×


Dorians-ը բարձր տրամադրությամբ վերադարձել է Երեւան

“Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանը ներկայացնող “Dorians”-ն այսօր լուսադեմին Շվեդիայից վերադարձել է Երեւան: “Զվարթնոց” օդանավակայանում հավաքված երաժիշտների հարազատները, ընկերներն ու երկրպագուներն իրենց սիրելի ռոք-խմբին դիմավորել են ծաղիկներով, ծափահարություններով եւ “Lonley Planet” երգի կենդանի կատարմամբ:):

Dorians-ը բարձր տրամադրությամբ վերադարձել է Երեւան


Գոռ Սուջյանը, Արման Փահլեւանյանը, Էդգար Սահակյանը, Գագասը եւ Արման Ջալալյանը ոչ պակաս բարձր տրամադրությամբ ու ջերմությամբ ողջունել են բոլորին, իսկ BRAVO.am-ի թղթակցի հետ զրույցում “Dorians”-ի մեներգիչն ասել է, որ երգի մրցույթից վերադարձել են կուտակած մեծ փորձով:

Dorians-ը բարձր տրամադրությամբ վերադարձել է Երեւան


“Ամեն ինչ շատ լավ անցավ: Շատ ուրախ ենք, որ անցանք այս ճանապարհը: Մարդիկ անկեղծ երաժշտություն էին կարոտել եւ մեզնից լսեցին այն: Ինչ ցանկանում էինք հասցնել հանդիսատեսին, հասցրեցինք”,- նշել է Գոռը: Նրա խոսքով` խմբի ցանկությունը մեծ էր ուրախացնել հայ ժողովրդին նաեւ մրցույթի եզրափակչում:

Dorians-ի մենեջեր Արա Թադեւոսյանը եւ "Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը


“Dorians”-ի մենեջեր Արա Թադեւոսյանն էլ հավելել է, որ տղաները շատ լավ ներկայացան՝  ցույց տալով, որ Հայաստանում կա որակյալ երաժշտություն.“Մինչեւ “Եվրատեսիլ” մեկնելը մենք նշել էինք, որ այս մրցույթին մասնակցելը խմբի համար ո՛չ գագաթնակետ է,  ո՛չ գերնպատակ: Սա խմբի պրոֆեսիոնալ կարիերայի կետերից մեկն է: “Dorians”-ն առավել ճանաչելի դարձավ եւ, վստահ եմ, այս ընթացքում ձեռք բերեց ոչ միայն նոր երկրպագուներ տարբեր երկրներում, այլեւ մի այնպիսի կապիտալ, որը պետք է զարգացնել եւ օգտագործել”:

"Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը


“Մալմյոյում անցկացրած 12 օրը մեծ փորձառություն էր մեզ համար: Հենց սկզբից արտասովոր վերաբերմունքի արժանացանք թե՛ տեղի հայերի, թե՛ կազմակերպիչների կողմից: Ամեն ինչ արվել էր, որպեսզի մեր շոուն հիանալի անցնի: Գոհ ենք ամեն ինչից, բացի արդյունքներից (ժպտում է-հեղ.): Բայց ամեն ինչ այնքան ակնհայտ կերպով դրսեւորվեց, որ անգամ չեմ ցանկանա մեկնաբանել”,-BRAVO.am-ին ասել է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նա նաեւ շեշտել է, թե ամենակարեւորն այն էր, որ “Dorians”-ը փայլուն ելույթ ունեցավ մրցույթի  ե՛ւ կիսաեզրափակչում, ե՛ւ եզրափակչում.“Բոլորը մեզ հիշեցին, միջազգային լրատվամիջոցներն անդրադարձան մեր ելույթին եւ ամենակարեւորը հենց դա է”:

Տեքստը` Եկատերինա Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին