×


Ուվոն վառոդը պատերազմի դաշտից տեղափոխել է արվեստի դաշտ

«Մեր ամեն օրն ինքն իրենով արվեստ է, որից դուրս չենք էլ կարող լինել, եւ մեզնից է կախված, թե որքան կարժեւորենք։ Ես փորձում եմ նորարարություններ եւ հետաքրքիր լուծումներ գտնել։ Իմ նպատակը մեկն է՝ դիպչել դիմացինի զգայարաններին, ինչ-որ բան վերապրեցնել, զարմացնել, ուրախացնել կամ հակառակը։ Հաճելի է, երբ դիտորդների կողքին կանգնած զգում ես էմոցիոնալ ալիքը, որը նրանք ստանում են քո ստեղծագործություններից»։

Ուվոն՝ Եպրաքսյա Քոչարյանը, այսպես սկսեց իր պատմությունը, իսկ հարցին, թե ինչու Ուվո, ասաց, որ իրեն երբեք իր անունով չեն դիմել․ այդպես է ստացվել։ Չի ծնվել արվեստագետների ընտանիքում ու ոչինչ չի իմացել «ակադեմիական նկարչությունից», պարզապես դպրոցն ավարտելիս որոշել է Գեղարվեստի ակադեմիա ընդունվել։


Պատմում է արվեստում ունեցած առաջին շոկի մասին. «Մերժեցին ակադեմիա ընդունել, քանի որ բավարար գիտելիքներ չունեի, բնորդ չէի նկարել, բայց խնդրեցի, որ հնարավորություն տան։ Ինձ ուղեկցում են լսարաններից մեկը, որպեսզի ցույց տան բնորդ նկարելու ընթացքը։ Ապշեցի՝ մերկ բնորդ ու միաժամանակ անտարբեր հայացքով նայող ու նկարող ուսանողների տեսնելով։ Վստահ նստեցի ու նկարեցի՝ սկսելով գլխից, մազերից։ Մինչեւ հիմա ուսանողական տարիների ընկերներս հիշում են այս դեպքը, որ մեծ թղթի վրա բնորդի մարմինը թողած, փոքր գլուխ նկարեցի»։

Հենց առաջին կուրսից էլ կարողանում էր «խառնվածք» ստանալ ու ցույց տալ նկարի միջոցով։ Հնարավոր է՝ նկարն անհամաչափ լիներ, բայց բնավորությունը տեղում էր։


Ոչ մի ոճ չէր հավանում սկզբում ու չէր էլ խորանում, թե ոճերից որն է լավ կամ վատ, մինչեւ որ երկրորդ կուրսում սկսում է դասավանդել Կարենը Բարսեղյանը. «Գյումրեցի նկարիչ է, ժամանակակից արվեստի ներկայացուցիչ եւ մեծ ներդրում ունի իմ ստեղծագործական կյանքում։ Կարենն ու իր նկարիչ ընկերները ոգեշնչում էին ինձ նկարել: Նրանց շնորհիվ նաեւ սկսեցի բարձրաձայն խոսել իմ ստեղծագործությունների մասին, ինչը շատ կարեւոր է արվեստում»։

Ուվոն առաջին ցուցահանդեսի ժամանակ նայում էր պատերին, նկարներին, բայց ոչ՝ մարդկանց. «Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում էր։ Շատ պատասխանատու օր էր, անկախ ինձնից լարվում էի, խոսելիս մատներս էի սեղմում: Բարեհաջող ավարտվեց ցուցահանդեսը, ու հիմա լարվելու փոխարեն հաճույք եմ ստանում իմ աշխատանքները ներկայացնելիս, մանավանդ փերֆորմանսներն ավելի հետաքրքիր են»:


Ցուցահանդեսից հետո Ուվոն չէր կարողանում նկարել ու փորձում էր ուրիշ ոլորտում գտնել իրեն, կտրվել էր արվեստից, բայց դեռ չգիտեր, որ իր «Անջնջելի» շարքը տպագրվել է «Ակտուալ արվեստ»-ի հերթական համարում. «Երբ թերթում էի էջերը, ամեն մեկում հայտնի արվեստագետների աշխատանքներ էին, իմ էջերը գտնելուց հետո հասկացա՝ սրանով իսկ վերջ է դրվում փնտրտուքներիս։ Նախկինում էլի էի փորձել ինձ ուրիշ ոլորտներում փնտրել, բայց միշտ արվեստի հետ կապված ինչ-որ բարի «խոչընդոտ» է եղել, որն ինձ վերադարձրել է։ Հիմա գիտեմ, որ իմը ստեղծագործելն է»։

Ուվոյի համար ամենասիրելին «Անջնջելի» շարքն է: Փերֆորմանսի ժամանակ վառոդ ու կրակ է օգտագործում. «Թեման ատոմային զենքերն ու պատերազմներն են: Աշխատանքները ներկայացվում են վառոդի այրմամբ՝ նպատակ ունենալով վառոդը պատերազմի դաշտից տեղափոխել արվեստի դաշտ․ չէ՞ որ երկուսի հիմքում էլ մարդկային գործոնն է: Ուղերձը՝ վառոդով արժե ոչ թե ոչնչացնել ու սպանել, այլ ստեղծագործել, ստեղծել ու ապրել»:


Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումների թեման է դարձել Ուվոյի՝ այս տեխնիկայով նկարելու սկիզբը. «Պայթյունից ամեն ինչ այրվել է՝ գետնին դրոշմելով միայն ստվերները: Տղամարդու այդպիսի մի ստվերի պատկեր է հիմա պահվում թանգարանում։ Սա իմ մտքում անընդհատ պտտվում էր, որովհետեւ այն թեման էր, որի շուրջ պետք էր խոսել ու նկարել»։

Սեփական մաշկի վրա պատերազմի հետեւանքները զգալուց հետո Ուվոն սկսեց խոսել իր արվեստի միջոցով։ Նրա աշխատանքներն այս ամիս ցուցադրվել են երեւանյան ԱրտԿվարտալում։

Տեքստը՝ Միլենա Սարգսյանի
Լուսանկարները՝ Ուվոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին