×


«Բոլորիս աչքով եմ նայել ու հուզվել»․ «Սիրելի Սահմի»-ի վերջին սերիաների փակ դիտումն ու դերասանների խոստովանությունները

Ժամանակների անհնար խաչմերուկներում հնարավոր սիրո, ապրումների, ինքնադրսեւորումների եւ արժեքների մասին պատմող «Սիրելի Սահմի» սերիալը կարճ ժամանակում մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում։ Ժամանակի մեջ ճանապարհորդելու կինոձեւաչափը հայկական իրականություն բերվել է մի քանի ժանրեր միաձուլելով՝ միստիկա, ֆենթըզի, մելոդրամա։ Ֆիլմի վերջին երկու սերիան եթերում կլինեն ապրիլի 2-ին եւ 4-ին, իսկ մինչ այդ ստեղծագործական կազմը փակ դիտում էր կազմակերպել ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների, լրագրողների եւ ընկերների համար։

Սերիալի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, իսկ ռեժիսորը՝ Գոշ Հակոբյանը: Գլխավոր հերոսուհու՝ Սահմիի դերում Իննա Խոջամիրյանն է, ով նաեւ ֆիլմի պրոդյուսերն է։ Ներկաների շնորհավորանքներից հետո նա անկեղծացավ՝ չէր հասցրել քնել մոտ 50 ժամ։


«Մեզնից ոչ ոք նման արձագանքի չէր սպասում. ռիսկի դաշտում էր սկզբում ամեն ինչ: Ես շատ բծախնդիր եմ եւ «Սահմիին» հնարավորություն եմ տվել 6-7 ամիս եփվելու, դա, կարծես, չավարտվող ընթացք էր: «Սահմին» ինձ հետ է 2023-ի օգոստոսի 20-ից, իրեն ուսերիս տանում եմ, բայց ինձ հետ՝ նաեւ ամբողջ թիմը։ Նախատեսում էինք առաջին սերիան այսպես ցուցադրել, բայց չստացվեց, ինչն այնքան ճիշտ էր․ այս ջերմությունը, ոգեւորությունը, հույզերն ու արցունքները չէին լինելու»,- նշեց Իննա Խոջամիրյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կնկարահանեն շարունակությունը, Իննան նշեց․«Շատ կուզեմ, եթե ունենանք համապատասխան ֆինանսավորում։ Շատ ենք մտածում, թե ինչ ենք անելու, քանի որ գաղափարներն ու առաջարկները շատ են: Լրջորեն է պետք մտածել, եւ գիտե՞ք, գուցե հաջորդը նման արդյունք չտա. ոչ ոք ապահովագրված չէ թե՛ հաջողություններից, թե՛ ձախողումներից։ Հիմա ամենաբարդն է չթուլանալ եւ չիջեցնել նշաձողը»։


1840-ականներից մեր օրերում հայտնված Միհրանի կերպարում հանդես եկող Սոս Ջանիբեկյանի համար դերն ամենասիրելներից է, ինչպես նշեց՝ բեկումնային է. «Ստեղծագործական խմբի «կյանքը կերել եմ», քանի որ նաեւ օպերատորի մասնագիտական կրթություն ունեմ ու ամեն մանրուք հարցրել եմ՝ ի՞նչ տեսախցիկով է նկարվելու, ի՞նչ լույսեր են օգտագործվելու, բայց ինքնանպատակ հարցադրումներ չէին, այլ՝ որակի համար։ Արդեն 18 տարեկան երազկոտ պատանին չեմ, երբ ամեն առաջարկ հնարավորություն էր ինքնադրսեւորվելու, հիմա ինձ համար կան այլ առաջնահերթություններ։ Օրինակ՝ մյուսը պետք է լինի ավելի լավը։ Նախագծում ինձ համարում եմ ոչ թե հրավիրված դերասան, այլ՝ թիմակից Գոշին եւ Իննային, եւ բոլորիս աչքով եմ այսօր սերիաները նայել ու հուզվել»։


Հերոսի էությունը հասկանալու համար դերասանը երեք օր ապրել է որպես Միհրան, խոսել կերպարին բնորոշ բառապաշարով ու ժեստերով. «Նախապես մշակել եմ ամեն բան, մտածել՝ ինչ բարդույթներ ունի մանկությունից, ի՞նչ է զգում, որո՞նք են վախերը։ Ամեն մանրուք հաշվի եմ առել եւ բացառիկ ինքնանվիրումով աշխատել: Նաեւ ինչպես վատ հատակագծով լավ շենք չես կառուցի, այնպես էլ վատ գրվածի դեպքում լավ չէի խաղա։ Սցենարը երբ կարդացի, հասկացա՝ սա այն դերն է, որ իրավունք չունեմ թերանալու»։

Ֆիլմի երաժշտական ձեւավորումը կատարել է Գոշ Հակոբյանը, նկարահանվել են նաեւ Լեւոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Իրինա Այվազյանը, Մարինկա Խաչատրյանը, Վաչե Երիցյանը, Հայկ Դարբինյանը, Հարություն Սարգսյանը, Միշա Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Սամվել Դանիելյանը, Ժոռա Հովհաննիսյանը, Հովիկ Հովհաննիսյանը եւ այլք։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին