեմից ազդարարեց` “Ոսկե ծիրանը” սկսվում է նոր ծրագրերով, նոր ցանկություններով ու ֆիլմերով.“Նախորդ տարի տոնեցինք 10-ամյակը եւ այսօր սկսում ենք նոր թվից`11-ից: Հաջողություններ չէինք ունենա, եթե չլինեին մարդիկ, ովքեր օգնել են մեզ այսքան ժամանակ: Ներկայացված ֆիլմերը բազմաժանր են. հասցրեք դիտել ե՛ւ առավոտները, ե՛ւ կեսօրին, ե՛ւ գիշերները”:

Միջազգային 11-րդ կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին եւ մի շարք հատուկ ծրագրերով կպատվի լեգենդար արվեստագետի հիշատակը: Բացմանը հյուրերին ներկայացվեց Փարաջանովի թեմաներով “Սպիտակի մեջ” գեղարվեստական ինստալիացիոն ծրագիրը` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ:

Անվանի ռեժիսոր Կիմ Կի-դուկը` Երեւանում


Կինոփառատոնի գլխավոր հովանավոր “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բեմից շնորհակալություն հայտնեց հայ ընտանիքների զինվոր զավակներին.“Եթե չլինեին սահմանում մեր խաղաղությունը հսկող զինվորները, չէինք կարող այստեղ հանգիստ ու ապահով անցկացնել փառատոնը եւ առհասարակ չէինք կարող աշխատել: Հայ գյուղացիները եւս զինվորների պես կարեւոր գործ են անում, շնորհակալ ենք նրանց”:

Օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն առաջին անգամ ծիրանափողի նվագակցությամբ կատարեց “Չկա քիզի նման” երգը, ելույթ ունեցավ նաեւ “Զանգակներ” համույթը: Մինչ էկրանին կցուցադրվեր մրցութային ֆիլմերի ցանկը, տեխնիկական խնդիրը հարթելու ընթացքում Հարություն Խաչատրյանը պատմեց, թե ինչպես է ընդունվել համալսարան, ինչպես է ուսանողներին դասախոսություններ կարդացել.“Եթե տեխնիկները երկու րոպե էլ ուշացնեն, ստիպված կպատմեմ իմ բոլոր գաղտնիքները:)”,-կատակեց ռեժիսորը:

Ռալֆ Յիրիկյանը եւ Հարություն Խաչատրյանը


Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց “Ոսկե ծիրան”-ի այս տարվա պատվավոր հյուրերից մեկին` կորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկին, որն արժանացավ փառատոնի` “Փարաջանովյան թալեր” ամենահեղինակավոր պարգեւին.“Շատ ուրախ եմ, որ ստանում եմ աշխարհահռչակ ռեժիսոր Փարաջանովի անունը կրող մրցանակ: Շնորհակալ եմ Հայաստանում իմ ֆիլմերը դիտող մարդկանց, այս օրերին կներկայացվեն 6-ը: Այսօր ձեզ համար իմ ողջ հոգով կերգեմ երգ, որն արտահայտում է կորեացի ազգի տխրությունն ու ուրախությունը”:

Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում են անվանի ռեժիսորներ Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը, Քշիշտոֆ Զանուսին, պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս Ադամ Միխնիկը, ինչպես նաեւ դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը եւ այլք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան երեւանյան հանդիսականի հետ` անցկացնելով վարպետության բաց դասեր:

Կիմ Կի-դուկն արժանացել է "Փարաջանովյան թալեր" մրցանակին


Նշենք, որ “Ոսկե ծիրանն” այս տարի Երեւանի հանդիսատեսին կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրից: Կկայանան նաեւ հանրահայտ կինոփառատոնների հաղթող ֆիլմերի երեւանյան պրեմիերաները եւ հետահայաց ցուցադրություններ:

Բարի երթ 11-րդ “Ոսկե ծիրան”-ին: Կինոսերներին ֆիլմերով հագեցած 7 օր է սպասվում, իսկ իրադարձությունների հետագա ընթացքը կներկայացնի BRAVO.am-ը:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին