×


Dorians-ը գնում է ռոքելու “Եվրատեսիլ”-ը

“Dorians”-ը  “Եվրատեսիլ” մեկնելուց առաջ այսօր պատասխանել է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում հավաքված լրագրողների հարցերին: Մամուլի ասուլիսին մասնակցել են Գոռ Սուջյանը, Գագասը, Արման Փահլեւանյանը, Էդգար Սահակյանը, Արման Ջալալյանը, ինչպես նաեւ խմբի մենեջեր Արա Թադեւոսյանն ու “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Dorians ռոք-խումբը


Արա Թադեւոսյանը տեղեկացրել է, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից օրեր առաջ` մայիսի 10-ին, “Dorians”-ը համերգով հանդես կգա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` “AmagerBio” ակումբում. “Համերգին որպես հատուկ հյուր մասնակցելու է նաեւ Ռուսաստանը “Եվրատեսիլ”-ում ներկայացնող Դինա Գարիպովան: Չի բացառվում, որ կլինեն նաեւ այլ երկրի ներկայացուցիչներ”:

Գոռ Սուջյանը եւ Գագասը


Խոսելով “Dorians”-ի եվրատեսիլյան ելույթի մասին` Գոհար Գասպարյանը նշել է, որ Շվեդիայում արդեն իսկ սկսվել են խմբի փորձերը.“Կարող է զարմանալի թվալ, բայց կազմակերպչական աշխատանքներն այնքան են զարգացել, որ կրկնօրինակող դերասանների մասնակցությամբ փորձեր են իրականացվում: Հենց երեկ մենք դիտել ենք  “Dorians”-ի առաջին փորձը ու պատկերացրեք` բավական լավ էր ստացվել, ցավոք, այդ տեսանյութը հրապարակելու իրավունք չունենք”:

Dorians-ի մենեջեր Արա Թադեւոսյանը եւ “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը


Խմբի մենեջերն էլ հավելել է, որ “Dorians”-ի ելույթի ընթացքում պարային շոու կամ բեմի հատուկ դեկորացիաներ չեն լինի.“Հասկանալի է, որ ռոք-խումբը, անգամ եթե մասնակցում է “Եվրատեսիլ”-ին, պետք է լինի որոշակի ոճի մեջ: Տղաների ելույթը կուղեկցվի հատուկ լուսային եւ այլ էֆեկտներով”:

Անդրադառնալով պրոմո-տուրի բացակայությանը` Գոհար Գասպարյանն ասել է, որ աշխարհում ճգնաժամային իրավիճակով պայմանավորված` մասնակից բոլոր երկրների դեպքում էլ շրջագայությունները քիչ են.“Փոխարենն ակտիվորեն զբաղվում ենք ինտերնետային “փրոմոուշնով””:

Dorians-ի երեւանյան մամուլի ասուլիսին


Արա Թադեւոսյանը, շարունակելով խոսել “Եվրատեսիլ”-ին մեր մասնակցության մասին, նշել է հետեւյալը.“Եթե կան արտիստներ, որոնց համար երգի այս մրցույթին մասնակցելն արդեն մեծ նվաճում է, “Dorians”-ի համար սա ստեղծագործական կյանքի փուլերից ընդամենը մեկն է: Անկախ արդյունքից, “Եվրատեսիլ”-ից հետո “Dorians”-ը շարունակելու է իր գործունեությունը, լինելու են նոր երգեր, նոր համագործակցություններ”:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում “Dorians”-ը հանդես կգա 11 համարի տակ եւ կներկայացնի “Lonely Planet” երգը:

Dorians ռոք-խմբի երեւանյան մամուլի ասուլիսին


“Lonely Planet”-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, “Black Sabbath” խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:

Ի դեպ, Թոնի Այոմին այսօր հարցազրույց է տվել Եվրատեսիլի պաշտոնական կայքին, որի հայերեն տարբերակը կարող եք կարդալ այստեղ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին