24 Մարտ 16
18 ամենահետաքրքիր փաստերը սերմնանյութի մասին
 
 
0

Ուզո՞ւմ եք ճանաչել տղամարդկանց: Առաջարկում եմ ճանաչողությունը սկսել նրանց ամենակարեւոր, բացառիկ պատկանելիության արտադրանքից՝ սերմնանյութից: Պատկերացրեք՝ սեքսից հետո կիսամերկ պառկած եք անկողնում՝ գինու գավաթները ձեռքներիդ կամ գլանակը մատների արանքում մխալով, եւ հանկարծ սկսում եք շոյել տղամարդու էգոն՝ նրա անփոխարինելի, թանկագին, կյանքին սկիզբ տվող սպիտակ նյութի մասին փաստեր թվելով: Ինչպիսի հաճելի ինտելեկտուալ փոշի` նրա ականջներին:


Լուսի Քոչարյանը

1.Սկսենք սկզբից: Հոլանդացի գիտնական Անտոնի վան Լեւենհուքն առաջինն է, ով գիտական նպատակով օգտագործեց մանրադիտակը (1667թ.): Առաջին բանը, որ նա ուսումնասիրեց այդ սարքով, սերմնանյութն էր:

2.Քիմիա:
1 լ սերմնանյութը պարունակում է  249 մգ կալցիում, 291 մգ մագնեզիում, 35 մգ վիտամին C: 2 լ սերմնանյութը պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը: Տղամարդն օրգազմի ժամանակ արտազատում է միջինում 3,5 մգ սերմնանյութ, որը պարունակում է կալիումի օրական նորմի 7%-ն ու ցինկի 3%-ը: Մի ամբողջ քիմիական աղյուսակ:

3.Գունազարդում: Հաճախ հնչող հարց՝ ի՞նչ գույնի պետք է լինի սերմնանյութը: Պատասխան՝ ճերմակ կամ սպիտակավուն-թափանցիկ: Շատ քիչ քանակի դեպքում այն կարող է բաց երկնագույն էլ թվալ: Մնացած բոլոր երանգները՝ նուրբ վարդագույնից մինչեւ դեղնավուն, վկայում են տղամարդու օրգանիզմում որեւէ խնդրի մասին: Այնպես որ, եթե 3-րդ սեքսի ընթացքում դուք արդեն ձեր երեխաների անուններն եք որոշում, հնարավորության դեպքում զննեք նաեւ սերմնանյութի գույնը. սերունդն առողջ լինի:

4.Որակ:
Սերմնահեղուկի որակը կարելի է զգալիորեն բարձրացնել: Պետք է օգտագործումից հանել ցավազրկող, քնաբեր, հանգստացնող դեղամիջոցները, հակաբիոտիկները, հորմոնալ ու հակախոցային դեղորայքը, ինչպես նաեւ դադարեցնել շոգեբաղնիքներն ու տաք ջրով լոգանքները, նիհարել ու դեն նետել սինթետիկ կիսավարտիքները:

5.Քանակ: Մեկ սերմնաժայթքման դեպքում արտազատվում է միջինում 1 ճաշի գդալ սերմնանյութ: Մնացյալ ծավալը գոյանում է սերմնահեղուկի միջոցով: Այս դեպքում  «կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակը» բանաձեւն աշխատում է: Ի դեպ, 1 մլ սերմնանյութը պարունակում է 60-120 մլն սպերմատոզոիդ: Ահռելի մեծ թվեր են, մինչդեռ հղիանալու համար մեկ հատիկ ամենաժրաջանն էլ բավարար է:

6.Շտապ մաքրել սերմնանյութը: Մաքրել հնարավոր է առատ հոսող սառը ջրի տակ:

7.Ո՞ւմն է լավագույնը: Բազմաթիվ «սերմնային» հետազոտությունները ցույց են տվել, որ շոտլանդացիների սերմնանյութը 15%-ով ավելի ակտիվ սպերմատոզոիդներ է պարունակում: Երկրորդ տեղում են թուրքերն ու ֆինլանդացիները, երրորդում՝ դանիացիները: Չորրորդ տեղում ֆրանսիացիներն են:

8.Հակադեպրեսանտ: Ըստ կենսաբանների՝ տղամարդու սերմնանյութը տրամադրություն բարձրացնող հորմոններ է պարունակում, որոնք հայտնվում են կնոջ արյան մեջ, այնուհետեւ հասնում ուղեղին: Այդ պատճառով այն կանայք, որոնց զուգընկերները մշտապես պահպանակ են օգտագործում, ավելի հակված են դեպրեսիայի:

9.Ալերգիկ ռեակցիա: Կան մարդիկ, ովքեր ալերգիա ունեն սերմնանյութի նկատմամբ: Դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով ու տարբեր ինտենսիվությամբ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 12%-ն ալերգիա ունի սերմնանյութից: Ալերգիկ նշանները կարող են տատանվել թեթեւ գլխացավից մինչեւ ընդարձակ ցան եւ անաֆիլակտիկ շոկ:

10.Գլուխ գլխի:
Սպերմատոզոիդը տղամարդու սեռական բջիջն է՝ բաղկացած գլխից, վզից ու պոչից, որն օգնում է շարժվել րոպեում 3-44 մմ արագությամբ: Ամենակարեւոր հատվածը գլուխն է. դրա մեջ են 23 քրոմոսոմները՝ գեներով հանդերձ:

11.Սպերմատոզոիդների վերջը: Սպերմատոզոիդներն արտադրվում են ողջ կյանքի ընթացքում: 70 տարեկանից սկսած՝ նվազում է դրանց ակտիվությունն ու շարժունակությունը, բայց միեւնույն է` դրանք պահպանում են իրենց առաքելությունը:

12.Սերմնանյութի լավագույն բաժինը:
Սերմնաժայթքումից առաջ առնանդամի գլխիկի ծայրը թրջվում է ոչ մեծ կաթիլ հեղուկով, որը չեզոքացնում է այն ամենն, ինչ կարող է վնասել սպերմատոզոիդները: Այդ կաթիլի մեջ արդեն իսկ մի քանի տասնյակ հազար սպերմատոզոիդ է պարունակվում: Կա կարծիք, որ հենց այդ կաթիլի միջիններն են ամենակենսունակ ու «ազնվազարմ» սպերմատոզոիդները:

13.Հայրության ճանաչում: Բուռն քննարկումներ է առաջացրել բրիտանացի մասնագետների առաջարկը սերմնանյութի դոնորության անանունությունը վերացնելու վերաբերյալ: Փաստարկն այն է, որ երեխան իրավունք ունի  իմանալ՝ ով է իր կենսաբանական հայրը: Որպես փաստարկ նշվում են նաեւ գենետիկ հիվանդությունները: Մյուս կողմից, լայնածավալ հարցումները Բրիտանիայում ցույց են տվել, որ դոնորների մեծ մասը կհրաժարվի սերմնանյութ հանձնելուց, եթե վերանա անանունությունը:

14.Համը հանել է պետք: Սերմնանյութի համը կարելի է փոխել ըստ ճաշակի: Սթրեսը, ալկոհոլը, նիկոտինն ու թմրանյութերը կտրուկ վատացնում են դրա համը: Սուրճն ու թունդ ալկոհոլային խմիչքները դառնացնում են, օրակարգում մեծ քանակի միսը` թթվահամ, իսկ, օրինակ, սխտորը՝ նեխահամ են դարձնում սերմնանյութը: Եթե տղամարդն օրական 5-ից ավելի դեղահաբ է ընդունում, այն դեղորայքի համ է ստանում: Օրական 2 լիտրից ավելի գարեջուրը սերմնանյութի բաղադրությունը նոսրացնում է: Եվ միայն հավասարակշռված սննդակարգը, բանջարեղենը, հյութերն ու հատկապես արքայախնձորն են քաղցրացնում սերմնանյութը:

15.Ժայթքե՞լ, թե՞ չժայթքել: Ցիգունի մասնագետներն ավելի քան 3 հազար տարի առաջ հայտնաբերեցին, որ տղամարդու օրգազմն ու սերմնաժայթքումը տարբեր գործընթացներ են. տղամարդը կարող է օրգազմ ապրել առանց սերմնաժայթքման: Օրգազմը տեղի է ունենում ժայթքումից անմիջապես առաջ, բազմակի օրգազմի հասնելու համար տղամարդը պետք է սովորի սերմնաժայթքումը կանգնեցնելու տեխնիկան՝ կառավարելով սեփական էներգիան ու հատուկ կետեր սեղմելով առնանդամի վրա եւ անուսի շուրջ: Այս ամենը դասավանդվում է տանտրա-յոգայի եւ դոասյան փորձառության սեմինարներին:

16.Աղջի՞կ, թե՞ տղա:
ԱՄՆ-ում արդեն բազմաթիվ կլինիկաներ կան, որոնք կոնկրետ սեռի երեխա են երաշխավորում ապագա ծնողներին: Լազերային տեխնոլոգիայի միջոցով սպերմատոզոիդները բաժանվում են երկու խմբի՝ X եւ Y քրոմոսոմ կրողների: Ըստ ցանկալի սեռի` ընտրվում է սպերմատոզոիդն այս խմբերից մեկից ու բեղմնավորում ձվաբջիջը: Ստացված սաղմը տեղադրվում է մոր արգանդում: Այս տեխնոլոգիան 91%-ոց հաջողություն է խոստանում աղջիկների եւ 75%՝ տղա երեխաների համար: Ի դեպ, սեռով պայմանավորված աբորտների թիվն ինձ հուշում է, որ նման տեխնոլոգիան մեծագույն հաջողություն կունենա Հայաստանում:

17.Սերմնակոսմետիկա: Սերմնանյութը սպերմին անունով բաղադրիչ է պարունակում, որն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով ու կարող է դանդաղեցնել ծերացումը, հարթեցնել կնճիռները 20%-ով: Որոշ ապրանքանիշեր արտադրել են դեմքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ, որոնք պարունակում են այդ նյութը: Մեկ տարա քսուքն արժե մոտ 250 դոլար ու վաճառվում է աշխարհի ամենաթանկարժեք սպա-կենտրոններում: Ընդ որում, սերմնանյութը մշակվում է քիմիական այնպիսի նյութերով, որոնք քսուքն ավելի հաճելի բույրով են դարձնում ու վերացնում բոլոր տեսակի վարակները:

18.Ամենավերջին նորություններից: Տարիներ շարունակ գիտնականները փորձում են այնպիսի դեղորայք ստանալ, որը կառավարելի հրթիռի պես, առավելագույն ճշգրտությամբ թիրախին կհասնի օրգանիզմում՝ լավագույն արդյունքներ ապահովելով: Կարող են միկրոսկոպիկ նանոռոբոտներ օգտագործվել, որոնք կներմուծվեն օրգանիզմ ու կկառավարվեն վահանակներով: Բայց գիտնականները խնդրի առաջ են կանգնում, քանի որ ռոբոտներին վառելանյութ է պետք, որի օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել մարդու համար: Ներառական նանոգիտությունների դրեզդենյան ինստիտուտի գիտնականներն առաջարկել են  սպերմատոզոիդներից կիբորգ ստանալ: Նրանք տիտանի ու երկաթի թիթեղներից միկրոձողեր են ստեղծել սպերմատոզոիդները որսալու ու նրանց մագնիսների միջոցով կառավարելի դարձնելու նպատակով: Սա շատ արդյունավետ տարբերակ է, քանզի սպերմատոզոիդներն անվնաս են մարդու օրգանիզմի համար, ինքնուրույն կարողանում են լողալ: Իսկ այս կիբորգներն ի վիճակի են տեղաշարժվել վայրկյանում մինչեւ 100 միկրոմետր արագությամբ եւ բավականաչափ փոքր են մարմնի ցանկացած մասի հասնելու համար: Սա կարող է կիրառվել քաղցկեղի բուժումից մինչեւ անպտղության էլ ավելի արդյունավետ բուժման շրջանակներում:

Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

 
 
Սպերմատոզոիդը եւ ձվաբջիջը բեղմնավորման պահին

Սպերմատոզոիդը եւ ձվաբջիջը բեղմնավորման պահին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
42170 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: