×


«Աղբարիկս». աշխարհը գրավելու Ազնավուրների անհուն եռանդն ու համարձակությունը

Առաջին ցուցադրությունից 4 տարի անց «Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» ներկայացումը Հայաստանում նորից բեմ բարձրացավ: Աիդա Ազնավուրի «Աղբարիկս» ինքնակենսագրական գրքի հիման վրա Արմեն Վերդյանի բեմադրած ներկայացումը պատմում է 1915 թվականին Եղեռնից փրկված ու Փարիզում հաստատված Ազնավուրյանների մասին:

Ազնավուրի կայացումը

Մինչ հանդիսատեսը տեղավորում է բեմում, Ազնավուրներին մարմնավորող Լոր Ռոլդանն ու Գրիգոր Դաշնակայանն իրենց տեղերում են՝ Աիդան գորգին նստած դիտում է ընտանեկան լուսանկարները, իսկ Շառլը հարդասենյակի հայելու մեջ իրեն նայում: Ապա սկսվում է ներկայացումը. «Անունս Աիդա է, Աիդա Ազնավուր, ես ընտանիքիս հիշողությունն եմ: Փակում եմ աչքերս ու հիշում բոլորին, ում սիրել եմ եւ չկան, բայց բոլորն էլ այստեղ են»,- Աիդան ցույց է տալիս սիրտն ու պատմությունը սկսում փոքրիկ Շառլի ծնունդից:

Նա իր Յայա մեծ տատիկի հետ անհամբերությամբ է սպասել փոքր եղբորը, բարուրը տեսնելուն պես քթին համբույր է շնորհել, ինչից փոքրիկը մի քանի րոպե շարունակ արտասվել է՝ կատարելով իր առաջին համերգը:

Աիդան հիշում է մոր՝ Քնարի գերդաստանը, որը Իզմիթում բնակվում էր մեծ առանձնատանը: Քնարը սովորելու համար Յայա տատիկի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ էլ վրա է հասել ապրիլի 24-ը:


Հոր՝ Միշայի պատմությունը ներկայացնում է Շառլը: 20-ամյա Միշան երազում էր բեմի մասին ու Թիֆլիսի օպերետային իր թատերախմբի հետ պետք է նավով շրջագայության գնար: Բաժանման օրը գրկում է մորը, լսում նրա հրաժեշտի խոսքերը. «Ջուրի պես կերթաս, ջուրի պես հետ կուգաս», բայց նրանց հաջորդ հանդիպումը միայն 40 տարի անց տեղի ունեցավ: Ընկերը, որը պետք է տոմսը բերեր, չկար, Միշան ստիպված էր աննկատ սողոսկել նավ ու թաքնվել: Իհարկե, աննկատ մնալ չէր կարող, եւս 6 օրինախախտների հետ բացահայտվեց, եւ ի պատասխան մեղադրանքների՝ սկսեց երգել. Սեւ ծովի վրա տարածվեցին Սայաթ-Նովայի հնչյունները, եւ մի մեծահարուստ կին վճարեց բոլորի փոխարեն:

Ծնողների ծանոթությունը տեղի ունեցավ թատրոնում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը նրա հետ հարցազրույցի էր գնացել: Ընտանիք կազմեցին ու Սալոնիկի ճանապարհին ծնվեց Աիդան, ընտանիքի միակ ֆրանսիացին փոքրիկ Շառլն էր: Լավ ապագայի որոնումներով ցանկանում էին հաստատվել Միացյալ Նահանգներում, սակայն մինչ թույլտվություն կստանային, տարիներ անցան՝ Ազնավուրյանները դարձան Ազնավուր: Նախ այդպես սկսեցին անվանել եղբորից ավելի հայտնի Աիդային, որպեսզի անունն ավելի բեմական հնչի, ապա նաեւ՝ Շառլին: Ընտանիքը շատ դժվարություններ հաղթահարեց, այդ թվում՝ համաշխարհային պատերազմը, ու սպասեց ռազմաճակատից Միշայի վերադառնալուն, սակայն անկախ ամեն ինչից՝ երգն ու խաղը միշտ նրանց կյանքի ուղեկիցն էին: Ծնողները երբեք դեմ չէին, որ երեխաներն իրենց նվիրեն բեմին՝ թեկուզ եւ չնչին աշխատավարձի դիմաց:


Ներկայացումը չէր կարող լինել առանց Էդիթ Պիաֆի, որն այնքան առանցքային դեր է խաղացել Ազնավուրի կարիերայում, եւ Միսաք Մանուշյանի, որը Ազնավուրների մտերիմն էր ու կյանքը նվիրեց նացիստների դեմ պայքարին: Բայց «Աղբարիկս»-ը առաջին հերթին Ազնավուրի կայացման ու մեծագույնը դառնալու պատմությունն է, թե ինչպես է նա կարողացել սեփական թերությունները եւ անինքնավստահությունը զենք դարձրել ու աշխարհին հայտնել իր մասին:

«Անունս Շառլ է, Շառլ Ազնավուր: Նո՞ր ես սկսում ուղիդ, երբեք չմոռանաս, որ մենք ավելին չենք, քան այն մեկը, որ վարագույրի մյուս կողմում նստած է բազկաթոռին: Զգույշ եղիր, պատրանքներն ու կեղծիքները տանում են տապալման: Փառքին հասնելիս հանգստանալ չկա, փառքից վեր պիտի միշտ լինես: Զարմացրու ինքդ քեզ՝ նախքան կզարմացնես ուրիշներին: Քո բացերն ու թերություններն ավելի լավ ես ճանաչում, քան մյուսները: Մեկ այլ խորհուրդ՝ երբեք չընդունես անել այն, ինչ չես ցանկանում: Անհնար է հաջողել կամ տաղանդդ առավելագույնս բանեցնել՝ բոլոր պաշտոնավորների պահանջներին «այո» ասելով: Երգիր, բայց այն, ինչ ինքդ ես ցանկանում»,- ինքն իրեն ասում է Ազնավուրը:

Ինչպես եւ ներկայացումը սկսվել էր, նույնպես էլ ավարտվում է Աիդայի խոսքերով. «Շառլ, ի՞նչ եմ անելու հիմա, ինձնից շուտ գնացիր, սա ի՞նչ ձեւ է: Լավ եմ ճանաչել Շառլին՝ զավակին այն գաղթականների, որոնք, մահվան ճիրաններից փախչելով, հաստատվեցին Ֆրանսիայում: Իմ փոքրիկ եղբայր, աղբարիկս»:

Ապա քույր եւ եղբայր հատակից բարձրացնում են հայկական գորգը, որի վրա պատկերվում է «Hier encore» երգը կատարող Ազնավուրը:


Երգչի օրհնությունը

Արմեն Վերդյանը նշում է, որ ներկայացում ստեղծելու պատմությունը սկիզբ է առել 2018 թվականին, երբ Ազնավուրը դեռ ողջ էր, եւ նրանից ստացել են գործը բեմադրելու օրհնությունը: Նախ Վերդյանն իր համար բացահայտել է Աիդա Ազնավուրի գիրքը, ապա զարմացել եւ ուրախացել, որ ոչ մեկը դեռ չի անդրադարձել երգչի կյանքին վերաբերվող այդքան մտերմիկ մանրամասներին:

«Ներկայացումը բեմադրեցինք 2019-ին, առաջնախաղերից մեկն էլ Երեւանում էր: Եղանք նաեւ Գյումրիում եւ Գորիսում, այսօր ուրախ ենք, որ «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ նորից Հայաստանում ենք։ Սերտորեն աշխատել ենք Քրիստինա եւ Նիկոլա Ազնավուրների հետ, որովհետեւ ընտանեկան պատմությանը վերաբերվող նուրբ գործ է, ու մեզ համար կարեւոր էր, որ նրանք այս գեղեցիկ ճանապարհորդության ուղեկիցը դառնան: Քանի որ ներկայացումը քովիդի շրջանում է բեմ բարձրացել, նրանք այսօր այն առաջին անգամ են դիտելու: Բոլորիս համար մեծագույն երազանք է խաղալ հենց Աիդայի ներկայությամբ»,- նշել է Վերդյանը:

Բեմադրիչը կարծում է, որ աշխարհահռչակ երգչի հանճարի ակունքները պետք է փնտրել ընտանիքի ու գեների մեջ: Ծնողներից ստացած որակները քույրն ու եղբայրը հետագայում զարգացրել են եւ կարողացել հասնել իրենց երազանքներին. «Այդ ամենը թաքնված է նաեւ Աիդայի եւ Շառլի համարձակ լինելու եւ դժվարությունները հաղթահարելու ձգտման մեջ, նրանք ցանկանում էին գրավել Փարիզն ու աշխարհը, ինչը նրանց հաջողվեց: Ներքին անհուն եռանդ ու համարձակություն ունեին»:


Քրոջ ու եղբոր անբացատրելի կապը

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝որոշել են նորից ներկայացումը ցուցադրել Հայաստանում, քանի որ ընտանիքի պատմությանը վերաբերվող այդ կարեւոր մանրամասներին շատերն էին ցանկանում ծանոթանալ:

«Ինքս տեսել եմ քրոջ ու եղբոր սերը, որը նրանք փայփայել են տարիների ընթացքում: Այդ կապն ու եզակի հարաբերություններն օրինակ են դարձել շատերի համար: Թեեւ Շառլ Ազնավուրն աշխարհով մեկ համերգներ էր ունենում, բայց միշտ պահում էր ընտանիքի հետ կապն ու նրա համար կարեւոր էր բոլորին միասին հավաքելը: Քանի որ Աիդան, որն, ի դեպ, արդեն 101 տարեկան է, Փարիզից դուրս է ապրում, միշտ նրան հյուր էինք գնում, հիմա էլ այդ ավանդույթը պահում ենք»,- ընդգծել է նա:

Ազնավուրի որդին՝ Նիկոլան, թեեւ առաջին անգամ դիտեց ներկայացումը, սակայն հորաքրոջ հեղինակած գրքին ու ընտանեկան այդ պատմությանը լավ ծանոթ է: Ուրախ է, որ այն նորից ցուցադրվում է Հայաստանում ու հայերեն ենթագրերով ներկայացնում հոր ընտանիքի հետաքրքիր պատմությունը. «Մանկության տարիներին ձեւավորված այդ անասելի ամուր կապը մինչեւ կյանքի վերջ ուղեկցել է նրանց: Ակտիվ ճամփորդությունների ու համերգների ընթացքում հաճախ չէին տեսնում իրար, բայց ամեն հանդիպում սիրո ու մտերմության տոն էր»:

Նիկոլա Ազնավուրը նշել է, որ փետրվարին Կաննում տեղի ունեցած «Aznavour Classique» համերգով Ֆրանսիայում ազդարարել են հոր 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Մայիսի 22-ին նման բացօթյա համերգ լինելու է Երեւանում, միջոցառումներ են նախատեսված նաեւ Գյումրիում եւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Ծրագիրը բավական հագեցած է, քանի որ Շառլ Ազնավուրի գործունեությունն էլ բազմաբնույթ եւ ընդգրկուն էր:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝  «Ազնավուր» հիմնադրամի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին