×


«Կարոտել եմ քեզ». Կարոլինա Խառատյանը 6 տարվա դադարից հետո վերադարձել է նոր տեսահոլովակով

Կարոլինա Խառատյանը տեւական դադարից հետո որոշել է վերադառնալ երգարվեստ, ինչն ազդարարել է «Կարոտել եմ քեզ» նոր երգով ու տեսահոլովակով:

Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ դեռ մեկ տարի առաջ իր գործընկեր Գուրո Գասպարյանի ստուդիայում լսել է երգի մեղեդին, հավանել եւ ցանկացել, որ իրենը դառնա: Երգի բառերը գրելու համար դիմել է Գրիգոր Կյոկչյանին:

«Շնորհակալ եմ նրանց այս գեղեցիկ երգը ստեղծելու համար: Գործիքավորումն արվել է «Գուրո» փրոդաքշնում: Արդյունքն ինձ շատ է գոհացրել, դրա համար էլ ցանկացա նաեւ տեսահոլովակ նկարահանել: Ռեժիսորը շատ տաղանդավոր լիբանանահայ Հրայր Ժաքոյն է»,- ասել է նա:

Կարոլինա Խառատյանը


Կարոլինան խոստովանել է, որ այդքան երկար դադարը պայմանավորված է եղել մոր կորստով. ժամանակ է պետք եղել, մինչեւ կարողացել է վերագտնել իրեն ու վերադառնալ: Մայրիկին խոստացել է երբեք չթողնել բեմն ու երգը, բայց դա անելու համար նրան նոր ասելիք եւ շունչ էր պետք, ինչպիսին դարձավ այս երգը:

«Ինձ համար մեծ հարված էր՝ ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես շատ ծանր էր: Վերականգնվելու համար բավական ժամանակ պետք եղավ, քանի որ մայրս երկրի վրա տեսանելի եւ շոշափելի աստվածն էր ինձ համար: Մինչ այդ էլ գործունեությանս հետ կապված շատ բան էի հասկացել, բայց մայրիկից հետո կրկնակի ուժ գտա իմ մեջ եւ համոզվեցի՝ պիտի շարունակեմ ստեղծագործել: Ասելիք շատ ունեմ, այս տարի նոր երգեր եւ գեղեցիկ հոլովակներ էլի կլինեն»,- նշել է երգչուհին:



Տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել են Բեյրութում, որտեղ նախկինում էլ երգչուհին շատ է այցելել: Նրան հատկապես դուր է գալիս քաղաքի մթնոլորտն ու ծովը, որը հեքիաթային ու մոգական է համարում, դրա համար էլ ցանկացել է վերադառնալ սիրելի վայրեր ու դրանք ցույց տալ նաեւ իր երգի միջոցով:

«Միշտ անում եմ այն, ինչ սիրում եմ, այլ ոչ թե պարզապես անելու համար: Լիբանանում վերջին տարիների ընթացքում հաճախ եմ եղել, թեեւ ստեղծագործական դադար էի վերցրել, բայց պայմանագրեր եմ ունեցել եւ մի քանի ամսով տարբեր երաժիշտների հետ ելույթ ունեցել Դուբայում, Կատարում, Բեյրութում: Երբեք չեմ դադարել երգել, ուղղակի ուզեցի հանգստանալ՝ նոր ասելիքով վերադառնալու համար»:

Սեփական ցավի միջոցով նա պարզ, բայց շատ կարեւոր գիտակցման է եկել, որ ոչ թե գեղեցիկը, այլ բարությունը կփրկի աշխարհը: Հետեւաբար, շատ է ցանկանում, որ մարդկանց մեջ բարությունն ու սերը երբեք չպակասեն:

Կարոլինա Խառատյանը


«Ինքս նույնիսկ մեծ կորստից հետո երբեք չեմ չարացել, սերն էլ չի քչացել: Սիրում եմ բոլոր մտերիմներիս՝ ընտանիքիս, եղբայրներիս, մորեղբորս: Նրանք ինձ էներգիա են տվել ու մոտիվացրել, որ կարողանամ արարել, մանավանդ ստեղծագործող մարդկանց համար այդ ամենը շատ կարեւոր է: Ինձ երջանիկ է դարձնում իմ երաժշտությունն ու այն գործը, որով զբաղվում եմ: Օրվա մեծ մասը երաժիշտների հետ ստուդիայում եմ անցկացնում, որեւէ տեղ դեռ հանդես չեմ գալիս եւ ուզում եմ նոր երգեր եւ տեսահոլովակներ ունենալ, իսկ հետագայում՝ համերգ»,- ասել է Կարոլինան:

Խառատյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան. ընդունվել է Գոհար Գալաչյանի դասարան, իսկ նրա մահից հետո սովորել Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ, որը դասական վոկալ բաժնի ղեկավարն էր:

«Ֆանտաստիկ կին է եւ անսահման լավ մասնագետ, շնորհակալ եմ նրան, որ ինձ ճիշտ մակարդակի է հասցրել: Հետո, իհարկե, դասական ժանրում ժամանակավոր դադար վերցրի ու ավելի շատ սկսեցի զբաղվել կոմերցիոն ուղղությամբ: Պատիվ եմ ունեցել Լեւոն Մալխասյանի ղեկավարությամբ երգելու «Մալխաս» ջազ ակումբում: Հետո Հայաստանում բացվեց գեղեցիկ ու շքեղ «Յանս» մյուզիք հոլը, որտեղի արտ-տնօրեն Վազգեն Ասատրյանը մի հարկի տակ միավորեց երաժշտական էլիտային: Հրավիրեց Երվանդ Երզնկյանին, Արմեն Հյուսնունցին, Վահագն Հայրապետյանին, Գեորգի Մանգասարյանին, վերջինիս հորդորով ես էլ միացա եւ 4 տարի նույն բեմում նրա հետ երգելու պատիվ ունեցա»,- պատմել է երգչուհին:  

Կարոլինա Խառատյանը


Կարոլինա Խառատյանի առաջին տեսահոլովակը՝ «20 տարեկան» երգի հիման վրա, նկարահանվել է 2016-ին, ռեժիսորը Ժոր Մելոյանն է, իսկ երգի հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանը: Երգչուհին կատարումը վառ, պարային եւ ժամանցային է համարում:

Նա երկրորդ մասնագիտությամբ դաշնակահար է եւ հաջորդ տեսահոլովակում կտեսնեք նաեւ նվագելիս. «Պլաններիս մասին շատ չեմ խոսի, որ Աստծուն չծիծաղեցնեմ, բայց խոստանում եմ՝ գեղեցիկ գործեր շատ են լինելու: Իմ երաժշտական պրոդյուսերն է տաղանդավոր Արման Փահլեւանյանը, որը նաեւ «Comedy Club»-ում է աշխատում: Ւմ բոլոր երաժշտական նախագծերի գործիքավորման պատասխանատուն հենց նա է»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին