×


«Բարի օր» կատակերգության պրեմիերան եւ կարմիր գորգի անցուդարձը

Եթե կյանքդ միօրինակ է, ապա գուցե ժամանա՞կն է, որ մի բան փոխես, իսկ քանի՞ մարդու երջանկությունն է կախված քեզնից ու քո որոշումներից՝ այս հարցերի պատասխանների հետքերով նկարահանվել է ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանի եւ Արման Սարգսյանի «Բարի օր» կատակերգությունը։ Ֆիլմի պրեմիերան երեկ էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում։

Առաջին իսկ րոպեներից պարզ է դառնում, որ հիմքում հանրահայտ «Արջամկան օրը» ֆիլմն է, որը նկարահանվել է 30 տարի առաջ։ Ռեժիսորները շեշտում են՝ վերցված է ձեւաչափը, բայց սա հայկական իրականության մասին է։


«Աշխարհում մեկ տասնյակից ավելի նմանատիպ ֆիլմեր կան, որոնք ոգեշնչված են սիրված ֆիլմից. հերոսի կյանքում օրը կամ ինչ-որ ժամանակահատված կրկնվում է: Դերասան Մհեր Մխիթարյանի կերպարն արդեն 2-3 տարի է, ինչ կար՝ տաքսիստ Հենդոն, հասունացել էր ֆիլմ նկարելու գաղափարը, եւ պրոդյուսերներից Ամարաս Գասպարյանն առաջարկեց օգտագործել այդ «ժամանակային թակարդը», ինչը լավ միտք էր, որովհետեւ Հենդոն պետք է փոխվեր: Ֆիլմը մեր իրականության բոլոր Հենդոների ու բոլորիս մասին է։ Վերարժեւորումը հատկապես հիմա մեր հասարակության համար շատ արդիական է»,- նշեց Գրիգոր Գասպարյանը՝ կեսկատակ հավելելով, որ միջազգային լուրջ փառատոների մասնակցելու նպատակ չունեն:


Սցենարի հեղինակներն են Վան Գրիգորյանը եւ Գառնիկ Մակվեցյանը, իսկ նկարահանումները որոշակի դադարներով են իրականացվել՝ երկրում տիրող իրավիճակներից ելնելով։

Դերասան Մհեր Մխիթարյանի համար երկար սպասված ֆիլմ է.«Բոլորիս հաստատ հանդիպել են տաքսու վարորդներ, որ զայրացնում են իրենց բառապաշարով, երաժշտական ճաշակով, հարցերով եւ այլն: Հույս ունեմ՝ ֆիլմից հետո ինչ-որ բան կփոխվի, գուցե մենք էլ սկսենք իրենց ավելի հանգիստ վերաբերվել, իրենք էլ կփոխվեն»։


Ռոզի Ավետիսովան ֆիլմում Հենդոյի կնոջ կերպարում է, վերջինիս հակապատկերն է՝ կիրթ եւ զուսպ է։ Իր խոսքով՝ ամենաբարդը դիտողին վստահեցնելն է, որ այդ չափազանց տարբեր կերպարներն իրական կյանքում կարող են լինել միասին։

«Անկախ ամեն ինչից մենք ժամանակ առ ժամանակ վերաիմաստավորում ենք կյանքը՝ կախված անձնական խնդիրներից, երկրի վիճակից եւ այլ հարցերից: Դա չդադարող գործընթաց է»։


Ինտրիգային, էմոցիոնալ, անկանխատեսելի եւ բռնկուն սիրուհու կերպարում Էվա Խաչատրյանն է։ Դերասանուհու խոսքով՝ ֆիլմի նկարահանումներին դրական հույզեր է ստացել։

Խարիզմատիկ շամանի կերպարում հանդես է եկել Իվետա Մուկուչյանը։ Ֆիլմում իր առաջին քայլերն է արել Նանուլը, իսկ նրա խաղընկերը Վարդան Քոչարյանն է։


«Բարի օր» կատակերգությունը նկարելիս ռեժիսորները կարողացել են միավորել հանրահայտ մարդկանց՝ անսպասելի լուծումներով. օրինակ՝ Գարիկ Մարտիրոսյանը եւ Արկադի Դումիկյանն իրենք իրենց կերպարում են։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին