×


Պենելոպե Կրուսը՝ Vogue-ի շապիկին. դերերի, էքսկուրսիաներ գնալու ու ֆիլմ նկարելու մասին

Մեկ ամիս էլ չի անցել Vanity Fair ու Elle ամսագրերի շապիկին հայտնվելուց հետո, այսօր էլ Պենելոպե Կրուսը զարդարում է իսպանական Vogue-ը:

Ամսագիրը նշում է, որ 60-ից ավելի ֆիլմերում նկարահանված ու ամբողջ աշխարհում հայտնի դերասանուհին որքան էլ ցանկանա, չի կարող սովորական կյանքով ապրել: Նա աշխատել է ու շարունակում է համագործակցել առաջին մեծության աստղերի հետ, Պեդրո Ալմոդովարի մուսան է, «Օսկար» ու մի քանի «Գոյա» մրցանակ է ստացել, ընկերուհին Սալմա Հայեկն է, ամուսնացած է ոչ պակաս հայտնի Խավիեր Բարդեմի հետ, էլ ի՞նչ սովորականի մասին կարող է խոսք լինել:

Առանձնացրել ենք զրույցի հետաքրքիր դրվագները.

«Դերասանությունը մարդու վարքի առեղծվածի անդադար ուսումնասիրություն է, որն իրենից անհատակ անդունդ է ներկայացնում: Փողոցում քայլելիս կամ ռեստորանում ընթրելիս էլ չեմ դադարում ուսումնասիրել մարդկանց, իսկ նպատակը պարզելն է, թե ինչու չեն լինում երկու միանման անհատ: Նույն կերպ է վարվում եւ ինձ համար օրինակ է ընկերս՝ Պեդրո Ալմոդովարը:


Ինձ ոչնչից չեմ զրկում՝ գնում եմ սուպերմարկետ, երեխաների էքսկուրսիաներին: Աշխատանքի պատճառով այդ ամենից չեմ կարող զրկվել, քանի որ աճի կարեւոր գրավականներից մեկն էլ ամենօրյա գործերով զբաղվելն է:


Իրական կերպարներ կերտելուց առաջ ուսումնասիրում եմ նրանց կյանքը, այցելում հարազատ վայրերը: Էնցո Ֆերրարի կնոջը՝ Լաուրային մարմնավորելիս շատ նամակներ եմ կարդացել, որոնք նրանց ընտանեկան բժիշկն է տրամադրել. դրանք գտնելն իսկական գանձ էր: Եղել եմ Լաուրայի գերեզմանին, բնակարանում, նրա ննջասենյակում ու զգացել այն տխրությունը, որը կար այնտեղ: Այդ մեթոդն ինձ օգնում է ավելի լավ հասկանալ կերպարս ու ներկայացնել դիտողին:


Ուրախ եմ, որ վերջին շրջանում կին ռեժիսորներն ավելացել են, ինքս էլ անհամբեր եմ, թե երբ եմ նրանցից որեւէ մեկի հետ աշխատելու: Ինձ էլ է գրավում ռեժիսորի աշխատանքը. մեկ տարի է՝ վավերագրական ֆիլմ եմ նկարում, դեռ երկու տարի էլ կաշխատեմ, քանի որ բավական բարդ նախագիծ է, բայց կարեւորն այն է, որ ոչ ոք ինձ չի շտապեցնում:


Հիմա շատ զգայուն ու բարդ փուլ է. հարցազրույցներ եմ վերցնում աշխարհի տարբեր կողմերում ապրող մարդկանցից: Հույս ունեմ՝ երբ երեխաներս մեծանան, նաեւ գեղարվեստական ֆիլմով զբաղվելու ժամանակ կունենամ: Մի բան հաստատ է՝ գիտեմ՝ ինչով եմ ուզում զբաղվել կյանքում»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW