×


D\'Black Blues Orchestra-ն համերգ կտա Հանրապետության հրապարակում

Վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում բլյուզ է հնչելու: Ժամը 18:00-ից Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակին նվիրված «The Anthology of Blues» շոուի պրեմիերայով հանդես կգա «D'Black Blues Orchestra»-ն: Ինչպես հայտնել է խմբի մենակատար Վլադիմիր Ավետիսյանը, համերգային ծրագրում ներառված են բլյուզի համաշխարհային ժառանգության առավել հայտնի ստեղծագործությունները:

Խումբը համերգ կտա Հանրապետության հրապարակում


Նվագախմբի հետ երեւանյան բեմում ելույթ կունենա ամերիկացի բլյուզ երգչուհի Մոնիկա Գրինը: «D'Black Blues Orchestra»-ի կազմում են երաժիշտներ Իսպանիայից, Ֆրանսիայից եւ Շվեդիայից: Հանդիսատեսին սպասվում են անակնկալներ բլյուզի ու դուդուկի միախառնման տեսքով, եւ ոչ միայն:

Թեմայի շուրջ այսօր հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էին խմբի ղեկավարը` երաժիշտ, գործարար եւ բարերար Վլադիմիր Ավետիսյանը, Ռոման Պետրոսյանը (հարվածային գործիքներ), Մարկ Սորտը (կիթառ) եւ Մաքսիմ Կոլչինը (սաքսոֆոն):

Վլադիմիր Ավետիսյանը նշել է, որ համերգային շոուն կլինի իրենց նվերը բոլոր երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին.«Հայաստան յուրաքանչյուր այց մեզ համար շատ կարեւոր է եւ ուրախալի: Այստեղ իսկապես հասկանում ու գնահատում են լավ երաժշտությունը, եւ հանդիսատեսն էլ մեզ միշտ ջերմորեն է ընդունում: Վաղվա համերգն առանձնահատուկ է լինելու. այս շոուին մենք շատ երկար ենք նախապատրաստվել եւ ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ տարի մեզ նորից սպասեն այստեղ: Իհարկե, համերգին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները»:

Ռոման Պետրոսյանը պատմել է, որ խմբի կազմում է հիմնադրման օրվանից.«Եվս մեկ հայկական անուն «D'Black Blues Orchestra»-ում:): Հենց սկզբից մենք սկսեցինք մեծ հաճույքով աշխատել միասին: Հասկացա, թե ինչ է նշանակում մեծ փորձ, որակ, լավ երաժշտություն: Մենք մեր խմբով Հայաստանում բազմիցս ելույթ ենք ունեցել. hանդես ենք եկել Երեւանում, Դիլիջանում, Արցախում: Այստեղ ես շատ ընկերներ ունեմ, ինչի համար շատ երջանիկ եմ»:

Մաքսիմ Կոլչինը եւ Վլադիմիր Ավետիսյանը


Վլադիմիր Ավետիսյանը, որը Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներից է, խոսելով իր հայկական արմատների մասին, նշել է, որ հայրական կողմը Կարսից է, ինքը ծնվել է Սամարա քաղաքում.«Ինչպես շատ հայկական ընտանիքներ, մեր ընտանիքը նույնպես ստիպված է եղել փախչել իր պատմական հայրենիքից ու հաստատվել օտար երկրներում: Մայրս ռուս է, ես ծնվել եմ Ռուսաստանում, կրթությունս ստացել եմ այնտեղ, հաճախել եմ երաժշտական դպրոց, կարճ ասած` ոչնչով չէի առանձնանում ցանկացած ռուս տղայից: Պապիկս, իհարկե, պահպանել է կապերն իմ հայկական արմատների հետ, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ: Ես հայերեն չգիտեմ, ընդ որում` հայրս էլ չգիտի: Միշտ ցանկացել եմ սովորել, բայց, ցավոք, չի ստացվել»:

Ի դեպ, վաղվա համերգին Վլադիմիր Ավետիսյանը ելույթ կունենա բլյուզի լեգենդ Էրիկ Կլեպտոնի կիթառով, որը Լոնդոնում նրան անձամբ նվիրել է լեգենդար երաժիշտը՝ ի նշան երախտիքի:

«Վաղը մեզ հետ բեմ կբարձրանան երեք հիանալի սեւամորթ աղջիկներ` բեք-վոկալիստները, ովքեր վաղուց մեզ հետ են աշխատում: Մենք դեռ հույս ունենք, որ Մոնիկան նույնպես մեզ կմիանա. նրա ընտանիքում շատ ծանր շրջան է այս պահին, բայց մենք դեռ չենք կորցնում հույսը, որ նա նույնպես ելույթ կունենա»,-հավելել է երաժիշտը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին