×


«Սիրտս գողացար». Նառայի տեսահոլովակի նկարահանումներն ու նվերը կանանց

Երգչուհի Նառան երկրպագուների համար անակնկալ է պատրաստում. օրեր առաջ նա Երեւանում ավարտել է իր նոր տեսահոլովակի նկարահանումները, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: «Սիրտս գողացար» երգի հեղինակները Վահրամ Պետրոսյանն ու Անիտա Հախվերդյանն են, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը: Նկարահանման ընթացքին առավոտյան շուտ ներկա է եղել BRAVO.am-ն ու հետեւել աշխատանքներին:

Նառան պատմել է, որ վաղուց են Պետրոսյանի հետ ցանկացել համատեղ երգ ունենալ եւ վերջապես կարողացել են այն կյանքի կոչել: Երգչուհին խոստովանել է, որ սիրում է աշխատել իր ընկերների հետ, քանի որ առանց բառերի են հասկանում միմյանց ու վայելում համագործակցության ընթացքը:

Նառան


«Ինչպես երաժշտության հեղինակն է ընկերս, այնպես էլ՝ բառերի. գրել է իմ անփոխարինելի եւ սիրելի Հախվերդյանը, գործիքավորումն արել է Մուրզոն, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է տաղանդավոր Հրաչ Քեշիշյանը։ Ինձ հետ նկարվել են Հովհաննես Սարգսյանի «Սվագ» պարային խմբի անդամները: Սիրում ու վստահում եմ ընկերներիս, ամեն մեկն իր գործը գիտի, ու երբեք չեմ խառնվում նրանց աշխատանքին: Յուրաքանչյուրն իր հոգին է ներդնում, շնորհակալ եմ, որ կողքիս են ու միասն կարող ենք ստեղծագործել»,- նշել է երգչուհին:
 
Թեեւ նկարահանումները գիշերվանից էին սկսվել, բայց Նառան էներգիայով լի էր, շարունակ ժպտում էր ու կատակներ անում: Նկարահանումների ընդմիջմանը ժամանակ գտավ ու պատեց, թե որքան շատ է սիրում երգի ծնվելու ընթացքը: Անհամբեր է լինում, թե երբ են բառերն իրենց վերջնական տեսքը ստանալու ու ավարտվելու է գործիքավորումը, որպեսզի տեսահոլովակն էլ նկարի ու այն ավարտուն տեսքով ներկայացնի:

Նառայի նոր տեսահոլովակի նկարահանումներին


«Իմ բոլոր երգերում առկա է ուժեղ կնոջ կերպարը, ուզում եմ՝ կանայք ամեն պարագայում չհանձնվեն, անգամ, երբ նրանց լքում են: Երգերիս միջոցով փորձում եմ ուղերձ տալ, որ ամեն ինչ էլ կարելի է հաղթահարել, կարեւորը չհուսահատվելն է։ Կինն ընտանիքի կրակն է եւ պետք է անկոտրում լինի։ Ինձ թվում էր՝ ես ուժեղ դարձել եմ, բայց հետո հասկացա, որ այդպիսին եղել եմ, պարզապես ժամանակի ընթացքում ավելի եմ ամրացել»,- ավելացրել է նա:

Տեսահոլովակի շնորհանդեսը ցանկանում է մարտի 8-ին անել եւ կանանց նվեր մատուցել: Իսկ նրա մաղթանքը մեկն է, որպեսզի բոլորն առաջին հերթին առողջ լինեն ու երբեք սիրո պակաս չզգան իրենց եւ աշխարհի հանդեպ. «Որքան սեր տան, այդքան շատ կստանան, կարեւոր է նաեւ, որ երբեք նրանց նպատակները չպակասեն։ Ես էլ բազում նպատակներ ունեմ, որոնք երազելու հետ կյանքի շարժիչ ուժն են»:

Նառայի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Իսկ մինչ նա վերադառնում է իր աշխատանքին, երգի ստեղծման մասին պատմում է Անիտա Հախվերդյանը: «Սիրտս գողացար»-ը նա գրել է ամռանը՝ Սեւանում, խոստովանում է՝ Նառային այնքան լավ է ճանաչում, որ արդեն գիտի՝ նրա սրտին դիպչող երգն ինչպիսին պիտի լինի: Փոխարենն ընթացքում շատ է աշխատել Վահրամ Պետրոսյանի հետ, ինչի արդյունքում բառերը բավական փոփոխությունների են ենթարկվել:

«Նառան երբեք եկամտաբեր գործ չի անում, այլ այն, ինչ իր սիրտն է ուզում, ինչը բացառիկ բան է մեր շոու բիզնեսում, դրա համար էլ այս երգը, ինչպես եւ նրա նախորդ գործերը, հաջող է ստացվելու: Հատուկ երաժիշտներ են նվագել այս կատարման համար. հունական բուզուկի գործիքը՝ Հալեպից Կեւոն, կլառնետը՝ հայտնի Եղիշիկը (Եղիշե Գասպարյան), իսկ կիթառները՝ Մադոննայի երաժիշտները։ Արա Թորոսյանը Միացյալ Նահանգներում դիմում է նրանց ու միասին աշխատում են: Սա երկրորդ համագործակցություն է, մինչ այդ նրանք նվագել են Նառայի «Սեր իմ հայրենիք» երգի համար»,- ընդգծել է Հախվերդյանը:

Նառան


Նշում է, որ ցանկացել են այս բարդ ժամանակներում երգը լավատեսություն հաղորդի մարդկանց ու գերադասեն հոգու մեջ սեր կրել։ Նառայի հետ համատեղ աշխատելու, ինչպես նաեւ սեփական գործերի հաշիվն Անիտա Հախվերդյանը վաղուց է կորցրել: Եթե չի սխալվում, իրենց 10-րդ համագործակցությունն է, իսկ իր հեղինակած երգերի քանակը պետք է որ 500-ի սահմանը հատած լինի:

Նառայի նոր տեսահոլովակի նկարահանումներին


«Կապ չունի՝ ինչի մասին է երգն ու որերորդն է, ինձ միշտ թվում է, որ այս անգամ այն չեմ կարողանալու գրել, թեեւ նախադեպ չի եղել, որպեսզի նման վախ առաջանար: Համարում եմ, որ գերագույն հաճույքը ոչ թե սերն է, ճամփորդելը կամ այլ բաներ, այլ երբ ստեղծագործում ես ու քեզնից դժգոհ չես մնում»,- խոստովանել է նա:

Նկարահանման հրապարակում ինչպես միշտ ամենազբաղվածը ռեժիսորն է. եթե մյուսները մի փոքր հանգստանալու եւ շունչ քաշելու ժամանակ ունեն, նա ամեն ինչ ու բոլորին է վերահսկում: Քեշիշյանը համատեղ աշխատանքը մեծագույն հաճույք է համարում, քանի որ ոգեշնչվում է Նառայով ու սիրում համատեղ քննարկումները, որոնք փոխադարձ վստահության մթնոլորտում են անցնում:

Նառան եւ Հրաչ Քեշիշյանը


«Երգի տրամադրությունն ու խոսքերը բերեցին այսպիսի սյուժեի. մթնոլորտային իրավիճակ ենք ստեղծել, որը մեզ տանում է դեպի ծով, Հունաստան, սարեր, երիտասարդություն ու սեր: Թեեւ ձմռանն ենք նկարում, բայց ամառային լավ տրամադրություն ենք ուզում փոխանցել»,- ավելացրել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW