×


“1915”-ի երեւանյան պրեմիերան անցել է Կարին Հովհաննիսյանի եւ Սերժ Թանգյանի խոստովանություններով

“1915” գեղարվեստական ֆիլմի երեւանյան պրեմիերան ապրիլի 25-ին էր: Մինչ “Մոսկվա” կինոթատրոնում մշակութային, քաղաքական գործիչների եւ այլ հյուրերի հետ ֆիլմի ցուցադրությանը մասնակցելը գլխավոր ռեժիսոր եւ սցենարիստ Կարին Հովհաննիսյանը, դերասանուհի Անժելա Սարաֆյանը եւ երաժշտության հեղինակ Սերժ Թանգյանը հոգեբանական թրիլլերի մասին պատմել են լրագրողներին:

Սերժ Թանգյանը, Կարին Հովհաննիսյանը եւ Անժելա Սարաֆյանը


“1915” ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տեւել են մի քանի տարի, իսկ  նկարահանումներն իրականացվել են 20 օրում: Գործողությունները մեծամասամբ ընթանում են “Լոս Անջելես” թատրոնում, բացի Անժելա Սարաֆյանից, առաջատար դերեր են մարմնավորել Սիմոն Աբգարյանը, Սամուել Փեյջը եւ Նիկոլայ Կինսկին: 

“Ես եւ համահեղինակ Ալեք Մուհիբյանը զգում էինք Հայոց ցեղասպանության 100-ամյակի ստվերը եւ մեզ վրա մեծ պատասխանատվություն վերցրինք ֆիլմն ավարտին հասցնել մինչեւ տարելիցը: Ի սկզբանե գիտեինք, որ սովորական ֆիլմ չի լինելու: Ուզում էինք հարգել անցյալը, հիշել նահատակներին ու միեւնույն ժամանակ 1915-ի մասին խոսելու նոր` ժամանակակից ձեւ գտնել”,- նշել է ռեժիսոր եւ սցենարիստ Կարին Հովհաննիսյանը:

Անժելա Սարաֆյանը

Անժելա Սարաֆյանը եւ Կարին Հովհաննիսյանը


Երաժշտության հեղինակ Սերժ Թանգյանն էլ խոստովանել է, թե սիրահարվել է ֆիլմի սցենարին.“Անկեղծ ասեմ` կյանքումս կարդացած լավագույն սցենարներից է: Այնքան հույզեր ստացա, որ միանգամից մի քանի թեմա գրեցի եւ ուղարկեցի տղաներին: Երաժշտությունը առանձնահատուկ է նրանով, որ ռոքային տարրերը փորձել եմ միաձուլել հայկական էթնիկ երաժշտության հետ”:

Կարին Հովհաննիսյանի խոսքով` ֆիլմը չունի քաղաքական կամ պատմական հստակ ուղերձ. “Ուզում ենք նոր սերունդը դիտելով այն զգացմունքներն ունենա, որ անցյալը չի մահացել, 1915-ի չճանաչված միլիոնավոր ուրվականներ դեռ մեր շուրջն են”:

Սիրուշոն` "1915" ֆիլմի երեւանյան պրեմիերային


“1915’’-ի եվրոպական պրեմիերան կայացել է ապրիլի 5-ին, Միացյալ Նահանգներում այն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 17-ին, Ռուսաստանում` ապրիլի 19-ին, իսկ մայիսից կներկայացվի նաեւ այլ երկրներում. “Ֆիլմը գաղտնիքներ ունի դերակատարների, երաժշտության մեջ: Ուշադիր ու ազատ դիտեք այն եւ, կարծում եմ, կգտնեք կարեւոր իմաստը”,-ասել է Կարին Հովհաննիսյանը: 

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին