×


18 տարի անց բեմ է բարձրացել “Մի գավաթ բարությունը”

“Ամենուրեք փնտրի՛ր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից”. Վիլյամ Սարոյանի պիեսի մոտիվներով “Համազգային” թատրոնում 18 տարի անց վերաբեմադրվել է “Մի գավաթ բարություն”-ը:

“Մի գավաթ բարության” պրեմիերային


Ներկայացման բեմադրիչը “Համազգային” թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանն է, նկարիչը՝ Գրետա Նալչաջյանը, երաժշտական ձեւավորողը Մարտին Վարդազարյանն է:

Ներկայացման փակ դիտումը տեղի է ունեցել դեկտեմբերին, իսկ պրեմիերան երեկ էր՝ փետրվարի 3-ին: Նոր կազմում խաղում են Մխիթար Ավետիսյանը, Տաթեւ Ղազարյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը եւ Սերգեյ Թովմասյանը:

Մխիթար Ավետիսյանը Ջոուն Վեբսթերին՝ գլխավոր հերոսին մարմնավորելիս սկզբում մտավախություն է ունեցել. “Տարիքով մարդուն մարմնավորելը սկզբում դժվար էր, վախ կար` 35 տարեկանը 60 տարեկանին կկարողա արդյո՞ք բեմից ճիշտ ներկայացնել, մանավանդ ինձնից առաջ Կարեն Ջանիբեկյանն է խաղացել: Բայց պետք է հավատաս գործիդ, պետք է չվախենաս, ռեժիսորի պահանջը որպես դերասան իրականացնես: Սարոյանին ներկայացնելու խնդիրը կա. նա վեհ է խոսում, պարզ է խոսում, հպարտ է խոսում…”

Տաթեւ Ղազարյանն ու Վիգեն Ստեփանյանը


Մխիթարի կարծիքով՝ ներկայացման ասելիքն ուղղված է բոլորին.  “Եթերները վխտում են ստով, մարդասպանությամբ ու աղբով: Հիմա թատրոնում էլ ձգտում են շոու անել, նոր “տրյուկներ” հորինել, որ զարմացնեն: Բայց հույզերը բացակայում են, այստեղ կան այդ անկեղծ հույզերը”:

Ջոուն Վեբսթերի աղջկա՝ Ագնեսի դերակատար Տաթեւ Ղազարյանը Սոս Սարգսյանի հետ աշխատելը մեծ պատիվ է համարում. “Զարմանալիորեն, նա խիստ չէ մեզ հետ, ազատ է թողնում դերասանին: Նրա հետ շփվելն արդեն երջանկություն է: Ես նայել եմ այս ներկայացումը, իմ դերը խաղում էր Աննա Էլբակյանը, այդ պատճառով կրկնակի պատասխանատվություն էր, թեեւ փորձել ենք մերը բերել, նորովի ու թարմ մատուցել”:

“Հանդիսատեսի ռեակցիան զգում եմ թե՛ հուզմունքի, ծիծաղի, թե՛ ծափերի տեսքով: Շատ հաճելի է մարդկանց ապրումները բեմից զգալ: Ինչպես Սոս Սարգսյանն է ասում՝ մեզ մի քիչ բարություն է պակասում, գուցե այս բեմադրությամբ գավաթի մեջ մեկ կաթիլ մենք ավելացնենք”, - նշել է Տաթեւ Ղազարյանը:

“Մի գավաթ բարության” պրեմիերային


Նարինե Գրիգորյանը եւս իրենից տարիքով մեծ կնոջ դերում է. “Դերասանուհիները ձգտում են երիտասարդ դերեր խաղալ` մտածելով, որ դեռ կլինի հնարավորություն խաղալու հասուն տարիքով կանանց, բայց չեմ խուսափում ոչ մեծ տարիքից, ոչ էլ երկրորդական դերից”:

“Մի գավաթ բարություն” 2 գործողությամբ լիրիկական կատակերգությունը թատրոնի խաղացանկում է. փետրվարի 4-ին, 5-ին, 25-ին կարող ես դիտել այն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին