×


Porsche Panamera-ի շնորհանդեսը Երեւանում. շքեղ սպորտային եւ ամբողջովին նոր ներսից ու դրսից

Սպորտայնության եւ հարմարավետության համադրություն, շքեղության ու նրբագեղության նոր չափանիշ, ամբողջովին նորացված ու կատարելագործված տեխնոլոգիաներ՝ Porsche ընկերությունը Երեւանում ներկայացրել է Panamera-ի երրորդ սերնդի նոր մոդելային շարքը։ Թողարկման օրվանից այն շարունակում է վստահորեն ամրապնդել իր դիրքերը համաշխարհային ավտոշուկայում եւ անվիճելիորեն մնալ ամենապահանջված սպորտային սեդանը, որ բարձրագույն մակարդակով անձնավորում է գնորդի անհատականությունը։ Porsche Panamera-ի շնորհանդեսին, որտեղ ներկայացվել են նոր մոդելների բոլոր առանձնահատկություններն ու առավելությունները, ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։

«Պորշե կենտրոն Երեւան»-ի վաճառքի ղեկավար, խորհրդատու Քրիստինե Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նորարարությունները, որ բնութագրում են շուկայում առկա նոր մոդելները։ Իր խոսքում նա ընդգծեց՝ աշխարհը քայլ առ քայլ գնում է դեպի մեքենաշինության էլեկտրականացմանը, ինչը խթանում է նոր տեխնոլոգիաների ավելի արագ զարգացմանն ու արդիականացմանը:

«Պանամերան ավելի քան հարմարեցված է հայաստանյան ճանապարհներին, ինչի վառ ապացույցն է, որ 2009 թվականից ի վեր այն առկա է տեղական շուկայում ու անթերի, անխափան շահագործվում է։ Պորշե Պանամերան կարող է գրավել հատկապես այն գնորդներին, ովքեր վստահ են իրենց քայլերում ու որոշումներում, հստակ գիտեն՝ ինչ են ուզում, ինչ նախասիրություններ ունեն։ Եթե այն պահանջված չլիներ, դժվար թե այսքան երկար շարունակականություն ունենար, կամ այսքան հաճախ լինեին փոփոխությունները, նորարարությունները»,- ընդգծեց Բարսեղյանը։

Քրիստինե Բարսեղյանը


Հաջողության ուղին՝ որպես լյուքս սեգմենտի սպորտային մեքենա

Մեծ, ծանրաշարժ, փափուկ հարդարանքով՝ այս բոլոր բառերը նախկինում վերագրվում էին շքեղ չորսդռնանի սեդաններին: 2009-ին Panamera-ի շուկա մուտք գործելով՝ Porsche-ն ցույց տվեց, որ վարելու շքեղությունը եւ սպորտայնությունը պարտադիր չէ, որ բացառեն միմյանց: Ավելի քան 370,000 վաճառված մեքենաներով Panamera-ն այդ ժամանակից ճանաչվել է որպես լյուքս սեգմենտի սպորտային մեքենա: Այնուամենայնիվ, այն առաջվա նման բացառիկության զգացողություն է առաջ բերում ճանապարհի վրա: Եվ այն ընտրող հաճախորդները գիտակցաբար որոշում են կայացնում՝ ընտրելու անհատականացված Panamera:

Panamera Turbo E-Hybrid․ նոր սերնդի մոդելային շարքը

Panamera-ի նոր սերունդը ներկայացված է, ընդհանուր առմամբ, երեք մոդելով, որոնցից Panamera-ն, Panamera 4-ը եւ նոր Panamera Turbo E-Hybrid-ը տեխնոլոգիական առաջամարտիկներ են:

Panamera-ն եւ Panamera 4-ը համալրված են 2.9 լիտրանոց V6 շարժիչով, իսկ Panamera Turbo E-Hybrid-ը՝ նոր 4.0 լիտրանոց V8 շարժիչով եւ էլեկտրական շարժիչով: Panamera 4 E-Hybrid-ը եւ Panamera 4S E-Hybrid-ը կհետեւեն երկրորդ թողարկման ժամանակ: Հիբրիդային տեխնոլոգիան կարեւոր քայլ է դեպի էլեկտրաշարժունություն, ինչպես եւ նախատեսված է Porsche-ի ռազմավարության մեջ:

E-Performance եւ արդիականացված շարժիչներ

Porsche-ն առաջարկում է չորս տեսակի բարձր արդյունավետությամբ E-Hybrid ուժային ագրեգատներ նոր Panamera-ի համար՝ ի պատասխան այս տեսակի շարժիչների մեծ պահանջարկի: Բոլոր E-Hybrid տարբերակներն առաջարկում են կատարողականության, ընթացքի պաշարի եւ արդյունավետության ավելի բարձր մակարդակ:

Երրորդ սերնդի Porsche Panamera շքեղ սեդանը սպորտային է եւ ունի ավելի հզոր շարժաբեր համակարգեր։ Այն ներկայանում է լիովին արդիականացված կառավարման հայեցակարգով եւ բազում նորարարական տեխնոլոգիաներով: Դրանց թվում է Porsche Active Ride կախոցը՝ հարմարավետության զգալիորեն բարելավված մակարդակով եւ սպորտային վարման բնութագրերով, ինչով եւ հայտնի է Porsche-ն: Վարորդի սեփական թվային համակարգի ինտեգրումը կառավարման համակարգում (PCM) առաջարկում է բոլորովին նոր փորձառություն։


Գերազանց զգացողություններ՝ շնորհիվ նորարարական կախոցի

Նոր Panamera-ի ստանդարտ համալրման կազմում է երկխցիկ եւ երկփականային կախոցը՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգով: Երկփականային տեխնոլոգիան առաջարկում է ավելի լայն հնարավորություններ հարմարավետ ու սպորտային վարման ռեժիմների միջեւ:

Ավելին, նոր Panamera-ի E-Hybrid մոդելների համար որպես տարբերակ հասանելի է Porsche Active Ride ակտիվ կախոցը: Այս համակարգը բոլոր կարեւոր պարամետրերով գերազանցում է այլ կախոցների կոնցեպտները եւ առաջարկում է աննախադեպ տիրույթ վարման հարմարավետության եւ վարման դինամիկայի միջեւ:

Գերկոմպենսացնելով ճոճն ու կողաթեքումը

Նոր բարձր տեխնոլոգիական Porsche Active Ride հենասարքն ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ ճկունություն, ինչպես նաեւ վարելու մի շարք նորարարական ֆունկցիաներ: Նոր Panamera-ն առաջին Porsche-ի արտադրական մեքենան է, որը համալրված է այս ակտիվ հենասարքով: Porsche Active Ride-ը կարող է ակտիվորեն կարգավորել ցնցամեղմիչի ուժը հիդրավլիկորեն՝ յուրաքանչյուր անիվի համար միլիվայրկյանների ընթացքում եւ գրեթե ամբողջությամբ կոմպենսացնել ճոճը ու կողաթեքումը: Գերկոմպենսացումը կարող է ակտիվացվել՝ ըստ անհրաժեշտության. այն կարող է գրեթե ամբողջությամբ վերացնել երկայնական ու կողային ուժերի ազդեցությունը վարորդի եւ ուղեւորների վրա որոշակի վարման իրավիճակներում՝ արագացման, արգելակման եւ շրջադարձի ժամանակ:

Հենասարքը Panamera-ի թափքը մշտապես պահում է հորիզոնական վիճակում՝ անգամ դինամիկ արգելակման, ղեկակառավարման եւ արագության մանեւրների ժամանակ: Արդյունքում՝ ապահովվում է սահուն մեքենավարում, քանի որ համակարգը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է ճանապարհային անհարթությունները: Դինամիկ վարման իրավիճակներում Porsche Active Ride համակարգն ապահովում է կատարյալ կցորդում ճանապարհածածկի հետ՝ անիվների վրա բեռնվածքի հավասարակշռված բաշխմամբ:

Համապատասխան ռեժիմի ակտիվացման դեպքում կախոցը կարող է կառավարել ճոճման եւ գլորման միտումները՝ ուղեւորների վրա ազդող արագացման ուժերը նվազեցնելու համար: Այսպիսի իրավիճակներում նոր Panamera-ն շրջադարձերի ժամանակ թեքվում է այնպես, ինչպես մոտոցիկլետը: Անշարժ վիճակում Porsche Active Ride համակարգը կարող է կարգավորել թափքի բարձրությունը հարմարավետ մուտքի կամ ելքի համար:


Շքեղ ու սպորտային ներսից եւ դրսից

Նոր Panamera-ն պահպանել է մոդելային շարքին բնորոշ գծերն ու համամասնությունները: Հիմնովին թարմացված կերպարը սպորտային սեդանին հաղորդում է ավելի տպավորիչ եւ սպորտային տեսք: Առջեւում՝ համարանիշի վերեւում տեղադրված լրացուցիչ օդամղիչն ապահովում է քարշակ համակարգերի օդի ավելացված պահանջը: Կողքից դիտելիս փոփոխված պատուհանի ուրվագիծն ավելի է ընդգծում չորսդռնանի սպորտային ավտոմեքենայի արտաքին տեսքը: Հետեւի ապակու արտաքին եզրերը թափքի եզրագծի հետ նույն մակարդակի վրա են եւ ստեղծում են ներդաշնակ ուրվագծեր ավտոմեքենայի հետնամասում:   

Porsche Driver Experience կառավարման հայեցակարգը կատարյալ հավասարակշռություն է ապահովում թվային եւ անալոգային կառավարման տարրերի միջեւ, ինչպես՝ վարելու համար առանցքային նշանակություն ունեցող մուտքային եւ ելքային տարրերի հարմարավետ տեղակայումը վարորդի հետ միեւնույն առանցքի երկայնքով: ՓՓՏ լծակը գտնվում է ղեկանվի անմիջապես աջ կողմում: Ռեժիմների՝ Normal, Sport եւ Sport Plus վարման ծրագրերի փոխարկիչը, ինչպես նաեւ օժանդակող համակարգերի անջատիչները նույնպես անմիջականորեն հասանելի են վարորդին: Սա նշանակում է, որ վարորդը ստիպված չի լինի աչքը կտրել ճանապարհից՝ վարման ռեժիմները կամ օժանդակող համակարգերը կարգավորելու համար:

Ուղեւորի համար նախատեսված օպցիոնալ էկրանը նրան դարձնում է վարելու ընթացքի մասնակից: 10.9 դյույմանոց դիսփլեյը ըստ պահանջի ցույց է տալիս ավտոմեքենայի կատարողականությանը վերաբերող տվյալները: Այն նաեւ թույլ է տալիս կառավարել տեղեկատվական-ժամանցային համակարգը, ինչպես նաեւ տեսահեռարձակում է ապահովում մեքենան ընթացքի մեջ գտնվելու ժամանակ: Ուղեւորի համար նախատեսված էկրանը տեղադրված է այնպես, որ տեսանելի չլինի վարորդի նստատեղից՝ վերջինիս ուշադրությունը չշեղելու նպատակով։


Ավելի յուրօրինակ Panamera Turbo E-Hybrid

Panamera Turbo E-Hybrid-ն արդեն պատրաստ է մուտք գործել շուկա: Այն համալրված է չորս լիտրանոց V8 turbo շարժիչով: Բոլորովին նոր մշակված էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է 140 կՎտ (190 ձիաուժ): Գումարային հզորությունը կազմում է 500 կՎտ (680 ձիաուժ): Իսկ առավելագույն ոլորող մոմենտը 930 Նմ է: Porsche-ն ինտեգրել է էլեկտրական շարժիչը լիովին վերամշակված՝ կրկնակի կցորդմամբ 8-աստիճան PDK փոխանցման տուփի կորպուսում:

Panamera Turbo E-Hybrid-ը մինչեւ 100 կմ/ժ արագությունը հավաքում է 3.2 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժ։ Մարտկոցի կարողությունն այժմ կազմում է 25.9 կՎտժ: WLTP համակցված ցիկլում ընթացքի էլեկտրական պաշարը կազմում է 91 կմ, իսկ քաղաքային պայմաններում՝ 83–93 կմ: Նոր 11 կՎտ հզորությամբ ՓՀ լիցքավորիչի շնորհիվ մարտկոցը հնարավոր է լիցքավորել 2 ժամ 39 րոպեում՝ համապատասխան լիցքավորման կետերում:


Turbo անվանումը կրող մոդելի տարբերակները յուրահատուկ դիրք են զբաղեցնում Porsche-ում՝ որպես կատարողականության ֆլագմաններ: Porsche-ն ամրապնդել է այս դիրքը մոդելային շարքում Panamera Turbo E-Hybrid-ի օգնությամբ: Արտաքինից մոդելն ունի հետնամասի տարբերվող թափարգել՝ դիֆուզորի ներկված պանելներով, եւ թափքի գույնի յուրօրինակ առջեւի թափարգել: Արտանետման համակարգի քրոմապատ խողովակները մուգ բրոնզագույն են: Այս եւ մյուս մոդելների համար հասանելի են նաեւ օպցիոնալ կենտրոնական փականով անիվները:

Turbo մոդելների համար բացառիկ Turbonite հակադիր գույն ունեն կողային ապակիների զոլերը, բեռնախցիկի կափարիչի վրայի Turbo տարբերանշանը, ինչպես նաեւ Porsche գերբը ծածկոցի, անիվների եւ ղեկանվի վրա: Ավտոմեքենայի ներսում Turbonite գույնը համադրված է կարբոնե էլեմենտների հետ՝ սպորտային միջավայր ստեղծելու նպատակով: Այդ գույնի են, օրինակ, ցուցիչների վահանակի կենտրոնական տախոմետրը, ինչպես նաեւ կենտրոնական վահանակի կառավարման տարրերը:   

Թվային փորձ եւ լուսավորման նոր գործառույթներ

Porsche Panamera-ն համալրվել է ստանդարտ Matrix LED լուսարձակներով: Որպես ընտրանք հասանելի է HD Matrix LED լուսավորման համակարգը՝ մեկ լուսարձակի համար ավելի քան 32,000 պիքսել կետայնությամբ: Այն առաջարկում է բոլորովին նոր լուսավորման գործառույթներ, օրինակ՝ երթեւեկության հատուկ գոտու լուսավորություն: Լուսավորման միջակայքը մինչեւ 600 մետր է:


Սրահում առկա մոդելներն ու անհատական պատվերի հնարավորությունը

Վերը նշված բոլոր առավելություններին ու տեխնոլոգիական նորարարություններին կարելի է ծանոթանալ Պորշե ընկերության երեւանյան մեծ ցուցասրահում։ Այստեղ հնարավոր է ոչ միայն տեսնել ներկայացված մոդելները, այլեւ շոշափել, նստել, վարել, ինչպես նաեւ կոնֆիգուրացնել ձեր երազած մեքենայի տարբերակը, պատվիրել ու վայելել։ Սպասարկող անձնակազմը, որտեղ ներգրավված են ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետները, կօգնի հաճախորդին տեղում իրականություն դարձնել ամենավառ պատկերացումներն ու ցանկությունները ապագա մեքենայի հետ կապված՝ հաշվի առնելով բոլոր նախասիրությունները։

Porsche-ի նորություններին կարող եք հետեւել «Պորշե կենտրոն Երեւան»-ի կայքում, ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW