×


“D’Black Blues Orchestra”. “Հուսով ենք` հայ հանդիսատեսը կհավանի եւ կհիշի մեր ելույթը”

“D’Black Blues Orchestra” խմբի` հայաստանյան համերգների մասին արդեն պատմել ենք: Սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայանալիք անվճար բացօթյա համերգը այնտեղի միջազգային դպրոցի “ժամացույցի” գործարկման առիթով է, որը կխորհրդանշի մինչեւ բացումը մնացած մեկ տարին: Բենդի ղեկավար եւ մենակատար Վլադիմիր Ավետիսյանը, ով ռուսաստանցի հայտնի գործարար է եւ հանդիսանում է դպրոցի հիմնադիրներից, այսօր BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է “Claptomania” շոուի, իր նախասիրությունների, կիթառների եւ ծրագրերի մասին:):

“D’Black Blues Orchestra” խմբի ղեկավար եւ մենակատար Վլադիմիր Ավետիսյանը


-Ինչպե՞ս է մեկնաբանվում խմբի անվան “D’Black’’ հապավումը:

-Սա շատ մեծ գաղտնիք է, որ պատմում եմ միայն ամենամտերիմ ու հավատարիմ մարդկանց: 2000 թվականին կազմավորված խմբին միացել եմ 2008-ին: Ներկայացնեմ անվան բացատրության պաշտոնական տարբերակը. այն “Deep Black’’ արտահայտության հապավումն է, այսինք` իսկական սեւ: Հենց այս երկու բառն են դիպուկ բնութագրում մեր խմբի ներկայացրած երաժշտությունը: Բայց իրականում մեր խմբի նախկին վոկալիստ Դիմա Սեւի անունն է:):

-Կիթառների մեծ հավաքածու ունեք: Ե՞րբ եք սկսել հավաքել երաժշտական գործիքները: Եթե չեմ սխալվում, Ձեզ է պատկանում նաեւ Էրիկ Կլեպտոնի կիթառներից մեկը:

-Հավաքածուների հանդեպ կիրքս մանկուց է: Փոքր ժամանակ կոպեկներ, դրոշմանիշեր էի հավաքում, ժամանակի ընթացքում նախասիրություններս փոխվեցին: Երաժշտությամբ զբաղվում եմ վաղ հասակից եւ, այո, հավաքում եմ կիթառներ: Այսօր արդեն բազմազան ու հետաքրքիր հավաքածու ունեմ: Կիթառներիցս շատերը տարբեր տարիներին համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների են պատկանել, այդ թվում` Էրիկ Կլեպտոնին, Բի Բի Քինգին, Քեյթ Ռիչարդսին, Ջոն Մայերին եւ ուրիշների: Կան նաեւ հայտնի երաժիշտների ստորագրություններով կիթառներ: Ինքնըստինքյան այնպես ստացվեց, որ ռոքնռոլին վերաբերվող այլ պարագաների հավաքածու էլ ձեռք բերեցի: Որոշել եմ թանգարան բացել իմ ծննդավայր Սամարայում: Հերիք է միայնակ հիանամ դրանցով:):

“D’Black Blues Orchestra” խումբը համերգ կտա Դիլիջանում եւ Ստեփանակերտում


-Թանգարանի գաղափարը երազա՞նք է, թե՞ ամեն ինչ ավելի լուրջ է:):

-Նախատեսել էինք բացումն աշնանն իրականացնել, բայց տեխնիկական որոշ պատճառներով գարնանը կբացենք: Ներկայացված նմուշների միջոցով կպատմենք ռոքնռոլի արմատների մասին: Այս հարցում ինձ օգնում են նաեւ երիտասարդներ, ովքեր մեծ կրքով են վերաբերվում թանգարանի բացմանը: Այնտեղ կգործի հիմնական ցուցադրություն, պարբերաբար կներկայացնենք նաեւ այլ հավաքածուներ:

Իմ հավաքածուն ներառում է մի կիթառ, որի վրա Փոլ ՄաքՔարթնին պտուտակահանով “քերել” է իր ստորագրությունը: Պատմությունը հետեւյալն է. ԱՄՆ-ում ձայնագրությունների ժամանակ Փոլն իրեն նվագակցելու է հրավիրում բաս-կիթառահար Հոֆներին: Վերջինս էլ խնդրում է երաժշտին ստորագրել իր գործիքի վրա: Քանի որ մարկերով ստորագրությունը երկար չի պահպանվում,  Փոլի կինը` Լինդան, առաջարկել է այն փոխարինել պտուտակահանով: ՄաքՔարտնին հրաժարվել է փչացնել գործիքը, բայց բաս-կիթառահարը համառել է: Այս կիթառը եւս կցուցադրվի թանգարանում:

-Կհիշե՞ք համաշխարհային համբավ ունեցող երաժիշտներից որեւէ մեկի ամենացնցող համերգը, որին ներկա եք եղել:

-Դժվարանում եմ առանձնացնել: Մոտ 12 տարի առաջ “Լուժնիկի’’ ստադիոնում մասնակցել եմ “The Rolling Stones’’ խմբի համերգին: “Bridges to Babylon’’ շոուն էին ներկայացնում: Ցնցող էր: Իսկ վերջերս ներկա էի չորս տարին մեկ անցկացվող “Crossroads’’ երկօրյա փառատոնին, որի կազմակերպիչը Էրիկ Կլեպտոնն է: Բախտս բերել էլ, որ առաջին շարքում եմ նստած. հինգ մետր հեռավորությունից կարողացա վայելել հրաշալի երաժիշտների ելույթները:

“D’Black Blues Orchestra” խումբը համերգ կտա Դիլիջանում եւ Ստեփանակերտում


-Ի՞նչ  սպասի հանդիսատեսը “D’Black Blues Orchestra’’-ի հայաստանյան երկու համերգից:


-Մեր խումբը միավորել է երաժիշտների Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից եւ Իսպանիայից: Կատարումներն անգլերեն են: Հանդիսատեսին կներկայացվի եվրոպական մակարդակի ձայնային եւ լուսային “Claptomania” շոուն, որտեղ տարբեր ժանրերի համադրություն է օգտագործվում: Խոստանում եմ, որ կլինի վառ լուսավորություն, որակյալ հնչողություն եւ լավ շոու: Համերգին բլյուզ-ռոքային գործեր կհնչեն: Մենք անկեղծ ենք ու ազնիվ եւ հուսով ենք, որ հանդիսատեսը կհավանի եւ կհիշի մեր ելույթը:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ “D’Black Blues Orchestra’’ խմբի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW