×


Երեւանում անցկացվել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» համաժողովը

Որոնք են աշխատաշուկայում կանանց առաջխաղացման հիմնախնդիրները, ինչպիսին է նրանց ներգրավվածության իրավիճակը, պետական ռազմավարական ինչ մոտեցումներ կան գենդերային խզվածքը հաղթահարելու եւ տնտեսական հզորացման համար՝ այս եւ հարակից այլ թեմաներն էին քննարկման օրակարգում «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով մեծ համաժողովին։ Միջոցառումը նախաձեռնել էր «Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» (ԱԱՊՀ) ՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո եւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության հետ համագործակցությամբ։ Քննարկման կարեւոր դրվագներն առանձնացրել է BRAVO.am-ը։

ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարգարյանն ընդգծեց, որ միջոցառման նպատակն է համախմբել կառավարությանը, բիզնեսին եւ միջազգային զարգացման գործակալությունների խոշոր դերակատարներին՝ ներկայացնելու այն կարեւոր փոփոխությունները, որոնք կանայք բերել են կառավարման եւ բիզնես միջավայր, ինչպես նաեւ քննարկել մարտահրավերները, որոնք դեռ պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության եւ ներառվածության հասնելու համար:


Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատն անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է 2000 թվականից եւ ներկայացնում է 170 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու, լավագույն գործարար փորձը խթանելու եւ օրենքի գերակայությունը պաշտպանելու համար ԱԱՊՀ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ կառավարության հետ, միջազգային կազմակերպությունների ու գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առեւտրի պալատի եւ Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ:


Կոնֆերանսին ներկա էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւ Ստեփանյանը, որը, անդրադառնալով պետական քաղաքականության մեջ գենդերային խզվածքը հաղթահարելու մոտեցումներին, հայտնեց՝ Հայաստանն իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում շուտով պատրաստվում է հաստատել գենդերային  նոր ռազմավարությունը 2024-2025 թվականների համար։ Սա Կանանց նկատմամբ խտրականությունների բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից մեկն է՝ ի թիվս այլ պարտավորությունների։


«Այսօր մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, հնարավորություն կունենա ներգրավվելու այն ոլորտներում, որտեղ ինքը կուզենա»,- շեշտեց փոխնախարարը։

Համաժողովին ներկայացվեցին նաեւ անհատների ու տարբեր կազմակերպությունների հաջողության օրինակներ։ «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» արտաքին կապերի, գիտական ներգրավվածության եւ իննովացիաների գծով կառավարիչ Վիկտորյա Պողոսյանը հպարտությամբ նշեց, որ իրենց ընկերությունում աշխատակիցների 50 տոկոսից ավելին կանայք են. «Մենք ունենք հատուկ ծրագրեր, որոնց շնորհիվ հավասար պայմաններ ենք ստեղծում կանանց համար եւ խրախուսում ենք, որ երբեք կանգ չառնեն, առաջ գնան։ Մեր ընկերությունը միակն է  Հայաստանում, որը ստացել է «Հավասար վարձատրության» հավաստագիր միջազգային հեղինակավոր կառույցի կողմից, ինչը վկայում է այն մասին, որ մեր ընկերությունում կանայք ու տղամարդիկ աշխատում են հավասար վարձատրության պայմաններում։ Կարծում եմ՝ նմանատիպ հանդիպումներ, դիալոգներ, մեծ խմբով կլոր-սեղաններ, կոնֆերանսներ ինչքան շատ լինեն, ինչքան շատ ներգրավենք երիտասարդ սերնդին, այնքան կհաջողենք, ու մեր երիտասարդությունը կիմանա, որ վստահելի հենարան եւ լայն հնարավորություններ ունի»։


«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» աշխարհի առաջատար միջազգային ծխախոտային ընկերություններից մեկի՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի» դուստր ընկերությունն է, որն ակտիվորեն շարժվում է դեպի անծուխ ապագա: Հայաստանում 30 տարվա գործունեության ընթացքում ՖՄԱ-ն հարստացրել է հայկական բիզնես մշակույթը թափանցիկ բիզնես քաղաքականությամբ, ներառական եւ հավասարակշռված աշխատանքային միջավայրով եւ հայ հասարակության մարտահրավերներին արձագանքելու հաջողված փորձով:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին