×


44-օրյա պատերազմում զոհված եղբոր մասին Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Ամստերդամի փառատոնում

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր միջազգային փառատոնի՝ Ամստերդամի IDFA-ի «Լավագույն ֆիլմ» եւ «FIPRESCI» մրցանակներին։

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ու ավելացրել. «Գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձեւակերպումը հետեւյալն է. «Իբրեւ թափանցող լույս, ֆիլմը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն, որպես գոյատեւման գործիք, թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, վերջապես անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ»»:

IDFA-ի մրցանակաբաշխությանը


«1489» ֆիլմը Շողակաթ Վարդանյանի եղբոր՝ 44-օրյա պատերազմում զոհված Սողոմոնի մասին է. 2020 թվականի հոկտեմբերին նա անհետ կորել է: Ռեժիսորը հեռախոսով նկարել է եղբոր որոնման ընթացքն ու ներկայացրել նաեւ այն ամենն, ինչի միջով անցում են ինքն ու ընտանիքը: Սողոմոնի ոսկորները հայտնաբերվել են 6 ամսվա որոնումներից հետո՝ 1489-ը նրան տրված համարն է, իսկ ԴՆԹ-ի արդյունքները հայտնի են դարձել միայն մեկուկես տարի անց:

«2020 թվականին սկսել եմ լրագրություն սովորել, ճգնաժամ էի ապրում, չգիտեի՝ ինչ անել, դադարել էի երաժշտությամբ զբաղվել: Սեպտեմբերին դասերը մեկնարկեցին, իսկ 27 օր անց պատերազմը սկսվեց: Եղբայրս էլ էր երաժիշտ, նա այդ ժամանակ ծառայում էր: Ամենուր նրան էի փնտրում, բայց ոչ մի տեղեկություն չունեինք: 7-րդ օրը հասկացանք, որ նա կորել է, դասախոսս զանգահարեց ինձ ու ասաց, որ վերցնեմ հեռախոսս ու վլոգ նկարեմ՝ ամեն օր նստեմ ու պատմեմ, թե ինչպես եմ որոնում եղբորս: Էլ չէի կարողանում սովորել, բայց ինձ չէին հեռացնում: Մեկ օր փորձեցի, բայց վլոգի գաղափարն այնքան էլ դուրս չեկավ, 3-րդ օրը մտա հորս արհեստանոցն ու հետս ինչ-որ բան կատարվեց՝ նա խոսում էր, իսկ ես սկսեցի նկարել, այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Նայելուց հետո հասկացա, որ պետք է շարունակել: Երբ դասախոսիս ցույց տվեցի, ասաց ֆիլմի պես է ստացվում: Իհարկե, նրա հետ կատակում էինք, որ եղբայրս վերադառնալու է, ու նրան ցույց եմ տալու, թե մեզ ինչերի միջով է ստիպել անցնել»,- Ամստերդամում currenttime.tv-ին պատմել է Վարդանյանը:

Կադրը՝ «1489» ֆիլմից


Ֆիլմի վերջին տեսարանը նա նկարել է դիահերձարանում, հայրն է խնդրել շարունակել այնտեղ արձանագրել տեղի ունեցողը. «Սկզբում փոքր կտորներ էին ցույց տալիս, համարներ, չգիտեի էլ, թե ինչ ստիպված կլինենք տեսնել: Երբ մեզ կանչեցին ներս մտնել, անգամ չհասկացա, թե ինչ է կատարվում, բայց տեսախցիկը չանջատեցի: Երեւի, մտածեցին՝ խելքս թռցրել եմ, բայց ոչինչ չարգելեցին, դրա համար էլ նման կադրեր ունեցա»:

Վարդանյանը պատմել է, որ այնքան էլ հեշտ չի եղել ծնողների հետ աշխատել, պահեր են եղել, որ նյարդայնացրել է հորն, ու նա չի ցանկացել նկարվել, իսկ մայրը երկար ժամանակ չի համաձայնել հայտնվել կադրերում:

«Թեեւ շատ դժվար էր, բայց կարծում եմ՝ նկարահանումների ընթացքը մեզ ինչ-որ կերպ մտերմացրել է ու օգնել մի քիչ թեթեւանալ: Գուցե, հանգիստ էին, քանի որ ես ամբողջ ընթացքում նրանց կողքին էի. այդ մասին ծնողներիս հետ չենք խոսել: Ֆիլմի ավարտուն տարբերակը դիտել է միայն մայրս»,- խոստովանել է Վարդանյանը:

Հիմա ծնողները կատակում են ու Շողակաթին «համաշխարհային ռեժիսոր» անվանում, բայց նաեւ ուրախ են, որ ֆիլմը հաջողության է հասել, թեեւ թեման այդքան ցավալի է ողջ ընտանիքի համար:

«Այդ օրերին ինձ օգնում էր ապրել այն միտքը, որ ֆիլմն անում եմ եղբորս ու զոհված մյուս տղաների համար: Դիահերձարանում ուզում էի տեսախցիկը ցած դնել, քանի որ չգիտեի, թե ինչի համար եմ նկարում: Հիմա նոր եմ հասկանում, թե ինչի համար էր»,- ավելացրել է ռեժիսորը:
 
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW