×


7 փաստ Հին Հայաստանի սեքսուալ խոհանոցից

Սեռական կյանքին վերաբերող հին ու ոչ շատ հին հայկական ավանդույթների, վերապրուկների ու հետաքրքիր դրվագների մասին զրուցել եմ պատմաբան, ազգագրագետ Վահրամ Թոքմաջյանի հետ: Կուսապահպանության ֆենոմեն, սրբազան պոռնկություն, էրոտիկ բնույթի ծեսեր, սեքսուալ արգելքների վերաբերյալ եկեղեցական ժողովներ, քավորի դերակատարություն, «չբերության բուժում». այս եւ այլ փաստերը՝ ստորեւ:

Կուսապահպանությունը մեզ պարտադրվել է

Հեթանոսական փուլում ընտանիք եւ կուսություն երեւույթների նկատմամբ այլ դիրքորոշում եւ դիտարկումներ կային: Հայաստանում, որոշակի փուլից սկսած, կուսության թեման ցավոտ խնդիր է դարձել եւ մնում է այդպիսին: Կուսապահպանությունը մեզ պարտադրվել է՝ քրիստոնեական մշակութային հայեցակարգից ելնելով, արդեն ավելի, քան 1700 տարի շարունակ: Հայ հասարակության մեջ բազմաթիվ տարրեր կան, որ փորձում են ոչ արժանահավատ դարձնել այդ տեղեկությունները: Այսինքն՝ պատմիչից որեւէ տեղեկություն ներկայացնելիս ընտրովի են մոտենում՝ վերցնելով այն, ինչ իրենց ձեռնտու է, անտեսելով ու ժխտելով այն, ինչ ձեռնտու չէ:

Ինչո՞ւ են մեզ մոտ նյութերը սեքս մշակույթի մասին շատ քիչ: Որովհետեւ քրիստոնեական պատմագրությունը դարեր շարունակ թաքցնում է դրանք: Այն չէր կարող իրեն թույլ տալ սեռականության, հարաբերությունների մասին բաց տեղեկատվության տրամադրել: Այն, ինչ գիտենք այսօր, հասել են մեզ անուղղակի ակնարկների միջոցով:

Ցանկասեր Սաթենիկ թագուհին

Արտաշես 1-ին թագավորի կնոջ՝ Սաթենիկի մասին պատմահայր Մովսես Խորենացին իր պատմության մեջ շատ թափանցիկ ակնարկ է անում՝ նշելով, որ նա տենչում էր մարաց թագավոր Արտավանի բարձը: Խորենացուց 700 տարի առաջվա բամբասանքը եկել հասել էր պատմահորը: Դա նշանակում է, որ արքունական սիրավեպերը շատ տիպական են եղել: Նույն ժամանակահատվածի հռոմեական կամ միջագետքյան իրավիճակներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ Հռոմի կայսրերը օրգիաներ, դեֆլորացիաների (կուսազրկում) հատուկ ծեսեր էին կազմակերպում, որոնց ընթացքում իրենց համար հարճեր էին ընտրում: Այս նույնը կար նաեւ Հայաստանում: Արդիական էին բիսեքսուալությունն ու հոմոսեքսուալությունը: Օրինակ, Փավստոս Բուզանդը, լինելով քրիստոնյա պատմիչ, եկեղեցու թիվ մեկ թշնամի Պապ թագավորին անվանում էր «դեւերի հետ քնող, տղամարդկանց հետ կենակցող»: Արեւելյան մտածողության մեջ առկա էր այն գաղափարը, որ եթե տղամարդը բացարձակ է, ապա բացարձակ է ամեն ինչում:

Սուպերմոդել Ստելլա Մաքսվելը՝ հայկական թեմատիկայով ֆոտոշարքում

Հետերիզմ եւ պոռնկության արտոնագիր

Պատմիչ եւ աշխարհագրագետ Ստրաբոնը, ով Հին աշխարհի տարբեր երկրների մասին է գրել, հայտնում է հետեւյալը. «Ամեն տարի ապրիլի առաջին շաբաթը՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տոների շրջանակում, Հին Հայաստանի Եկեղյաց գավառում՝ Անահիտի գլխավոր պաշտամունքային տաճարի պատերի տակ, կանայք ու կույս աղջիկները տրվում էին օտար տղամարդկանց»: Այս նվիրագործական ծեսի համաձայն՝ նրանք իրենց մաքրությունը (եթե կուսությունը որպես մաքրության խորհրդանիշ դիտարկենք) նվիրում էին Անահիտ աստվածուհուն: Սա մի ուրույն զոհաբերություն էր: Իհարկե, այս տեսակետը պատմագրության ու ազգագրության մեջ տարիներ շարունակ փորձում են ժխտել, բայց դրա հավանականությունը շատ մեծ է, քանզի Հին աշխարհի բոլոր մշակույթներում այս երեւույթը կար: Մասնավորապես, Հին Հունաստանում Աֆրոդիտեի պալատական քրմուհիները նրան նվիրված ծեսի շրջանակներում որոշակի սեռական գործառույթներ էին կատարում:
Առհասարակ, Հին աշխարհում սեռականությունը գերիշխող էր ոչ բացասական իմաստով: Հռոմում հատուկ արտոնագիր էին տալիս մարմնավաճառներին՝ մեղքի թույլտվություն: Այդ ժամանակներում եւս մարմնավաճառությունը մեղք էր համարվում, բայց այդ արտոնագրով կանայք մեղք գործելու իրավունք էին ստանում: Շատ սենատորների, հարուստների, նշանավորների աղջիկներ ու կանայք հագնում էին հատուկ դեղին կոշիկներ ու այդ արտոնագիրն էին ձեռք բերում, որպեսզի կարողանան իրենց կրքերը հանգիստ, առանց քննադատման բավարարել:

Ինցեստի արգելում

Քրիստոնեությունն իր գաղափարախոսությամբ խմբագրել է նաեւ ինցեստի գոյության փաստը Հին Հայաստանում: 354թ. Աշտիշատի ժողովում Ներսես Մեծի հատուկ կոնդակով արգելվեց ամուսնությունը մերձավոր ազգականների միջեւ: Արգելում են եղած բանը, չեղած բանը հնարավոր չէ արգելել: Սկզբում սահմանվեց «3 պորտ» հասկացությունը, հետագայում՝ Աշտիշատի, Դվինի, Շահապիվանի եկեղեցական ժողովներում, սահմանվեցին նաեւ 4, հետո 7 պորտ հասկացությունները: Ըստ վերջնական որոշման՝ արգելվում էր սեռական ու ամուսնական կապ հաստատել մինչեւ «7 պորտ» սերունդների շրջանակներում: 

Կուսության սահմանում՝ եկեղեցու կողմից

Ներսես Մեծն ու հաջորդիվ եկեղեցականները հատուկ կոնդակներ էին սահմանում՝ աղջկա ամուսնության սկզբունքների, կույս եւ ոչ կույս լինելու վերաբերյալ: Երբ աղջիկը հասնում էր արբունքի (սեռահասունացման) 9-12 տարեկանում, նրան հագցնում էին 3 շերտ հագուստ մարմնի այն հատվածներին, որոնք ոչ մի դեպքում չպետք է ցուցադրվեին: Շահապիվանի եկեղեցական ժողովների որոշմամբ՝ կարգավորվում էին կուսության խնդիրները. ոչ կույսն ինչ պախարակումների պետք է արժանանար, կուսությունն ինչպես պետք է ապացուցվեր եւ այլն: Օրինակ, եթե աղջիկը մինչեւ ամուսնությունը սեռական կապ էր հասցնում ունենալ, ապա իր գյուղում կամ բնակավայրում չէր կարող ամուսնանալ. նա ստիպված էր լքել տեղանքը: Նույնիսկ այս դեպքում էլ ամուսնանալու հետ կարող էին խնդիրներ ծագել, եթե բացահայտվեր, որ կույս չէ: Դա կարող էր վերաճել գերդաստանային պատերազմի:

Այնուամենայնիվ, աղջիկները շատ հեռու չէին սեռական կյանքից ու դրա իմաստից. սեռականությունը տարբեր ինտիմ բաղադրիչներով էր արտահայտվում: Եթե աղջիկը հավանում էր որեւէ տղայի, նա անգամ իրավունք չուներ հետը խոսելու, բայց կարող էր ցույց տալ, որ պատրաստ է որոշակի գործողությունների՝ կարմիր խնձոր, քաղցրավենիք նվիրելով: Հին հայկական ամենահայտնի տոներից մեկը՝ Ջան գյուլումի ծեսը, նույնպես էրոտիկ բնույթ ունի: Այն մայիս ամսին էր անցկացվում, երբ ավանդականորեն հարսանիքներ չէին լինում: Բայց հաճախ Ջան գյուլումին ձեւավորված զույգերն ամուսնանում էին:

Ո՞վ էր քավորը


Քավորի գործառույթը մինչեւ հիմա հստակեցված չէ: Հայտնի է, որ Հին Հայաստանում քավորն ամենահարգարժանն էր. սանամայրն իրավունք չուներ դրսում երեւալու քավորի աչքին, քավորը միշտ նստում էր սեղանի գլխին, առաջինն իրեն պետք է ուտելիքը տային եւ այլն: Ներկայում գիտենք, որ քավորը հատուկ ծիսակարգով հագցնում էր փեսայի հագուստն ու աքսեսուարները հարսանիքից առաջ:

«Պատմական» քավորի հարցում հետազոտողները երկու խմբի են բաժանվում, որոնցից ամեն մեկը տարբեր դերակատարումներ է վերագրում այդ կերպարին: Սակայն մասնագետներն ընդհանուր հայտարարի են եկել այն առիթով, որ մինչքրիստոնեական փուլն ու անգամ դրա ընդունումից հետո (երբ դեռ քրիստոնեությունն ամբողջապես տարածում չէր գտել), քավորին էր վերապահված հարսի գոտին քանդելու գործառույթը՝ դրանից բխող մնացյալ գործողություններով, այդ թվում՝ «առաջին գիշեր» հասկացությունը:

Սուպերմոդել Ստելլա Մաքսվելը՝ հայկական թեմատիկայով ֆոտոշարքում


Կինը՝ որպես սեփականություն


Հին Հայաստանում, կենցաղային պայմաններից ու հաճախակի պատերազմներից ելնելով, տղամարդու կյանքի միջին տեւողությունը կնոջից շատ ավելի կարճ էր: Երբ կնոջ ամուսինը մահանում էր, նա մնում էր տղամարդու ընտանիքում՝ որպես սեփականություն՝ իր բոլոր հետեւանքներով, ինչպես նաեւ սեռական գործառույթով:

Հարբած «չբեր» կանայք ու «ղոչ ջահելները»

Հայաստանի տարածքում ամենատարբեր սրբեր ու սրբավայրեր կային՝ Սուրբ Հովհաննես, Թուխ Մանուկ եւ այլն: Սերո Խանզադյանն իր պատմվածքներից մեկում մի հետաքրքիր դրվագ է ներկայացնում՝ կապված հենց սրբավայրերի հետ: Անպտղությունը տարածված երեւույթ էր: Քանի բժշկությունն ամենատարբեր մեթոդներով չէր մտել այս ոլորտ, բոլորն անպտղության կամ, ինչպես ժողովրդի մեջ էր տարածված, չբերության մեջ մեղադրում էին կնոջը: Այդ կարծիքը չէին կիսում տատիկները, ովքեր հասկանում էին, որ խնդիրը կարող է եւ տղամարդուց հետ կապված լինել: Այս հարցը կարգավորելու համար հարսին տանում էին «սրբի դուռը», որպեսզի «սուրբն օրհներ», եւ հարսը հղիանար: Հարսին 3 օր շարունակ սոված էին պահում այդ նվիրագործ նպատակով, հյուծում: (Ի դեպ, այս մեթոդը Հին Հայաստանում կիրառվում էր նաեւ հղիության արհեստական ընդհատման համար. սովածությունը, հետո թունավոր խոտաբույսերի օգտագործումը, վերջում արգանդին հասցված հարվածն անում էին իրենց գործը. կինը կորցնում էր երեխային):

Հարսին 3 օր սոված պահելուց հետո նրան տալիս էին մեծ քանակությամբ գինի, ինչը բավարար էր նրան կամ մասամբ գիտակցությունը կորցնելու, կամ գոնե կիսաուշաթափ վիճակում հայտնվելու համար: Ըստ Սերո Խանզադյանի՝ հրավիրում էին գյուղի «ղոչ ջահելներից մեկին», ով հարսի հետ սեռական կապի մեջ էր մտնում: Արդյունքում, եթե հարսը հղիանում էր, գոհ էին մնում թե՛ հարսը, թե՛ ամուսինը, ում տղամարդկության վրա այլեւս ոչ ոք չէր կասկածում, թե՛ ղոչ ջահելը, ով բավարարվում էր սեռապես, եւ թե՛ Սուրբը, ում հեղինակությունը բարձրանում էր մինչեւ երկինք: Եթե հարսը չէր հղիանում, միշտ էլ կարելի էր կրկնել այս ամենը:

Աուրա Ֆ.
BRAVO.am
Լուսանկարները՝ Դավիթ Մուշեղյանի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին