×


Հեղինակային երգի ու մնջախաղի բարեգործական համերգը մարդկանց կմիավորի կարեւոր գաղափարի շուրջ

Ապրիլի 26-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա հեղինակային երգի եւ մնջախաղի բարեգործական համերգ:

Համերգաշարի պրոդյուսեր, երգահան Վախթանգ Հարությունյանը BRAVO.am-ին պատմել է, որ նմանատիպ միջոցառումներ ազատ ստեղծագործողների «Բարդերի» ակումբն անցկացնում է արդեն 14 տարի: Այս տարի որոշել են եռամսյակը մեկ բարեգործական համերգ կազմակերպել, եւ առաջինը տեղի է ունեցել հունվարի 26-ին:

«Այն նվիրված էր «Հուսո տուն» բարեգործական կենտրոնին, որը խոցելի խմբում հայտնված տատիկներին եւ պապիկներին ամենօրյա սննդով ու հոգատարությամբ է ապահովում: Ապրիլի 26-ի համերգը սոցիալական ուղղվածություն ունի, սակայն շահառուի անունն իր ցանկությամբ չենք բարձրաձայնում»,- ընդգծել է Հարությունյանը:

Վախթանգ Հարությունյանը


Երեկոյի ընթացքում ելույթ կունենան երգահաններ Արմինե Հայրապետյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, իսկ նրանց կատարումների ընդմիջումներին մնջախաղային հետաքրքիր համարներով հանդես կգա Համլետ Չոբանյանը:

Վախթանգ Հարությունյանը նշում է, որ համերգաշարի գլխավոր նպատակն է հանրությանը հնարավորություն տալ միավորվել տարբեր խնդիրների շուրջ. «Այն յուրահատուկ զարթուցիչ է, նպաստում է հանրօգուտ աշխատանքի մասնակիցը դառնալ ու միմյանց վարակել լավ գործերով՝ ներգրավելով երիտասարդներին ու տարբեր սերունդների ներկայացուցիչներին: Սրանք սոցիալական գիտակցության զարթոնքի փոքրիկ ակտեր են, որոնք թույլ են տալիս մեզ միասնական լինել»:
Հարությունյանի խոսքով՝ անհամբեր ժողովուրդ ենք ու սովորաբար միանգամից ենք արդյունք ակնկալում, սակայն երեխային դաստիարակելիս էլ նրան փոքր կաթիլներով են արժեքներ փոխանցում: Կարծում է, որ նույն համբերությամբ էլ հասարակությունը պիտի ինքնակրթության եւ ինքնամաքրման ճանապարհով անցնի. «Այս համերգները  նման առիթ են, եւ մարդիկ ոչ միայն իրենց գեղագիտական ճաշակն են բավարարում, այլ նաեւ՝ օգնում մյուսներին: Ամեն համերգից հետո դահլիճում նոր դեմքեր ենք նկատում, ինչը նշանակում է՝ դանդաղ ու փոքրիկ քայլերով առաջ ենք գնում եւ մարդկանց օգնում այդ համակեցության մեջ սիրել իրար»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին