×


Թամարա Պետրոսյանին «Տարա՜ն, տարա՜ն»․ ամուսնության մասին ներկայացման պրեմիերան, հույզերն ու հյուրերը

Իրավիճակներ կյանքից, սեր, հարաբերություններ ոչ սովորական ընթացքով, հույզեր եւ հայրենիքի մասին մտորումներ. ապրիլի 11-ին «Բոհեմ» թատրոնում Թամարա Պետրոսյանի նոր՝ «Տարա՜ն, տարան» ներկայացման առաջնախաղն էր, որի ժամանակ էլ հանդիսատեսին ակնհայտ դարձավ՝ դերասանուհին եւ Տարոն Իսպիրյանն ամուսնացել են:

«Իմ նախորդ ներկայացման նման, այս մեկն էլ կենսագրական է։ «Տանը մնացի»-ի ժամանակ պատմում էի իմ կարգավիճակի մասին, իսկ հիմա՝ որ այն փոխվել է։ Անձնական կյանքը հանրայնացրել ենք, բայց նաեւ չենք բացել շատ փակագծեր, իսկ իրավիճակները, որոնք ներկայացրել ենք, վերցված են մեր կյանքից։ Տարոնն աչքի է անցկացրել սցենարը. նա ունի սցենարի հետ աշխատելու լավ ունակություններ, չասենք տաղանդ, որ անհամեստ չհնչի»,- լրագրողների հետ զրույցում խոստովանեց Թամարա Պետրոսյանը։


Ներկայացման բեմադրիչ-ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, իսկ պիեսի հեղինակը՝ Թելման Առաքելյանը։ Նրանց հետ դերասանուհին փորձել է կատակերգային եւ թեթեւ թվացող այս մոնոներկայացման ժամանակ արծարծել նաեւ լուրջ թեմաներ՝ Հայաստանի ներկայիս իրավիճակը, քաղաքական անհասկանալի զարգացումները եւ, իհարկե, Արցախի հայաթափումը։ Համեմատություններով, ներսից եկող պահանջների եւ անձնական կարոտի օրինակով Թամարան խոսում է հայրենիքի մասին․ «Արցախը բոլոր հայրերի նման սպասում է, որ իր երեխաները մի օր հետ են գալու»։


Դերասանուհին շեշտեց․ «Ես այն մարդը չեմ, որ այս թեման չներառվեր իմ մոնոյի մեջ, եւ դա միայն գեղարվեստական տեսանկյունից չէ։ Իմ «ես»-ի հետ կապ ունի. չէի կարող աչքերս փակել եւ ուղղակի իմ ներկայացումը խաղալ։ Այս ձեւաչափը թույլ է տալիս տարբեր անկյուններ մտնել, եւ մենք դա արեցինք»։


Սցենարի հեղինակի հետ Թամարա Պետրոսյանն աշխատում է արդեն 4-րդ ներկայացման շրջանակում։ Խոսելով համագործակցության մասին՝ Թելման Առաքելյանը նշեց․ «Սցենարը գրելիս դժվարություններ չեն եղել, քանի որ նրանց անձնական կյանքից հարկավոր էր գտնել այն ամենը, ինչը կվերաբերի շատերին։ Ես, Թամարան եւ Սեդրակն արդեն թիմ ենք դարձել եւ կես բառից հասկանում ենք իրար։ Իսկ Արցախի թեման, լինելով ամենասուրը եւ ամենանուրբը, հենց այդպես էլ փորձել ենք ներկայացնել։ Բոլորիս պարտականությունն է խոսել խնդրի մասին, դե, իսկ Թամարան ուղղակի չէր կարող չանդրադառնալ»։


Պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում, ներկա էին նաեւ դերասանուհու ընկերներն ու գործընկերները, որոնցից շատերին նա անդրադարձավ բեմից․ «Երբ գրում էինք պիեսը, մտածում էի՝ գուցե զգուշացնեմ իրենց, դե, ամեն դեպքում հումոր եմ անում իրենց մասին, բայց հետո որոշեցինք չասել։ Բոլոր հումորները նուրբ են եւ վատ ենթատեքստեր չունեն։ Նաեւ ծնողներիս մասին եմ խոսում, բայց նրանք այսօր չեն եկել եւ ավելի ուշ կդիտեն։ Շատ են անհանգստանում, երբ ես պրեմիերա եմ ունենում։ Իրենք էլ չգիտեն, որ իրենց մասին հատված կա»։


«Տարա՜ն, տարա՜ն» ներկայացման բեմանկարիչը Աղասի Մելքոնյանն է, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը, պաստառի հեղինակն Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձեւավորումն արել է Վահե Գրիգորյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին