×


«Իմ ներսի փոքրիկ Իննան ամենաշատն ուզում է, որ իրեն սիրեն, ու հավատա դրան». Իննա Խոջամիրյան

«Սիրելի Սահմի» սերիալի գլխավոր հերոսուհի եւ պրոդյուսեր Իննա Խոջամիրյանի հետ Սուրբ Զատիկի օրը ժամանակ ենք գտել ու հանդիպել Ժողովրդական արվեստների թանգարանում՝ խոսելու Սահմիին մարմնավորելու, մեծ հետաքրքրություն առաջացրած նախագիծ ստեղծելու, նորից երազելու, դեպրեսիայի ու, իհարկե, սիրո մասին:

- Էլեն, Լուսինե, Մարթա, Ագապի, Մանե, Սահմի՝ մարմնավորած կերպարներ շատ ունեք, իսկ ո՞րն է առավել յուրահատուկ Ձեզ համար:

- Փորձել եմ խտրականություն չդնել, բայց կխաբեմ, եթե ասեմ՝ չեմ արել: Ամենասիրելին իմ առաջին՝ Էլենի կերպարն է: Նրա միջոցով մտա դերասանական ասպարեզ ու սկսեցի հասկանալ այն, ինչ անում եմ: «Կհանդիպենք անտառի տնակում»-ից Լյուսիին էլ կառանձնացնեմ. անչափ գունեղ էր, բայց հետո ինձ շատ խանգարեց: Նրա հատկանիշները մնացել էին իմ մեջ, բայց բնավ իմը չէին:

- Որո՞նք էին դրանք ու ինչպե՞ս կարողացաք ազատվել:

- Մակերեսայնությունը եւ ամեն ինչից դժգոհելու սովորությունը: Շատ երկար եմ աշխատել դրանցից ձերբազատվելու համար, ի վերջո ստացվեց: Եվ, իհարկե, 3-րդը Սահմիս է՝ աշխարհի ամենայուրօրինակ կերպարներից մեկը, որին փոխլրացրեց Միհրանը. առանց նրա անգույն կլիներ:

- Սահմին հայկական տոմարի 3-րդ ամիսն է եւ Հայկ Նահապետի դստեր անունը, հենց նրա երեխաների պատվին էլ անվանել են ամիսները: Ինչպե՞ս եք կատարել այդքան եզակի ու յուրահատուկ անվան ընտրությունը:

- Երբ դեռ գաղափարի ու սցենարի վրա էինք աշխատում, Անի Մաղաքյանին ասացի՝ շատ կուզեմ քարը կամ էլ հերոսուհին յուրօրինակ անուն ունենան՝ պատմական կամ հայկական: Շատ երկար այն չէինք գտնում, առաջարկներում ունեցել ենք Ֆեմիդա, Արտեմիս, ինչ ասեք, մինչեւ մի օր գիշերն Անին գրեց. «Քնա՞ծ ես, կլինի՞ զանգեմ»: Հասկացա, որ ոգեւորված է ու կարեւոր բան ունի ասելու. «Հերոսուհու անունը Սահմի կլինի»: Առաջին արձագանքս էր. «Ի՞նչ», մտածեցի, որ բոլորի համար էլ ընկալման տեսանկյունից բարդ կլինի, խնդրեցի ժամանակ տալ՝ մարսելու եւ սոցհարցում անելու համար, 3 օր ու գիշեր այդ հողի վրա գժվեցի, բոլորին անդադար ասում էի «Սիրելի Սահմի»: Անվան ընտրության հետ կապված երկար բախումներ ունեցանք, բայց ուրիշ սպառիչ տարբերակ չգտանք: Հասկացանք՝ ամենալավն է ու աշխարհի ամենագեղեցիկ անուններից մեկը:

Իննա Խոջամիրյանը


- Կարծում եմ՝ շուտով կսկսեն նաեւ փոքրիկներին այդպես անվանել:

- Սպասում եմ այն փոքրիկին, որն առաջին Սահմին կլինի: Մեծագույն ոգեւորություն է, որ հին հայկական անունները կարող ես վերականգնել:

- Իսկ ինչպե՞ս է առաջացել «Սիրելի Սահմի»-ի ու նրա միջոցով հայկական արժեքները ներկայացնելու գաղափարը:  

- «Հոթել Գրանդ»-ից հետո ինձ համար սկզբունքային էր ստեղծել լրիվ ուրիշ նախագիծ, բայց լողում էի գաղափարների մեջ եւ չգիտեի՝ ինչ անել: Միշտ է ոգեշնչում պետք, այդ ընթացքում երեւի հազարավոր ֆիլմեր եմ նայել, գրքեր կարդացել: Աշխատասենյակից դուրս չէի գալիս, որ ֆիլմը նայում էի՝ մտածում էի՝ հրաշալի է, կարելի է նման մի բան անել: Ու դրանք անընդհատ փոխվում էին, նույնիսկ՝ օրը 3 անգամ:

- Եվ նայեցիք «Քեյթը եւ Լեոն»:

- Այդ շրջանում նայում էի «Խավար» («Dark») սերիալը, իսկ Անին առաջարկեց «Քեյթն ու Լեոն»: Փաստորեն երկուսս էլ ֆենթըզի ժանրի շուրջ էինք մտածում, Անին վստահեցրեց հավատալ իրեն, քանի որ գիտի՝ ինչպես ու ինչ գրել: Աշխատանքը մի քիչ դժվար տրվեց, որովհետեւ այստեղ ֆենթըզիի տարրերը փորձարկելն, այնուամենայնիվ, համարձակ քայլ է: Չգիտեինք՝ ինչպես կընկալվի, ու նախագիծը հեռարձակելիս շանսերը 50-50 էին՝ կա՛մ կձախողեինք, կա՛մ հաջողության մեծ ալիք կգար, միջին լինել չէր կարող: Փառք Աստծո, ստացվեց, իսկ հայկականությունը ցույց տալն իմ երազանքն էր, որովհետեւ հին ֆիլմեր հիվանդագին շատ եմ սիրում: Չեմ ասի, թե ժամանակաշրջանն ամբողջովին ստացել ենք, հնարավորություն էլ չունեինք. արխիվներում շատ նյութեր չկային. հենվել ենք նրա վրա, որ հեքիաթ ենք ստեղծում ու մեր ձեւով ենք վերարտադրել: Մյուս անգամ ավելի մանրամասն կանենք:

- Ինչպե՞ս եք ստեղծել Սահմիի կերպարը. ընկերներիցս մեկը խնդրել է հարցնել, թե նրա բնավորության մեջ ի՞նչ կա հենց Ձեզնից:

- Սահմիին ձուլել եմ շատ-շատ դժվար. իմ ամենաբարդ կերպարներից է, որովհետեւ առաջին փորձս էր կանգնած լինել որեւէ գործի գլխին եւ նկարահանվել: Կամքի ուժ, համբերություն ու սառնասրտություն է պետք, եւ չստացվելու դեպքում ամենաշատը տուժելու էր Սահմին: Նա ամբողջությամբ սցենարիստի պատկերացրածն է, կերպարի ձեւավորման վրա մեծ ազդեցություն ունի նաեւ ռեժիսորը՝ Գոշը: 2-3 օր նկարահանելուց հետո միասին դիտում էինք կադրերն, ու նկատեցի՝ խուճապի մատնվելիս օգտագործում եմ իմ նախկին կերպարներին բնորոշ միմիկաներ: Դերասանի համար դժվար է կարճ ժամանակում խաղալ մի քանի կերպար ու չխառնել դրանք, անսահման տաղանդավոր պիտի լինես, ահռելի աշխատանք տանես դրանցից ձերբազատվելու համար: Գոշին ասացի, որ Ագապիից մնացած այդ որակները նկատելու դեպքում ինձ անպայման զգուշացնի: Սահմիին մարմնավորելու հարցում ինձ անչափ օգնել է նաեւ Սոսի վերաբերմունքը:




- Սոս Ջանիբեկյանին միանգամի՞ց էիք ընտրել Միհրանի կերպարի համար, թե՞ այլ տարբերակներ էլ կային:

- Միայն Սոսին ենք դիտարկել: Սկզբում նրա հետ նույնիսկ անհաշտ էինք ու համաձայնության չէինք գալիս: Սցենարը կարդալուց հետո հավանեց ու խոստովանեց, որ իր երբեւէ ունեցած ամենախաղարկային եւ հետաքրքիր կերպարներից է, բայց մտավախություն ունի, որ գուցե այն ճիշտ չստանանք, ու ծիծաղելի լինի: Մեր 3-րդ հանդիպումից առաջ դիրքորոշումս այսպիսին էր՝ կա՛մ Սոսը կնկարահանվի, կա՛մ այս նախագիծը չենք անի:

- Միհրանի գեղեցիկ հայերենի ու տղամարդուն հատուկ կարեւոր արժեքների միջոցով ցույց եք տվել այսօրվա իրականության հետ հակասությունը, թե ինչքան բան ենք կորցրել: Դուք այդ արժեքներից որո՞նք կուզեիք վերականգնել:  

- Կին-տղամարդ փոխհարաբերություններում դերերի փոփոխությունը: Տեսարաններից մեկը հենց նման ուղերձ ուներ, մեծ ուշադրության արժանացավ եւ բուռն աղմուկ առաջացրեց: Հիմա հասարակության մեջ լղոզված են կնոջ ու տղամարդու դերերը, հասկանում եմ, որ գերժամանակակից աշխարհում ենք ապրում ու ամեն ինչին կարողանում ենք բնորոշումներ տալ: Այս ծայրաստիճան ազատության մեջ ամենամեծ մտավախությունս տեսակը կորցնելն է:

Իննա Խոջամիրյանը


- Մա՞րդ տեսակը, թե՞ հայի ու դրանք ինչո՞վ են իրարից տարբերվում:

- Երկուսն էլ: Մարդը շատ ավելի գլոբալ է, իսկ հայը, ու դա ծակ հպարտություն չէ,  աշխարհի ամենատաղանդավոր, գենետիկորեն ամենաուժեղ հատկանիշները կրող ազգն է, եւ այդ որակները կորցնելը ամենամեծ քաոսն է ստեղծում կամ արդեն իսկ ստեղծել է: Եթե մեր տեսակը կորցնում ենք, մնացածն ինչի՞ պիտի չկորցնենք:

- Եթե ինքներդ քրոնոս ունենայիք, ո՞ր ժամանակաշրջանում կուզեիք հայտնվել:

- Ամենակարեւորը՝ քրոնոսն ինձ չպիտի թողնի ապագա ընկնել: Ամեն ինչ այնքան արագ տեմպերով է փոխվում, որ ոչ թե մեկ դարաշրջանի, այլ 4 տարվա ընթացքում ամեն ինչ կտրուկ ուրիշ կլինի: Մեր ծնողների սերնդի համար դժվար էր հարմարվել սոցիալական ցանցերին, իսկ մենք արդեն գործ ունենք արհեստական բանականության հետ, եթե դրան այսօր չտիրապետես, 6 ամիս հետո չես իմանա 10 անգամ ավելին:

- Բայց մի՞թե հնարավոր չէ այդ ամենից դուրս լինել ու հրաժարվել դրա մի մասը լինել: Ինչո՞ւ ենք թույլ տալիս մեզ այդ աստիճան կառավարել ու որոշել՝ ինչպես ապրել:

- Վերջերս ընկերներս հաճախ են ասում, որ սկսել եմ փիլիսոփայել (ծիծաղում է,-հեղ.), բայց իսկապես շատ եմ մտածում, նույնիսկ հոգնում եմ ու ուզում մի տեղ գտնել, որտեղ կազատվեմ այդ ամենից: Կարծում եմ՝ այն ամենն, ինչ աշխարհում շատ արագ տեմպերով կատարվում է, ցավոտ կերպով առնչվում է բոլորիս՝ մարդուն տանում է  դեպի միայնություն: Ունես տարբերակ ժամանակին համահունչ քայլել ու համակերպվել աշխարհում տեղի ունեցողի հետ, կամ հրաժարվել դրանից ու մեկուսանալ՝ տեսակդ պահելու համար, այդ դեպքում էլ ես մնում միայնակ: Բայց հոգեւոր մակարդակում իրար հետ կապ հաստատելու հարցում ոչ մի արհեստական բանականություն էլ չի կարող օգնել: Հոգեկան բավարարվածությունը մարդկանց համար ամենակարեւորն է, մանավանդ երբ անդադար ու ամեն օր փորձում են դա խարխլել:  

- Եվ վերջին հարցը «Սահմի»-ից, մեկնաբանություններում այսպիսի միտք կարդացի. «Սերիալի հոտը զգացի, անցյալի հոտը, կարծես փայտի, գրքի, փոշու եւ տերեւի հոտերի միախառնում լինի»: Ձեզ համար այն ի՞նչ բույր ունի:

- Ի՜նչ հետաքրքիր մեկնաբանություն (դեմքին գոհունակ ժպիտ է հայտնվում,-հեղ.): Օհ, Սահմին ինձ համար անձրեւից հետո քամու բույրն ունի: Գուցե, ծիծաղելի հնչի, բայց քամին ինձ համար ե՛ւ գույն, ե՛ւ հոտ ունի:

- Մենք ժամանակի միջով ճանապարհորդությունից խոսեցինք, բայց վերջերս հյուրախաղերից եք վերադարձել Միացյալ Նահանգներից: Ինչպիսի՞ն է աշխարհն օվկիանոսից այն կողմ:

- Դա էլ էր ժամանակի ճանապարհորդություն (ծիծաղում ենք,-հեղ.): Ճանաչողական ճամփորդություն էր, որն իմ մեջ արթնացրեց նորից երազելու կարողությունը: Այդ հարցում ինձ շատ են օգնել նաեւ ընկերներս՝ Անին, Մանեն, Գոռը, Լեւոնը, կարծես 5  հոգու երազանքներ ու միեւնույն ժամանակ էլ՝ հիասթափություններն իրար խառնվեցին: Հինգս էլ էմոցիոնալ պոռթկում ունեցանք՝ ամեն մեկս մեր եզրակացություններով:

Իննա Խոջամիրյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ինչի՞ մասին սկսեցիք նորից երազել:

- Օ՜, ամեն ինչի: Պատերազմը, կարելի է ասել, սպանել էր իմ բոլոր երազանքները: ԱՄՆ-ում կարելի է շատ բան սովորել, բայց ապրելու համար Հայաստանից լավ տեղ, իրոք, չկա: Ճամփորդել ոչ ոք չի արգելում:

- Ճանապարհը, սովորաբար, մարդկանց նորովի ճանաչելու հնարավորություն է: Ի՞նչ իմացաք Ձեր խաղընկերների մասին:

- Մեկնելուց առաջ մեզ զգուշացրել էին, որ նման երկար ճանապարհորդություններն 2 ելքով են ավարտվում՝ կա՛մ վերադառանում եք որպես լավ ընկերներ, կա՛մ «իրար միս ենք ուտում» ու էլ չեք շփվում: Առաջին օրը մեկնեցինք ես, Գոռն ու Անին՝ ամենացայտուն կոնֆլիկտային բնավորություն ունեցող մարդիկ, Լեւոնն ու Մանեն մեզ միացան 2 օր անց, նրանք մեր հավասարակշռությունն են պահում, ու ամեն ինչ շատ ավելի համերաշխ է դառնում: Կենցաղի բաժանում արեցինք, ու ամեն ինչ այնքան սահուն ստացվեց: Առաջին անգամ էի ապրում այլ մարդկանց հետ, ինչն ամեն առումով սթրես է, բայց այնքան կապվեցի բոլորի հետ, ու հիմա իմ հոգեւոր ընկերներն են: Ասել էի, որ խոհանոցից հեռու եմ, բայց մնացած ամեն ինչ կանեմ: Գոռը ֆանտաստիկ խոհարար է. նրա ձագուկներն էինք, Անին երբեմն մեզ մայրություն էր անում: Ես արթնանում էի ու տները փայլեցնում, հետո Գոռն էր միանում, իսկ Լեւոնն իր երիցուկ տեսակով մեջներս էր ընկնում, թռվռում ու տրամադրություն ապահովում (ծիծաղում ենք,-հեղ), աղջիկները հիմնականում նկարահանումների էին լինում: Ամեն մեկս մի գույն ունեիքն ու իրար երբեք չկրկնեցինք: Դեռ շատ եմ հիշելու այս ճամփորդությունը: Ամեն մեկից սովորեցի այն, ինչի կարիքն ունեի, ինքս էլ իմ հերթին փոխանցեցի:  

- Ի տարբերություն սերիալների, թատրոնն ավելի համեստ դերակատարում ունի Ձեր կյանքում, ինչպե՞ս եղավ, որ 2019-ին հայտնվեցիք Գյումրու բեմում:

- Այնքան անսպասելի եմ ստացել առաջարկն ու նույնիսկ չեմ հավատացել դրան: Առաջին անգամ Պատանի հանդիսատեսի թատրոնից են առաջարկել խաղալ «Գեղեցկուհին եւ հրեշը» ամանորյա ներկայացման մեջ, բայց նկարահանվում էի «Երկուսով» սերիալում, իսկ մենք շաբաթը 7 օր անվերջ ու անդադար աշխատում էինք: Շատ ծանր տարա մերժումը, որովհետեւ այդ առաջարկն այնքան կարեւոր էր ինձ համար:  

- Մինչ այդ թատրոնում հայտնվելու ցանկություն ունեցե՞լ էիք:

- Շատ էի ցանկանում, բայց այդ նպատակով տարբեր մարդկանց դիմելու ձեւերը չգիտեի: Թատրոնում խաղալու երազանքս անչափ մեծ էր, ու երբ տիեզերքին ուղերձ ես տալիս, այն վերադառնում է, առհասարակ, մտքի ուժը շատ զորեղ բան է: 2019-ի մայիսին Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը Մոսկվայում էր, իսկ ես 3 օրով այնտեղ էի, աշխատանք ունեի, ապա ազատ էի ու պետք է վերադառնայի: Համերգի տոմս գնեցի ու այնտեղ շատ ու շատ ծանոթների հանդիպեցի, որոնց թվում էր նաեւ Տիգրան Վիրաբյանը: Համերգից հետո էլ ճաշկերույթի մասնակցեցինք ու պարզվեց՝ նույն չվերթով ենք վերադառնում: Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր՝ այդքան մոտիկից շփվեցի Մանսուրյանի հետ. միասին 3 ժամ ինքնաթիռում էինք, խոսում էինք, ձեռքս էր բռնել: Երեխա էի, որի երջանկությունը հսկայական օդանավակայանի պատերի ներսում չէր տեղավորվում (ծիծաղում է,-հեղ): Չգիտեմ՝ արդյոք իմ փայլող աչքերն ու ոգեւորությունը դրդեցին Վիրաբյանին հարցնել. «Իսկ թատրոնում կուզե՞ս խաղալ», դրանից հետո ինքնաթիռն արդեն իմ թեւերով էր թռչում (ծիծաղում ենք,-հեղ): Հետո ինձ հանգստացրի՝ պրոդյուսերներն այդպիսին են՝ առաջարկ են անում ու ոգեւորում, ավելի լավ է մոռանալ այդ մասին, քանի որ դժվար իրականանա: Բայց 2 շաբաթ անց ինձ զանգահարեց Գյումրու թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ու առաջարկեց խաղալ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ:  

- Եվ ինչպե՞ս էր թատրոնում ուժերը փորձելու ու ամեն ինչ զրոյից սկսելու ընթացքը, քանի որ Դուք թատերական ինստիտուտում չեք սովորել ու այդ ամենին անծանոթ էիք:

- Ամենագեղեցիկ շրջանն էր (ծիծաղում է,-հեղ), հիմա եմ հասկանում՝ ինձ ըմբռնումով են վերաբերվել թատրոնում, որովհետեւ այնքան բոբիկ եմ մտել այնտեղ, առանց մասնագիտական կարողությունների, բեմը, իմ մարմինը, դահլիճն ու հանդիսատեսին ճանաչելու: Բոլորն այնքան համբերատար էին՝ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը, իմ խաղընկեր Արսեն Միքայելյանը. երկար ամիսներ աշխատել ենք միասին: Երբեք չեմ մոռանա, երբ առաջին անգամ պետք է սեղանի շուրջ ընթերցանություն ունենայինք, չգիտեի՝ այն ինչից է սկսվում (ծիծաղում ենք,-հեղ): Ամաչում էի որեւէ մեկին այդ մասին հարցնել, բայց մտածեցի՝ գրողը տանի, հավաքիր քեզ, եւ ամեն ինչ այնքան սահուն եղավ: Կարեւորն այն է, որ իմ դեմքից երբեք չեք հասկանա, թե ներքուստ որքան այլայլված եմ (ծիծաղում ենք,-հեղ): Թատրոնն իմ լավագույն ձեռքբերումներից է եւ կուզեմ ավելի շատ ներգրավված լինել:

- Պրեմիերան բուռն է ստացվել՝ Ձեր տարեդարձի օրն էր, բացի այդ էլ, ուշագնաց եք եղել:

- Երեւի, շատ վատ եմ խաղացել այդ օրը. որքան շատ ես բեմ բարձրանում, հասկանում ես, որ նույնիսկ մինչեւ 10-րդ անգամը ոչինչ չես անում: «Երկնագույն շան աչքերը» միստիկ ներկայացում է, փոքր բեմն էլ շատ յուրահատուկ է՝ հանդիսատեսի շունչը զգում ես: Լարվածությունից եմ ուշաթափվել, ծափահարությունները լղոզված եմ հիշում, շատ ոգեւորված էի ու մեկ էլ զգացի, որ թատրոնի լույսերն անջատվեցին, ինչից հետո ծանոթ կանացի ձայն կանչում էր. «Իննա, Իննա»: Երբ աչքերս բացեցի, բոլորով հավաքվել էին շուրջս, ամոթ էր, բացի այդ էլ, չգիտեի՝ ինչ եմ բաց թողել. արդյոք հանդիսատեսը տեսել է այդ ամենը: Կարեւորը հիմա մինչեւ ականջներս լայն ժպիտով եմ պատմում: Բայց դա ուշագնաց լինելու միակ դեպքը չէր, պարզապես հետո էլ նման աղմուկ չի բարձրացրել՝ ներկայացման ավարտին բուժքույրն արդեն ամոնիակի լուծույթով ինձ էր սպասում (ծիծաղում ենք,-հեղ): Արդեն մի քիչ հարմարվել եմ, Արշոն ինձ շատ է օգնում ու իրենից անվերջ սովորում եմ, մեր նախավերջին ներկայացումից հետո եկավ կուլիսներ, ինձ գրկեց ու ասաց. «Այսօր լավն էիր»: Ներկայացումը երեւի թե 30-րդ անգամ էինք խաղում, ու այդքան ժամանակ շարունակ պայքարել էի նման խոսքեր լսելու համար: Անգնահատելի էր իմանալ, որ առաջընթաց եմ գրանցել: Թատրոնն իմ տարերքն է, կինոն էլ, առհասարակ, այս ասպարեզը:

Իննա Խոջամիրյանը


- Պրոդյուսեր լինելն ինչպե՞ս է օգնում նորովի տեսնել դերասաններին ու նաեւ սովորել խաղալու համար:

- Պրոդյուսերներին շատ ավելի բարդ է ապրել (ծիծաղում է,-հեղ), պարտավոր ես անվերջ հաշվարկներ անել, եւ խոսքը ֆինանսականի մասին չէ: Պրոդյուսինգով զբաղվելուց հետո ուզում եմ շախմատ սովորել, որովհետեւ այս դաշտում բոլորը բոլորի հետ խաղում են: Պիտի իմանաս հնարավոր ռազմավարությունները, որ քեզ միանգամից շախ ու մատ չանեն: Պիտի մտածված գործես ու կարողանաս արագ մտածել, քանի որ խոսքը խոշոր խաղի մասին է: Պետք է կարողանալ անընդհատ ձեռքը պահել մարդկանց շփման զարկերակի վրա, ինչն անել երբեք չեմ կարողացել: Շատ բոհեմական եմ, կզանգեն, օրերով չեմ պատասխանի, հետո շատ կամաչեմ, լրիվ խատուտիկ եմ: Փորձում եմ արագ տեմպերով ամեն ինչ կարգավորել, հենց դրանից է գերհոգնածությունս: Երբեք մարդկային շփումներից, գործնական հարաբերություններից ու զանգերից այսքան կախվածություն չեմ ունեցել:

- Այդ դեպքում ե՞րբ եք հասցնում ապրել ու ժամանակ գտնել սրտի ուզածն անելու համար:

- Օ՜, վերջին 1,5 տարին չեմ արել, որոշել եմ վաղը զանգել իմ մշտական տուրիստական գործակալություն եւ հաջորդ օրն առաջին իսկ հարմար չվերթով մեկնել հանգստի: Շատ ժամանակ չունեմ էլ՝ ընդամենը 6 օրից ներկայացում ենք խաղալու: Չհանգստանալն իմ հոգեկան առողջության վրա շատ է անդրադարձել: Մի պահ թվաց՝ ԱՄՆ-ում հանգստանում եմ, բայց ամենեւին էլ այդպես չէր, որովհետեւ գործուղման ընթացքում ավելի մեծ պատասխանատվություն ես զգում ու էմոցիոնալ տեսանկյունից քամվում: Հավասարակշռությունը պահել ամենաշատն օգնում է ճամփորդելը, հանգստանալու համար ինձ շատ բաներ պետք չեն: Կարող եմ մեկ տարի անդադար աշխատել, բայց դրանից հետո գոնե մի տեղ պիտի տանեն ու ցույց տան, օրինակ, Միքելանջելոյի «Դավիթը», եւ լրիվ երջանիկ կլինեմ: Նոր էներգիա, միտք ու գաղափարներ վերցրած վերադառնում եմ:

- Զրույցներից մեկում նշել եք, եթե շատ եք աշխատում, ուրեմն՝ Ձեր կյանքում ամենաբարդ շրջանն է: Հիմա այդ առումով ինչ-որ բան փոխվե՞լ է:

- Այն ժամանակ ասածս ավելի դեդուկտիվ եզրակացություն էր ու վերագրել էի անձնական կյանքիս անհաջողությունները գործի մեջ թողնելուն: Այդ ժամանակ լրիվ ուրիշ մարդ եմ եղել, որը դեռ չգիտեր, թե պատերազմի պատճառով համազգային ինչպիսի դեպրեսիա է սպասվում բոլորիս: Դրանից հետո իսկական դատարկություն եկավ: Դեպրեսիան շատ դժվար է հաղթահարել, որովհետեւ ինքն է որոշում՝ ինչքան մնալ քո կողքին: Այն իր հետ բերում է մանկությունից սկսած ունեցած բոլոր տրավմաները, որոնց երբեք չես անդրադարձել, բայց որտեղ ծնկեցիր, ամբողջը հիշեցնում է: Դա ո՛չ մեկ ամսվա, ո՛չ էլ մեկ տարվա հարց չէ, կմնա այնքան, մինչեւ քո ունեցած առաջին իսկ խնդիրներից սկսած չհաղթահարես: Պետք է առերեսվես բոլոր խնդիրների հետ ու հատ առ հատ լուծես, չփախչես ու որեւէ բան կիսատ չթողնես:

- Ինքս էլ վերջերս եմ անցել այդ ամենով, հավատացեք՝ թեեւ դժվար, բայց կհաղթահարեք դեպրեսիան, դրանից դուրս կգաք ուժասպառ ու հոգնած, բայց Ձեզ նորովի վերագտած (լսում է արցունքակալած աչքերով,-հեղ.):

- Դեռ դանդաղ է ստացվում, բայց շարունակում եմ աշխատել ինքս ինձ վրա, կյանքիս վերաիմաստավորման փուլում եմ՝ ի՞նչ եմ արել, ո՞նց, ի՞նչ բարդույթներ ունեցել, ո՞ր մարդիկ են անդառնալի հետեւանք թողել իմ կյանքում, ինչո՞վ են օգնել կամ խանգարել, ի՞նչ եմ ես արել: Մեծ վերլուծության ու հենց այդ փիլիսոփայելու փուլն է, անընդհատ մտածում եմ՝ բախվում ինքս իմ ու իմ տեսակի հետ:

- Իսկ ինքներդ Ձեզ հետ հա՞շտ եք:

- Հիմա եմ սկսում աստիճանաբար հաշտ դառնալ, բայց վերջերս այդպես չէր, որովհետեւ դեպրեսիան ինքնին տեսակի կորուստն է:

- Լույսի կորուստն է, որը շարունակ փնտրում ես քո ու մյուսների մեջ:

- Անընդհատ թվում է՝ ուժերդ հիմա կհավաքես, բայց ավելի հոգնած ես լինում: Հիասթափվում ես քեզնից ու մնացածից, ամեն անգամ թվում է՝ ավելի խոր անդունդ լինել չի կարող, բայց պարզվում է՝ լինում է: Եթե իմանամ՝ սրա վերջը որտեղ է, մի քիչ հավասարակշռված կդառնամ: Բայց նաեւ ուրախ եմ, որ հիմա է եկել՝ ամեն ինչ ճիշտ ժամանակին է պատահում: Եթե տիեզերքը համարում է՝ պիտի անցնեմ այդ ամենի միջով, ուրեմն՝ կարիքն ունեմ եւ նախկինում ինչ-որ բան չեմ տեսել:  

- Իսկ հոգեբան լինելը օգնո՞ւմ է, թե՞ հակառակը՝ խառնում է բոլոր խաղաքարերը:

- Երբեմն խանգարում է, որովհետեւ բոլորին ու ամեն ինչը՝ աշխարհը, երեւույթները, մարդկանց սկսել եմ վերլուծել: Հոգեվերլուծությունն իմ տարերքն է, եւ շփվելիս միանգամից մարդկանց ընկալում եմ իրենց տրավմաների տեսանկյունից, ինչը մակերեսային շփման մեջ խանգարում է ու բնավ էլ դրա կարիքը չկա, բացի այդ էլ, մարդիկ են սկսում քեզնից վախենալ:

- Ձեր առաջին մասնագիտությամբ երբեւէ աշխատե՞լ եք:

- Միայն մի քանի ամիս, պարբերաբար ծրագրեր եմ վերցնում եւ թարմացնում գիտելիքներս, որովհետեւ այն ինձ շատ է հետաքրքրում ու կատակով ասում եմ՝ մեծանալու եմ, շոուբիզնեսը թողնեմ ու հոգեբան աշխատեմ: Այդ մասնագիտությունն ուղիղ համեմատական է վիրաբուժությանը՝ կապ չունի մարդուն գործիքներով ես վիրահատում, թե առանց դրանց: Կարեւոր է, թե որ կետին կպար ու որ նյարդաթելը կտրեցիր: Նման փորձառություն հոգեբանի հետ ունեցել եմ. մի թեթեւ սուր լանցետով այդ նյարդաթելը կտրեց, ու էլ չգնացի: Հիանալի մասնագետ էր, բայց իր ասածի տոնայնությունն ինձ այն չթվաց, որովհետեւ այդ պահին շատ փխրուն ու խոցելի էի:

Իննա Խոջամիրյանը


- Ինչպե՞ս է սերը փոխում մարդկանց ու ի՞նչ տալիս:

- Սերն ապրելու մոտիվացիա է տալիս, առանց նրա լրիվ դատարկություն է: Անընդհատ պետք է սիրել ու խոսքը տարբեր սիրո մասին է, բայց սերն այնքան են արժեզրկել, անձնավորել, պիտակավորել, սովորական մի բան դարձրել: Այն ամենավերացական ու գեղեցիկ երեւույթն է, իմ կարծիքով՝ սերը հենց հավատն է: Եթե հավատում ես քո կրոնին, այդ պարագայում սիրում ես, նույնը հայրենիքի ու ընտանիքի դեպքում է:  

- Բայց շատ կարեւոր է նաեւ սիրո առկայությունը կնոջ կյանքում: Այն սերը, որ պատկերացրել եք եւ ուզել, հիմա Ձեր կյանքում կա՞:

- Սիրո կարիք միշտ ունեմ, հակառակ դեպքում իմ ծաղիկը չի ծաղկի: Փոքրիկ Իննայի մեջ միշտ սեր կա, եւ չեմ կարող նրա ցանկությունները հաշվի չառնել: Դեպրեսիայի շրջանում հասկացա, որ առաջին հերթին պետք է իմ մեջ ապրող երեխայի ցանկությունները տեսնեմ, որոնք ժամանակին չեմ իրականացրել, բայց հիմա պարտավոր եմ: Իսկ այդ փոքրիկն ամենաշատն ուզում է, որ իրեն սիրեն, ու հավատա դրան, որովհետեւ իր մեծագույն խնդիրն է:

- Ինչի՞ց է առաջացել այդ թերահավատությունը:  

- Մեկ անգամվա բան չէ: Լավ ընկերներիցս մեկն ասում է. «Այդքան խելացի լինելով՝ չես կարողանում մարդկանց ճանաչել»: Միշտ ընկերների սխալ ընտրություններ եմ անում ու հիասթափվում:

- Արդյունքում շա՞տ մարդկանց եք կորցել:

- Շատ-շատ, անթիվ մարդկանց հետ եմ առնչվել ու հիմա ոչ մեկը չկա, մնացածներին 2 ձեռքիս վրա հազիվ կհաշվեմ: Փորձում եմ դիմացինին միշտ արդարացնել, բայց չեմ սիրում, երբ ինձ ցավեցնում են: Աշխարհը շատ ուրիշ բաների մասին է, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ պետք է ոչ միայն նոր երկրներ տեսնել, այլ նաեւ՝ մարդկանց: Թեկուզ իրար չեք էլ հասկանում՝ մեքսիկացի ու հայ եք, բայց հայացքներով վայրկյանների շփումը քեզ փոխում է: Պետք է շրջանառվել մարդկային նոր տեսակների հետ, որ փակ շղթայի մեջ չընկնես:

- Լոռին ի՞նչ դերակատարում ունի Ձեր կյանքում եւ ի՞նչն եք ամենաշատը հիշում:

- Օ՜, առաջինը, ինչ մտքիս եկավ, Տաշիրի առաքելական եկեղեցին է. 7 տարեկան էի, երբ այն կառուցվեց, մինչեւ այդ կաթոլիկ եկեղեցի էինք գնում: Այն մեր շենքի դիմացն էր, ընտանիքից եւ աշխարհից նեղանալիս փախչում էի այնտեղ: Հենց նկատում էի՝ մոմավաճառը դուրս եկավ, խորանի կողքով բարձրանում էի 2-րդ հարկ, որտեղի փոքրիկ սենյակում ժամերով լուռ մնում էի: Այնքան մեծ էր թվում, բայց վերջերս գնացի ու տեսա՝ անգամ շարժվելու տեղ չկա (ծիծաղում ենք,-հեղ.): Իմ ու եկեղեցու կապը շատ սերտ էր, այնտեղ առանձնանում էի, մինչ օրս ոչ մեկը չգիտեր այդ մասին:

Իննա Խոջամիրյանը


- Ինչպիսի՞ն եք, երբ գնում եք տուն, զգեստափոխվում եւ մաքրում շպարը:

- Մամաս ասում է. «Երանի դու ընտանիքում խոսեիր ու նույնքան բաց լինեիր, ինչքան դրսում ես»: Բայց աշխարհին բաց լինելը կաղապար է, ինքնապաշտպանական իմ մեխանիզմը, եւ երբ գալիս եմ տուն ու շպարս մաքրում, ամենաինտրովերտ մարդն եմ դառնում ու շատ հազվադեպ խոսում: Վերջերս օրվա մեծ մասն անցել է աշխատասենյակում կամ նկարահանման հրապարակում, տուն եմ հասել քնելու ժամին: Անգամ 3-4 օր մամայի հետ չենք հասցրել տեսնել իրար, բայց նա միշտ զգում է, թե հետս ինչ է կատարվում, քույրերիս հետ էլ նման կապ ունենք:

- Որտե՞ղ է Ձեզ համար ժամանակը դանդաղում եւ խաղաղություն եք վերագտնում:

- Բնության մեջ, ես բնության մասնիկ եմ բառի բուն իմաստով, հենց այս բնությունն ու տիեզերքն եմ, որ կամ: Շատ եմ սիրում ամեն մասնիկը, ինչը, համենայն դեպս, մարդուց ավելի մաքուր ու կատարյալ է: Բնությունն իմ մաքրագույն հանգստությունն է:

- Ինչ-որ բաներ միշտ կիսատ են մնում, Ձեր կյանքում հիմա ի՞նչ կա կիսատ:

- Խոսակցություններ ու կիսատ մնացած ասելիքներ կան, որոնք պետք է ավարտել,  համարձակություն եմ հավաքում:

- Ի՞նչ եք ուզում սովորել:

- Շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ անվերջ տանջվում էի, թե ի վերջո ուզում եմ պրոդյուսինգ սովորել, գնալ դերասանի վարպետության, թե ամեն ինչ մի կողմ դնել ու հոգեբանության ասպիրանտուրայում շարունակել ուսումս: Դեռեւս հակված եմ դերասանի մասնագիտությանը:

Իննա Խոջամիրյանը


- Ո՞ր պահին է գալիս ներդաշնակությունը:

- Միայն այն դեպքում, երբ քեզ հետ հաշտ ես:

- Վախեր, որ հաղթահարել եք:

- Շատ եմ փորձում հաղթահարել ավտովթարներից վախը, որը 1,5 տարի է՝ ունեմ, մնացածը մանր-մունր են:

- Ի՞նչ են թաքցնում սպիները:  

- (Երկար լռություն, ապա ժպիտ է հայտնվում դեմքին,-հեղ.): Պատմություններ, հույզեր:

-Ի՞նչ չես ասի բառերով:

- Հաճախ սկսել եմ բառերով ոչինչ չասել, վերջին շրջանում շատ փակ եմ: Մեծ հաշվով ամենագեղեցիկ բաները բառերով չես ասի:

- Վերջինն ի՞նչն է Ձեզ ոգեշնչել:

- Universal Studios-ը, էլի էի տեսել, բայց այս անգամ այնքան ոգեշնչված եմ դուրս եկել եւ ուրիշ աչքերով նայել:

- Ձեր կողմից լավագույն մաղթանքն աշխարհին:

- Այնքան ծեծված է, որ ասեմ՝ թող խաղաղություն լինի: Կմաղթեմ գիտակցում, շատ կուզեմ՝ ամեն մեկն իր հերթին գիտակցում ունենա, որ ինչ-որ բան կփոխի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին