×


«Իմ ճաքած բաժակները մարդու մասին են»․ Սվետ Ամատունի

Սվետը մեծացել է Սիբիրում, Հայաստան է տեղափոխվել 17 տարեկանում։ Ապրում է Օշական գյուղում։ Ուզում էր մոդելավորում սովորել համալսարանում, բայց ծնողների խորհրդով տնտեսագիտության ֆակուլտետ ընդունվեց։ Միշտ սիրել է տան եւ վերանորոգման հետ կապված ամեն ինչ ու որոշեց այդ ուղղվածությամբ շարունակել ուսումը Գեղարվեստի ակադեմիայում։

«Սկսեցի աշխատել որպես կահույքի մոդելավորող, բայց հասկանում էի, որ պրոդուկտի մոդելավորումն ինձ ավելի հոգեհարազատ է, ու շատ պատահական իմացա Թումոյում իրականացվող աշխատարանների մասին, որոնցից մեկը կավագործությանն էր վերաբերում»։

Սկզբում որպես նոր հմտություն ու գործիք էր ընկալում կավագործությունը, որը կարող էր օգնել իր գործում, բայց պատմում է՝ երբ առաջին անգամ սկսեց կավի հետ աշխատել, ու մանավանդ, որ գարուն էր, շրջապատում ամեն ինչ ավելի հանդարտ թվաց:


«Ինձ համար նորություն էր, որ կավի մեջ կարող էի հանգստություն գտնել: Առաջին տեսականիս պատրաստել եմ մեկ շաբաթում մի մարկետի համար, որին, ցավոք, չհասցրի մասնակցել։ Ստեղծեցի հավաքածուն, բայց չհասցրի թրծել։ Կավն ունի նման հատկանիշ. իր հետ չես կարող շտապել, ու այս հավաքածուն ինձ համար դարձավ ժամանակի խորհրդանիշ։ Կավի հետ աշխատելը պետք է միշտ ժամանակին լինի․ պիտի սպասես այնքան չորանա, որ կարողանաս քո ուզածն անել, բայց չես էլ կարող շատ ուշացնել, որովհետեւ այդ դեպքում այնքան չոր կլինի, որ չես կարող մանիպուլյացիաներ անել դրա հետ»։

Ամատունին ասում է՝ կավի հետ աշխատանքը մարդկանց հետ աշխատանքին է նման. երկուսին էլ պետք է լսել։ Իր բնավորությունն էլ է փոխվել. հիմա ավելի երկար է սպասում ու մտածում, մինչեւ հասկանա՝ արդյոք պատրաստ է որեւէ նոր քայլի: Ընկերները հաճախ են ասում, որ ամեն ինչ դանդաղ է անում, բայց կավագործը բացատրում է, որ այդպես ժամանակ է ունենում մտածելու համար։

«Ինձ ճանաչում են իմ բաժակներով: Ընկերներս էլ են ասում, որ ինչ անում եմ՝ կապված է մարդու, իր ինքնության հետ, ու իմ բաժակներն էլ, որոնք ճաքած են, ինձ համար մարդու մասին են, որովհետեւ մենք միշտ սովոր ենք մեկ կերպարով հանդես գալ, բայց մի մարդու մեջ շատ տեսակներ կան. մարդիկ տարբեր են, եւ դա շատ ամուր երեւույթ է, ասես՝ տարբեր կտորներ են, որ մի մեծ բանի շուրջ են միավորվել»։


Ցուցահանդեսը, որին չստացվեց մասնակցությունը, արդեն գրանցվել էր Ամատունին, ու պայմաններից մեկն այն էր, որ սոցիալական հարթակներում բացված էջ ունենար, որում ներկայացված կլինեին արվեստագետի կատարած աշխատանքները։ Առաջին պատվերները հենց այդ էջի միջոցով գրանցվեցին։

Աշխատանքի համար տարածք էր պետք կավագործին ու որոշեց իրենց տան նկուղային հարկում, որտեղ փոքրիկ, ազատ տարածք կար, սեղան դնել ու սկսել աշխատել։ Ուրախ է, որ այդպես ստացվեց, քանի որ այն էներգետիկ դաշտը, որը կա իրենց տանը, ուրիշ ոչ մի տարածքում չէր կարողանա գտնել։

«Անընդհատ հյուրեր ենք ունենում, որոնք հատուկ գալիս են մեր տուն, որովհետեւ այստեղ շատ հանգիստ է, նույնիսկ երեխաները երբեք չեն ուզում հեռանալ մեր տնից։ Ու հիմա իմ անցկացրած աշխատարաններն այնքան կավի մասին չեն, ինչքան՝ հանգստության։ Դրանք առօրյայից կտրվելու, հանգստանալու միջոց են, որովհետեւ դասերը առանց ժամային սահմանափակման են, կա հյուրասիրություն ու կա բակ, սրանք միշտ նախապես եմ նշում, որ այցելուները այնպես պլանավորեն իրենց գործերը, որ կարողանան ավելի երկար մնալ»։


Մասնակիցները երբեմն օտարերկրացիներ են լինում ու իրենք նախընտրում են ծանոթանալ գյուղի՝ Օշականի կյանքին, գյուղացիների ապրելակերպին։ Երբ Ամատունու ընտանիքի անդամները տանն են լինում, հյուրերը սկսում են նրանց հետ զրուցել, հարցեր տալ գյուղական կյանքի մասին։

Տան կոլորիտը ավելի ընդգծելու համար Ամատունին խնդրում է իր մայրիկին, որ ամռանը անցկացվելիք դասերի ժամանակ, երբ պատուհանները բաց են լինում, սկսի ինչ-որ բան թխել հյուրասիրության համար, ու ոչ թե նախապես, այլ դասին համընթաց, որ մասնակիցները թխվածքի բույրը զգան ու վայելեն արդեն ընդմիջման ժամանակ։

«Վախենում էի՝ կարող է խնդիր լինել, տուն ու աշխատանք խառնվելու են իրար, բայց կյանքիս այս փուլում միայն հօգուտ ինձ է աշխատում այս ամենը, որովհետեւ հաճախ, երբ կավը չորանում է, փոքրիկ աշխատանք եմ ունենում անելու եւ հանգիստ կարող եմ իջնել արհեստանոց ու ավարտել աշխատանքս։ Սա անհնարին կլիներ ստուդիայի՝ ուրիշ տեղում լինելու պարագայում»։

Ժամանակի ընթացքում փոխվել է նաեւ Ամատունու աշխատելու ընթացակարգը․ առաջ փորձում էր գծել իրը ու սարքել, բայց հաճախ չէր ստացվում։ Իսկ հիմա ինչքան էլ նախօրոք որոշի, թե ինչ է ուզում ստանալ, ընթացքում ձեռքի աշխատանքից ու տեխնիկայից վերջնարդյունքը կարող է ամբողջովին փոխվել։


«Որպես մասնագետ պետք է վստահենք մեզ ու չմտածենք՝ նախապես որոշվածը չկարողացա անել, որովհետեւ ընթացքից ստացվածը ավելի համահունչ ու գեղեցիկ է լինում, քան այն, ինչը նախապես որոշել էինք»։

Ինքն է տան պայմաններում ստանում այն գույները, որոնք օգտագործում է կավը ներկելիս, ու պարտադիր պայման է, որ աշխատանքն ավարտելիս գրկի այն, որովհետեւ այդպես ձեռքերի ֆորման պահպանվում է, օգտագործելն ավելի հարմար է ստացվում։

«Աշխատելիս ոչնչի մասին չեմ մտածում, չեմ խոսում ընթացքում, մնում է միայն իմ աուրան, իմ փորձը։ Հիմա չեմ օգտագործում դասական տեխնիկաներ, բայց ինձ հետաքրքիր է դասականը, որ դրա հիմքի վրա նոր բաներ հորինեմ. կավից ավելի հեշտ է զրոյից ինչ-որ բան ստանալը․ կավի հրաշքն է դա, որ դու չունես ոչինչ ու մեկ էլ ունես լիարժեք իր»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Միլենա Սարգսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին