×


Արսեն Սաֆարյան.«Եթե նման բան ասեինք, մեր ուսին մի լավ կտմտմբացնեին»

Արսեն Սաֆարյանն օրեր առաջ գործընկերների` Շուշան Պետրոսյանի, Հայկոյի, Էրիկի եւ մյուսների հետ եղել է Արցախում: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ առաջին անգամ է անդրադառնում այցին.«Նախ ասեմ, որ ընդհանրապես չեմ խոսել այս թեմայով, քանի որ խոսելու սիրտ չկար. բոլորս լարված եւ սպասողական վիճակում էինք: Մեր անելիքն էլ պետք է շատ թիկունքային լիներ, քանի որ գործողություններ անում են մեր զինվորներն ու սպաները, մեր բանակը: Չեմ սիրում վեր կենալ ու ակտիվ մի բան անել, որը լավ չեմ պատկերացնում»:


Արսեն Սաֆարյանը

Ծննդով արցախցի երգչի խոսքով` զանգ ստանալով «Արմենիա TV»-ից, սիրով համաձայնել է գործընկերների հետ իր զորակցությունը հայտնել այնտեղի բնակչությանը.«Մեր գործողություններն ազատ չէին, քանի որ իրավիճակը լարված էր, բայց կարողացանք ուղիղ եթերում լինել, զրուցել կամավորների ու ժողովրդի հետ: Փառք Աստծո, այնպիսի օրհասական իրավիճակ չէր, որ ասեինք` մեզ էլ զենք տվեք, գնում ենք կռիվ: Եվ հետո, եթե նման բան էլ ասեինք, մեր ուսին մի լավ կտմտմբացնեին ու կասեին` հանգիստ եղեք, մենք ամեն ինչ կարող ենք անել: Ամենքն իր գործով էր զբաղված, տեսանք շատ ուժեղ մարդկանց, ովքեր ամուր կանգնած են իրենց հողի վրա»:

Արսենը պատմել է իրենց հանդիպած սպաների ոգեւորության մասին.«Նրանք նշում էին, որ չեն ճանաչում իրենց դաստիարակած զինվորներին, իհարկե, լավ իմաստով: Ասում էին, որ նույնիսկ հայացքներն են այլ. ամեն մեկը կարծես առյուծի մի ձագ էր դարձել: Կարծում եմ` դա մեր գենոֆոնդից է, այդպիսին ենք մենք, չէ՞ որ ասում են` եթե վտանգ կա, ուրեմն այն բոլորինս է»:

Երգչի խոսքով `առաջիկայում կրկին կմեկնեն Արցախ.«Կարեւոր էր, որ Ստեփանակերտում երեխաները մեզ հետ նկարվում էին, ուրախանում մեզ տեսնելիս, կարծես նրանց կյանքում ոչինչ չէր փոխվել: Կարեւոր էր նաեւ այն, որ նրանք տեսան` մենք էլ ենք նրանց հետ մեր բոլորի քաղաքում: Ճանաչված լինելն այստեղ ոչ մի կապ չունի, որովհետեւ այսօրվա աստղերը մեր զինվորներն են, նրանք մի ամբողջ աստղաբույլ են»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին