×


Elkony. “Shadowmatic”-ի երաժշտության ֆենոմենը

Հունվարին “Triada Studio” ընկերությունը, որը հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատարն է, App Store-ում թողարկեց Shadowmatic խաղը: Այն ոչ միայն հայտնվեց բոլոր երկրների App Store-ի Editor's Choice բաժնում, այլեւ Apple-ի կողմից ճանաչվեց որպես հունվարի լավագույն խաղ:  “Shadowmatic”-ի ստեղծման մասին Մեդիամաքսի նյութը կարող եք կարդալ այստեղ,  իսկ BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել խաղի երաժշտության հեղինակ Սերժ Մելքոնյանի հետ, ով էլեկտրոնային երաժշտության աշխարհում ավելի հայտնի է որպես Elkony:

Սերժ Մելքոնյանը(Elkony) (Լուսանկարը` Մարիա Մխիթարյանի)


Սերժ Մելքոնյան aka Elkony

2003 թվականին թողարկեցի առաջին ալբոմս: Հենց այդ ժամանակ էլ ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց բեմական անուն ընտրել եւ առաջարկեց կրճատել անուն-ազգանվանս տառերը: Այդ բառախաղի արդյունքում Սերժ Մելքոնյանը դարձավ Elkony:

Սիրելն ու զգալը` ստեղծագործելու նախապայման

Առաջին ալբոմս` “Touch Your Mind’’-ը, շահույթ ստանալու նպատակ չի հետապնդել. այն ընկերներիս համար էի գրել: Ավելի ճիշտ կլինի ասել` երաժշտության միջոցով նկարել էի ընկերներիս: Այդ ժամանակ մեր քաղաքում էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվողները քիչ էին: Ի դեպ, իմ պաշտոնական կայքից ալբոմի բոլոր թրեքերը կարելի է անվճար ներբեռնել: Ինձ համար ստեղծագործելն առաջնային է, իսկ գումարը մոտիվացնող չէ: Պատվերի դեպքում էլ գործը պետք է իմը լինի, պետք է զգամ եւ սիրեմ, այլապես չեմ կարող ստեղծագործել:

Սերժ Մելքոնյանը(Elkony) (Լուսանկարը` Ալինա Ալեքսանյանի)


Թատրոնից` երաժշտական աշխարհ

Մինչ էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվելը խումբ էինք հիմնադրել, որը կոչվում էր “Տիտան”: Բավական ծանր երաժշտություն էինք կատարում: Ես ստեղնաշարային գործիքներ նվագողն էի: Որոշ ժամանակ անց խումբն ինչ-ինչ պատճառներով ցրվեց. տարբեր ուղղություններով գնացինք։ Այդ ժամանակ Բրյուսովի անվան լեզվաբանական քոլեջի երրորդ կուրսի ուսանող էի, բայց զգում էի, որ ցանկանում եմ ստեղծագործական կյանքով ապրել։ Դասախոսիս հետ վեճը առիթ դարձավ Երեւանի թատերական ինստիտուտ ընդունվելու համար։ Հետագայում սկսեցի աշխատել թատրոնում. դերասանական կարիերաս բավական լավ զարգանում էր, սակայն թատրոնն այդ ժամանակ դժվար ժամանակներ էր ապրում: Ստիպված էի փոխել մասնագիտական գործունեությունս։ Բացի երաժշտությունից, էլ ոչնչով չէի կարող զբաղվել: Ընկերներիս խորհրդով գնեցի իմ առաջին համակարգիչը։ Այդ ժամանակ երաժշտական ծրագրերը շատ պարզունակ էին ու անկատար։ Բայց իմ պրպտող բնավորության շնորհիվ, ի վերջո կարողացա գտնել անհրաժեշտ լուծումները եւ թողարեկել իմ առաջին ձայներիզը։

Սերժ Մելքոնյանը(Elkony) (Լուսանկարը` Ալինա Ալեքսանյանի)


10 տարվա լռություն

Սկսեցի աշխատել որպես հնչունային ռեժիսոր “Vibrographus” ստուդիայում: Այս բավական լուրջ եւ բարդ մասնագիտությունը սովորելու համար որեւէ հաստատություն չունեինք. ինքնուս եմ: Այդ ժամանակից մինչ օրս բազմաթիվ, հիմնականում ռոք ոճում հանդես եկող խմբերի եւ արտիստների հետ եմ համագործակցում: Իմ մասնագիտական ծառայությունները բազմազան են՝ գործիքավորում, ձայնագրություն, պրոդյուսինգ, միքսինգ, մասթերինգ եւ այլն։ 2007 թվականից հանդիսանում եմ “Դոգմա” խմբի հնչունային ռեժիսորը, իսկ 2014-ից նաեւ ելույթ եմ ունենում խմբի ստեղծագործական կազմում` որպես ստեղնաշարային գործիքներ նվագող: Մոտ տասը տարի սեփական որեւէ նախագիծ չունեցա․․․

“Տրիադա” ստուդայի անդամներին վաղուց գիտեմ. բազմիցս համագործակցել ենք, լավ ընկեր ենք: Երբ “Shadowmatic” խաղի դիզայներ Արսեն Ավոյանը պատմեց, որ սկսում են աշխատել խաղի ստեղծման վրա եւ առաջարկեց հանդիպել թիմի անդամներ Բագրատ Դաբաղյանի եւ Արա Աղամայնի հետ մեր համագործակցության մանրամասները քաննարկելու համար, իսկույն համաձայնեցի, քանի որ նախագծի յուրօրինակությունը ենթադրում էր նոր եւ կոնցեպտուալ լուծումներ։ Սա ինձ համար հիասքանչ հնարավորություն էր սկսել կրկին ստեղծագործել ինձ համար բոլորվին նոր երաժշտական ոճում: Շատ շնորհակալ եմ  “Տրիադա”-ին, որ հենց ինձ վստահեցին խաղի երաժշտական մասը: Շնորհակալ եմ, որովհետեւ լռությունից տասը տարի անց կրկին ունեցա սեփական ստեղծագործություններ:

“Shadowmatic”-ի հանգստացնող երաժշտությունը

Նոր մի բան էր պետք: Սկսեցի լրջորեն ուսումնասիրել խաղային երաժշտության առանձնահատկությունները: Քանի որ խաղը մեդիտատիվ բնույթի է, երաժշտությունը պետք է հանգստացնի եւ տրամադրի գլուխկոտրուկի լուծմանը: Ուսումնասիրելով մարդկանց խառնվածքը եւ սրտի աշխատանքի ռիթմը`  կարողացա գտնել խաղի յուրքանչյուր սենյակին բնորոշ երաժշտական տեմպոռիթմը եւ հարմոնիկ լուծումները։ Խաղում կա 9 սենյակ եւ 70-ից ավելի փուլ` համապատասխան գլուխկոտրուկներով։ Յուրքանչյուր սենյակն ունի իր ինքնատիպ միջավայրը բնութագրող երաժշտական պատմությունը, “գույնն” ու տրամաբանությունը։ Ընդհանուր առմամբ հեղինակեցի 11 ստեղծագործություն:

Սերժ Մելքոնյանը(Elkony) (Լուսանկարը` Էդգար Նավասարդյանի)


“Shadowmatic”-ից առաջ եւ հետո


Մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել խաղի հետ կապված ցանկացած աշխատանքի։ Չէինք էլ ենթադրում, որ կարժանանք App Store-ի Editor's Choice եւ հունվար ամսվա “լավագույն խաղ” անվանակարգին։ Կարծում եմ` այս արձագանքները պատահական չեն եւ հանդիսանում են թիմային ներդաշնակ աշխատանքի արդյունք: Որպես կոմպոզիտոր ինձ շատ հաճելի է գիտակցել, որ բազմաթիվ մարդիկ այս խաղը խաղում են հենց իմ ստեղծած երաժշտության ներքո։ Արժեւորում եմ յուրքանչյուր արձագանք, իսկ դրական արձագանքները, իհարկե, շոյում են իմ իրականությունը, հատկապես, երբ կարդում եմ, որ օգտատերերն ու նրանց երեխաները քնում են այս երաժշտության ներքո։ Նման մեկնաբանություններից հետո ինձ համարում եմ հաջողակ եւ երջանիկ մարդ, իսկ աշխատանքս` կայացած։ Այս նախագիծը խթան հանդիսացավ, որ շարունակեմ ստեղծագործել: Արդեն աշխատում եմ մի նոր` ինտերակտիվ նախագծի վրա։ Հուսով եմ, որ մոտ ապագայում այն կենդանի հնչողությամբ կհնչի բեմից:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am
Լուսանկարները` elkony.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին