×


Հռիփսիմե Խուրշուդյան. «Ամուսնուս խոստովանում եմ՝ ավելի լավ է 20 տոննա բարձրացնեմ, քան կենցաղային գործերով զբաղվեմ»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Եվրոպայի չեմպիոն, արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Շատ բաց մարդ եմ ու իմ մասին երբեք ոչինչ չեմ թաքցրել, բայց կան որոշ բաներ, որ շատերը չգիտեն։ Մարդիկ մտածում են՝ մարզիկները քաղցր ընդհանրապես չպիտի օգտագործեն, բայց ես առավոտից մինչեւ երեկո ուտում եմ: Ծանոթները զարմանում են, թե ինչպես չեմ գիրանում (ծիծաղում է,-հեղ.): Քաղցրի պահանջ շատ ունեմ եւ այն միշտ կա իմ կերակրացանկում։ Ընդհանրապես սեւ սուրճ չեմ խմում եւ ալկոհոլից եմ շատ հեռու:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Այվազովսկու գործերն եմ շատ հավանում, հատկապես՝ «9-րդ ալիքն» է ինձ գրավել ու տպավորել: Գրքերից շատ եմ սիրում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», իսկ ֆիլմերից՝ Պետերսենի «Տրոյա»-ն։ Առհասարակ, պատմական թեմաներն ինձ շատ են հետաքրքրում:

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։

- (Ծիծաղում է,-հեղ.), զվարճալին ԱԼՄ-ի եթերում կատարածս երգի հետ է կապված. այնքան են տեսանյութը ուղարկում, նայում եմ ինձ եւ ծիծաղից ուշքս գնում է։ Իսկ տարօրինակն այն է, որ հիմա սկսել եմ ավելի շատ հուզվել, անգամ երբ հետս բարձր ձայնով են խոսում, ազդվում եմ: Առաջ այդպիսին չէի, ինձ համար էլ է բացահայտում, որ էմոցիոնալ եմ դարձել։



- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում մարզիկի հետ։

- Օրինակ՝ ծանրամարտում կարող ես 0 ստանալ ու պայքարից դուրս մնալ, իսկ բռնցքամարտում՝ նոկաուտի ենթարկվել: Այս երկու իրավիճակներն էլ միայն մարզիկների հետ կարող են պատահել:  

- Մարզիկ լինելու առավելություն եւ թերություն:

- Առավելությունն այն է, որ հաղթանակիդ շնորհիվ կարողանում ես ամբողջ աշխարհում երկրի պատիվը բարձր պահել եւ հիմնը հնչեցնել։ Նման բան եզակիների է տրված, որոնց թվում են նաեւ մարզիկները: Իսկ թերություն կարող է համարվել այն, որ չեմպիոնության ու հայտնի դառնալու արդյունքում մարզիկը մեծամտանա եւ սկսի տառապել աստղային հիվանդությամբ:

- Ամենակարեւոր հաղթանակներն ու անհաջող ելույթները Ձեր կարիերայում:

- Անհաջողը 2011-ին Փարիզում Աշխարհի առաջնության ժամանակ էր, երբ ձեռքս կոտրեցի ու զրկվեցի մեդալից, իսկ ամենաստացվածը համարում եմ Լոնդոնի Օլիմպիական խաղերը: Թեեւ որակազրկվեցի, բայց այդ ելույթը բացառիկ էր, կարծում եմ՝ իմ հայ ազգի համար մնացել եմ օլիմպիական բրոնզե մեդալակիր։ Առանձնացող էր նաեւ այս տարի Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունն ու բրոնզե մեդալս. այնպիսի անբացատրելի ապրումներ ունեցա, որ հնարավոր չէ բառերով փոխանցել:

Հռիփսիմե Խուրշուդյանը


- Չեմպիոն դառնալու կամ մեդալ նվաճելու ամենասիրելի կողմերը:

- Այ, ամբողջ մարմինդ փշաքաղվում է, երբ երկրիդ հիմն ես կատարում ու քո պատվին բարձրանում է դրոշը: Ավելի հուզիչ եւ անմոռանալի պահ ոչ մի մարզիկի համար չկա, բոլորս էլ դրան ենք անհամբերությամբ սպասում:

- Ծանրորդների ամենամեծ վախերը:

- Վախենում եմ, որ հանկարծ մրցման շեմին վնասվածք չստանամ ու չկարողանամ բոլոր 6 մոտեցումներս օգտագործել: Սակայն ամենամեծ վախը 0 ստանալն է. ինձ հետ նման բան եղել է, ընդ որում՝ չեմպիոնության համար էի պայքարում: Պոկման 3 փորձս էլ անհաջող էին, հրմանն անգամ վախենում էի ձողին դիպչել, բայց մարզիչներն անդրդվելի էին ու ուղարկեցին վարժությունը կատարելու, առաջատար դարձա եւ փոքր ոսկե մեդալ նվաճեցի: Հետագայում այդ ամենն ինձ վրա լուրջ հետք թողեց, անգամ 20 կգ-ոց ծանրաձողից սարսափում էի։ Առաջին մոտեցման ժամանակ հարթակ բարձրանալիս Աստծուն խնդրում էի, որ հանկարծ 0 չստանամ:

- Ծանրամարտը՝ 3 բառով:

- Կյանք, դաստիարակություն եւ սեր։

- Սպորտը թողնելու եւ նորից վերադառնալու ընթացքում կատարած կարեւոր բացահայտումը:

- Նախ հասկացել եմ, որ առանց սպորտ կյանք չունեմ ու բացահայտել եմ այն մարդկանց, որոնք ոչ թե իսկապես են իմ կողքին եղել, այլ՝ փառքի համար: Նախանձ ու չկամեցող մարդկանց եմ տեսել իմ շուրջը:

Հռիփսիմե Խուրշուդյանը


- Ելույթ, որը կցանկանայիք նորից կրկնել ու ավարտել Ձեր ուզածով:

- Իմ Օլիմպիական խաղերն են. այդ էմոցիաներն ու ապրումները կուզեի նորից զգալ: Նման պահեր բոլոր մարզիկներին եմ ցանկանում։

- Հոգեվիճակներ, որ միայն խոշոր մրցաշարերի ժամանակ են լինում։

- Սթրես ես ապրում, սպասողական վիճակում լինում, հարթակ դուրս գալուց առաջ ճնշումդ է իջնում (ծիծաղում ենք,-հեղ.), ինձ հետ այդ ամենը պատահել է, այնպես որ, շատ լավ գիտեմ: Սրտիդ տեղն ես մոռանում, ամբողջ մարմինդ լարվում է։

- Ամենաազդեցիկ եւ սպորտում մեծ փոփոխություններ արած մարզիկները Ձեզ համար:

- Պրոֆեսիոնալ մարզիկներից միշտ էլ սովորելու բան կա, որովհետեւ գիտեմ, թե ինչքան տանջանքների, վնասվածքների ու ցավերի միջով են անցնում։ Սակայն կառանձնացնեմ օլիմպիական չեմպիոն ու ռեկորդակիր Ուսեյն Բոլտին, որին Լոնդոնում պատահական հանդիպել եմ: Մեր նիզականետորդ Քրիստինե Հարությունյանը մարզիչ չուներ եւ ինձ խնդրեց հետը ստադիոն գնալ, այնտեղ պատահաբար նկատեցի, թե ում կողքին եմ կանգնած: Երբ իմացա Բոլտի բոլոր նվաճումներն ու թե որքան մեծ մարզիկ է նա, անչափ հուզվեցի: Փաստորեն, կենդանի լեգենդի եմ տեսել, մի քիչ գլուխ գովեմ (ծիծաղում ենք,-հեղ.): Հիմա էլ հիշեցի այդ պահն ու նորից անկրկնելի ապրումներ ունեցա:

Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Լաշա Տալախաձեն


- Ծանրորդների դժվարությունների մասին, որ մարդիկ պատկերացում անգամ չունեն:

- Այնքան դժվարությունների միջով ենք անցնում, որ ոչ մեկը չի էլ կարող պատկերացնել, թե մեդալի հակառ կողմում ինչեր են թաքնված։ Ունենում ենք ամենաբարդ կոտրվածքներ ու ճողվածքներ, մկանաթելեր են պոկվում, քաշ ենք գցում եւ այդ ընթացքում հաց չենք ուտում: Այդքանից հետո շարունակում ենք պայքարել հարյուրավոր երկրների դեմ, որ մեր Հայաստանը պատվով ներկայացնենք եւ մեդալ նվաճենք:

- Թիմակիցներ, որոնցից սովորել եք կամ սովորում եք։

- Քանի որ Հայաստանում կանանց ծանրամարտի սկիզբն ինձնով է ազդարարվել եւ առաջինը ես եմ սկսել զբաղվել, հետեւաբար, հիմնականում մյուսներն են ինձնից օրինակ վերցրել: Բայց ես էլ անգամ ամենափոքր ծանրորդներից սովորում եմ այն լավ որակները, որոնք ինքս չունեմ: Հատկապես վերջին 2 տարվա ընթացքում եմ դա հասկացել, բայց նաեւ կրտսեր թիմակիցների հետ կիսվում եմ իմ գիտելիքներով: Մեր սերունդն էլ հաջողության հասնելու մեծ ձգտում է ունեցել, բայց երիտասարդ ծանրորդներն իրար մարզական նախանձով են վերաբերվում ու փորձում ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել, ինչը մեր դեպքում բացակայում էր: Մարզումների ժամանակ եմ նկատել՝ եթե իրենցից ավելի թեթեւ քաշային կարգում հանդես եկողն ավելի շատ է բարձրացնում, փորձում են գոնե 1 կգ-ով շրջանցել ու զերծ մնալ որեւէ տեսակի համեմատություններից: Սպորտում, միանշանակ, այդ ամենը շատ լավ է եւ օգնում է աճել: Հաճախ եմ աղջիկներին ասում. «Ո՞վ է այսօր հետս մրցում», ես էլ այդպես եմ իրենց մոտիվացնում։

Երիտասարդ ծանրորդ Էմմա Պողոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը


- Սպորտով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը։

- Բոլոր կողմերից նայելիս էլ նկատում ես, որ սպորտով զբաղվող մարդիկ նախ իրենք են գեղեցիկ ու հարգանքով են վերաբերվում բոլորին: Ամենասիրուն կողմերից մեկն էլ այն է, որ կարողանում ես հարգել դիմացինիդ որոշումն ու չմեծամտանալ, ընդունակ ես գլուխդ կախ լսել մարդկանց, անգամ եթե գիտես՝ սխալ են: Սպորտն է ինձ այդպես դաստիարակել, հետո իմ գործով եմ ապացուցում, որ սխալվում էին:

- Ինչպե՞ս է Ձեզ փոխել ու նորովի բացահայտել մայրությունը:

- (Ծիծաղում է,-հեղ.), ես էլ չգիտեմ: Ասես չեմ փոխվել ու նույնն եմ մնացել։ Երբ բալիկ ես ունենում, ավելի ուշադիր ես դառնում, պատրաստ ամեն գնով նրան պաշտպանել ու նեղացնողին պատռել, թեեւ նման որակներ չես ունեցել։ Բայց մինչեւ հիմա էլ ամուսնուս խոստովանում եմ, որ ավելի լավ է գնամ հավաքի եւ 20 տոննա բարձրացնեմ, քան մնամ տանն ու կենցաղային գործերով զբաղվեմ (ծիծաղում ենք,-հեղ.): Խենթանում եմ մարզումների համար, տանը վատանում եմ։ Ինչ կլինի՝ երեխաները մեծանան, նոր վերադառնամ (ծիծաղում ենք,-հեղ.): Շատ գեղեցիկ է, երբ երեխաներիդ մեծացնում ես, բայց 25 տարի շարունակ ծանրամարտն այնքան եմ սիրել ու խնամել, որ դրան եմ սովորել:

- Տղաների մայր լինելու առավելությունը:

- Այնքան եմ երիտասարդ մնալու, որ արդեն հասուն տղաներիս հետ գնամ զբոսնելու ու բոլորը զարմանան՝ ոչ թե նրանց ընկերուհին եմ, այլ մայրը: Ուրախանում եմ այդ մտքից ու ավելի շատ ցանկանում պահել երիտասարդական ավյունս (ծիծաղում ենք,-հեղ.):

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ որդիների հետ



- Երեխաներից սովորած կարեւոր հատկություններ։

- Չարաճճիություն. ամուսնուս հետ եմ այդպիսին դառնում: Դեռ չեմ հասցրել շատ բան տեսնել ու սովորել, քիչ եմ հետները ժամանակ անցկացրել: Նոր կլինի մեկ ամիս, որ անդադար միասին ենք: Ամեն ինչ առջեւում է, կտեսնեմ ու կսովորեմ:  

- Ձեր ամենամեծ հավատը, որի վրա կարող ենք հենվել:

- Ամուսինս է։

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- «Վայ, մեր Հռիփսիմե Խուրշուդյանը: Բա ինչո՞ւ հանեցիր մարզակոշիկներդ, մեզ այնքան հուզեցիր: Այդ ի՞նչ արեցիր, այ բալա» (ծիծաղում ենք,-հեղ.): Որտեղ էլ գնամ, այսպես են արձագանքում:  

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելուց եմ հրաժարվել, մի կողմ եմ դրել ու գնացել իմ սպորտի հետեւից։ Իսկ հիմա արդեն պետք է վերադառնամ ու բաց թողածը քաղեմ։

Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը


- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:

- Շատ եմ սիրում երաժշտական գործիքներ՝ սաքսոֆոն, կլառնետ, կուզեի նվագել իմանալ: Որդուս հարվածային գործիքներ նվագել սովորելու ենք տանում, ասում եմ. «Եթե մայրիկին սիրում ես, հանուն ինձ գնա», նա ծանրամարտ է սիրում, բայց երկուսը համատեղում է։ Տանը միշտ էլ երգում եմ ու քթիս տակ որեւէ բան մզմզացնում:

- 3 վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Սոֆիան է՝ այս Եվրոպայի առաջնությունը վերջինն էր լինելու ինձ համար. կա՛մ փառքով կավարտեի կարիերաս, կա՛մ էլ ձեռնունայն կվերադառնայի: Լոնդոնը, որի շնորհիվ փառք եւ անուն ձեռք բերեցի, իսկ 3-րդը Ավստրիայում էր. 2001-ին մասնակցեցի իմ առաջին մրցմանն ու այնտեղ էլ բրոնզե մեդալակիր դարձա: Բոլորն էլ անչափ հիշվող են ու շրջադարձային են դարձել իմ կարիերայում:  

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Եվրոպայի առաջնության հրման վերջին մոտեցումս էր, որը չափազանց էմոցիոնալ ստացվեց. հանեցի խաղակոշիկներս ու չկարողացա արցունքներս զսպել: Մեկ դրվագ էլ կառանձնացնեմ Օլիմպիական խաղերից: Կորեացի մարզուհին իր վերջին մոտեցումն էր կատարում, երբ նստած աղոթում էի, որ չբարձրացնի: Ու երբ մրցակիցը ձախողվեց, ուրախությունից վազեցի եւ ընկա ռուս մարզչի գիրկը, ինչից բոլորը զարմացել էին: Հաջորդ մրցումներին այդ մարզիչն իր դստերը բերել էր հետս ծանոթացնելու:  

2024-ի առաջնության հաջող մոտեցումից հետո


- Ի՞նչն է  հիմա Ձեզ պակասում:

- Ինձ թվում է՝ արդեն ամեն ինչ ունեմ՝ հանգստություն, սիրուն ընտանիք, հարգանք, փառք. ամեն ինչի հասել եմ իմ կյանքում:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Սկզբունքային մարդ եմ ու եթե մտքիս որեւէ բան եմ դնում, որքան էլ դժվար լինի, պիտի անեմ ու էլ չցանկանամ: Երբ ցեցն ընկնում է մարմինս, մինչեւ չանեմ, չեմ հանգստանա, դրա համար էլ ոչինչ չկա նշելու։ Ձեռքս կոտրելուց հետո վախենում էի նույնիսկ 7 կիլոգրամանոց ձողը բարձրացնել, բայց ինքս ինձ հույս էի տալիս ու ասում. «Եթե չփորձես, իմացիր, որ նախկինում ոչ մի մարզիկ էլ չես եղել», ինքս ինձ առաջ եմ տարել: Կամ այս Եվրոպայի առաջնությունից առաջ ոտքս այնպես էի ձգել, որ նույնիսկ գետնին դնել չէի կարողանում։ Վախն այնքան մեծ էր, բայց էլի կարողացել եմ ինձ ճիշտ տրամադրել. «Մտածիր, որ այդ ոտքը բնավ էլ քոնը չէ ու մեկ ոտքով բարձրացրու», եւ ամեն ինչ ստացվեց: Նաեւ դրա համար է այդ մեդալն այդքան կարեւոր ինձ համար:

Եվրոպայի առաջնության մեդալակիրները


- Ի՞նչ կուզեիք ասել փոքր Հռիփսիմեին եւ ինչպե՞ս կդիմեիք:

- Կասեմ շնորհակալ եմ, որ ինձ տարար ծանրամարտի։ Ինձ ընդհանրապես Փիսո էին ասում, բայց քանի որ միշտ մեդալով էի վերադառնում, անձնական մարզիչ Արման Ղազարյանը նշում էր. «Փիսոն փաղաքշական է ծանրորդի համար, դու իսկական կատու ես»: Մինչեւ հիմա էլ մեր հին աղջիկներն ինձ Կատու են դիմում:  

- Ի՞նչ կա 2024-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Առաջին տեղում Եվրոպայի առաջնությանը մասնակցությունն էր, որը հաջող ավարտեցի: Հիմա ընտանիքիս հետ եմ, բուժվում եմ վնասվածքից, ինչից հետո նորից կմտնեմ մարզադահլիճ եւ կմարզվեմ, բայց առաջին հերթին պիտի աշխատանք գտնեմ եւ սկսեմ ապրել բոլոր մարդկանց պես։ Հիմա նաեւ մարզիչ եմ, բայց ինձ այդ գործում չեմ գտնում, չեմ կարողանում կենտրոնանալ, քանի որ ուզում եմ սաներս միանգամից պրոֆսիոնալ դառնան ու արդյունքի հասնեն, իսկ նման բան սպորտում բացառվում է: Համբերատար պիտի լինես, իսկ ես այդպիսին չեմ, բայց ամեն դեպքում ուզում եմ հետագա կյանքս սպորտի հետ կապել, իսկ թե ինչ կարգավիճակում՝ ժամանակը ցույց կտա:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝  Մարկուս Կոչի, Էմին Արիստակեսյանի եւ անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW